Գայլուկի կոները եւ գարեջուրը

26/05/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Humulus lupulus-գայլուկ սովորական, հմուլ, հումուլ։ Humulus անվանումն առաջացել է «հող» բառից, քանի որ գայլուկի ցողունը հենարան չլինելու դեպքում տարածվում է հողի վրայով, իսկ լատիներեն երկրորդ բառն առաջացել է lupus-գայլ բառից, քանի որ գայլուկի բույսը փաթաթվելով` խեղդում է այլ բույսերին։

Այն կանեփազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, երկտուն խոտաբույս է։ Տարածված է մոլորակի Հյուսիսային կիսագնդում։ Բույսը հնագույն ժամանակներից մշակվել է որպես սննդամթերք։ Գայլուկի պտուղներն օգտագործվել են հացի եւ գարեջրի արտադրության մեջ։ Գայլուկ ճապոնականը` մագլցող է, ոչ փաթաթվող, եւ չունի կոնաձեւ պտուղներ։ Japonicus տեսակի տերեւներով կերակրել են շերամի որդերին` մետաքսաթել ստանալու նպատակով։ Այդ պատճառով նախկինում բույսը դասվել է թթազգիների ընտանիքին։ Բույսի ցողուններից ստանում են ցածր որակի թուղթ եւ պարկացու կտոր։ Սննդի մեջ գայլուկի մատղաշ ցողունները կարող են փոխարինել ծնեբեկին։ Բույսը մեծ տարածում ունի Ռումինիայում եւ Բելգիայում, որտեղ օգտագործում են նաեւ տերեւները։

Գայլուկ սովորականը մաս է կազմում մի շարք դեղերի մեջ` Վալոկորդին, Վալոսեդան, Նովո-Պասսիտ, Սեդավիտ եւ այլն։ Ընդգրկվում է կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների մեջ։

Գայլուկ սովորականի ցողունը քառանիստ է կամ փշերով կառչող, հասնում է 6-7 մետր երկարության։ Տերեւներն ունեն հակադիր դասավորություն, երեք կամ հինգ մատնանի, թաթաձեւ, կտրատված սրտաձեւ հիմքով, խիստ անհարթ տերեւաթիթեղով։ Ծաղկում է ամռանը։ Ծաղիկները դեղնականաչավուն են: Արական ծաղիկներն ունեն 5 հավաքված առէջքներ, իգականները կարճակոթուն են` հավաքված առանձին խմբերով։ Իգական ծաղիկների հիմնային տերեւիկները` մեծանալով կազմում են մեկ միասնական կոն։ Կոնաձեւ պտղաբույլեր ստանալու նպատակով իգական բույսերն առանձնացվում են։ Կոները պատված են բազմաթիվ խեժ պարունակող դառնահամ գեղձերով։ Մի շարք երկրներ մշակում են գայլուկը արտահանման համար։ Բույսը խոնավասեր է, աճում է անտառներում, թփուտներում, ծովի մակերեւույթից ոչ ավելի, քան 1000 մ բարձրության վրա։ Սեղուները հավաքում են գայլուկի ծաղկափոշին։

Բույսի ցողունը եւ տերեւները կլանում են ծանր մետաղների իոնները։

Բույսն օգտակար նյութերի շտեմարան է, դրանց թիվը հասնում է 100-ի։ Կոները պարունակում են գլյուկոզիդներ, ալկալոիդներ, լուպուլին դառնանյութ, ուժեղ հակաօքսիդանտ հատկություն ունեցող անտոցիանիդներ, շաքար, օրգանական թթուներ (գումուլենի, քլորոգենի, վալերիանի, այլ) ֆիտոնցիդներ, լորձ, մոխիր, կալիում, երկաթ, կալցիում, մարգանեց, փոքր քանակությամբ մագնիում, պղինձ, ցինկ, մոլիբդեն, քրոմ, ալյումին, վանադիում, յոդ, բոր, սելեն, կումարին, խեժ, մեղվամոմ, ճարպայուղ, դաբաղանյութեր, մինչեւ 2 տոկոս եթերային յուղ, դեղին պիգմենտ, վիտամիններ C, B1, B6, PP, քոլին, ռուտին։ Սերմերը պարունակում են ճարպայուղ, տերեւներում կա մինչեւ 170 մգ (100 գրամի մեջ) ասկորբինաթթու։ Գարեջրի արտադրության ընթացքում օգտագործվում է բույսի մեջ պարունակվող քսանտոգումոլ ֆլավոնոիդը, որն ունի արտահայտված ֆիտոէստրոգեն հատկություն։ Որոշ հետազոտողներ նշում են, որ բույսը մշակող կանանց մոտ նկատվում են դաշտանի ցիկլի խանգարումներ։ Բույսից պատրաստված սնունդը եւ գարեջուրը նման ազդեցություն չունեն։ Բույսի բուժիչ հատկությունները եւ դրա պատրաստուկների օգնությամբ բուժվող հիվանդությունների թիվը շատ մեծ է։ Լուպուլինն ունի կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող ազդեցություն։ Ֆլավոնները, հորմոնները, ֆիտոնցիդները եւ վիտամինները բնորոշում են բույսի հակաբորբոքային, հակախոցային, ցավամոքիչ, մազանոթների պատերն ամրացնող հատկություններ։ Բույսի պատրաստուկները կարգավորում են օրգանիզմի ճարպերի, հանքային նյութերի եւ հեղուկների փոխանակումը։

Լեղապարկի բորբոքման (խոլեցիստիտ) դեպքում. Խառնեք սրոհունդի եւ օշինդրի խոտերը, դաղձ պղպեղայինի տերեւները, կատվախոտի արմատն եւ գայլուկի կոնը (3։2։2։2։1)։ Խառնուրդի մեկ դեսերտային գդալին ավելացրեք 400 մլ եռջուր, թրմեք 4-5 ժամ։ Քամեք։ Խմեք 200-ական մլ առավոտյան եւ երեկոյան։

Պսորիազի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ գայլուկի կոները եւ ծիծեռնախոտի տերեւները, 1 թ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 4-5 ժամ։ Քամեք, խմեք օրը 3 անգամ` 70-ական մլ։

Անքնության դեպքում. Խառնեք դաղձի տերեւները, ուրցի, խնկածաղկի, առյուծագու խոտերը, գայլուկի կոները (2։2։2։1։1), 1 ճ/գ-ին ավելացրեք 20 մլ եռջուր, թրմեք 3-4 ժամ տաք տեղում։ Քամեք։ Խմեք առավոտյան եւ երեկոյան` 70-100 մլ։

Արյունահոսող ցիստիտի դեպքում. Խառնեք 1թ/գ կծոխուրի ճյուղի կեղեւը եւ 1 ճ/գ գայլուկի կոնը, ավելացրեք 400 մլ եռջուր, թրմեք 4 ժամ ջերմապահի մեջ, խմեք օրվա ընթացքում, քամելով փոքր չափաբաժիններ (60-70 մգ)։

Կրծքահեղձուկի (ստենոկարդիա) ցավերի դեպքում. Խառնեք մեկական ճ/գ քաջվարդի արմատը, էխինացեայի խոտը, ալոճենու ծաղիկը եւ տերեւը, առյուծագու խոտը, մեկական թ/գ գայլուկի կոն եւ վաղենակի ծաղիկ։ Խառնուրդին ավելացրեք 500 մլ եռջուր, թրմեք մեկ ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

Գայլուկի կոներից ոգեթուրմ

Ապակե տարայի կեսը լցրեք կոներով, մնացած ծավալը լրացրեք օղիով, թրմեք 2 շաբաթ, քամեք։ Լուծեք 1 թ/գ ոգեթուրմը 50 մլ ջրի մեջ, խմեք օրը 2-3 անգամ, սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։ Այս միջոցն ամրացնում է սիրտ-անոթային համակարգը, խորհուրդ է տրվում նաեւ նյարդային գերհոգնածության, սրտամկանի թուլության, անքնության դեպքում։

Գայլուկի ջրային թուրմ

Թրմեք 2 թ/գ կոնը 200 մլ եռջրի մեջ 2 ժամ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ Ունի հանգստացնող հատկություն։

Յուղամզվածք

Ապակե տարայի մեջ լցրեք փոշիացրած կոներ, ավելացրեք վրան բուսական յուղ (գերադասելի է զեյթունի)։ Ծածկեք հումքը կափարիչով, դրեք արեւոտ տեղում։ Հինգ ժամից կրկին ավելացրեք յուղ (քանի որ գայլուկը կլանում է յուղը) այնպես, որ 5-6 սմ բարձր կանգնի հումքից։ Պահեք 2 շաբաթ, պարբերաբար թափահարեք։ Օգտագործեք արտաքին ձեւով։ Օգնում է տրոֆիկ խոցերի, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, ռադիկուլիտի, նյարդացավի դեպքում։

Օրգանիզմը մաքրող միջոց

1 ճ/գ մանրացրած գայլուկի կոնի վրա լցրեք 200 մլ եռջուր, տաքացրեք 15 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Հովանալուց հետո քամեք, նախնական ծավալը լրացրեք եռջրով։ Խմեք առավոտյան նախաճաշից 20 րոպե առաջ։ Ժամկետը` 2-5 օր։

Սրտային անբավարարության դեպքում. Խառնեք 100-ական գրամ սեւ հաղարջ, մասուր, մանրացրած գազար, 2 ճ/գ երկտուն եղինջի տերեւ։ Այս բոլորը թրմեք 4-6 ժամ` մեկ լիտր եռջրի մեջ։ Քամեք, խմեք օրը 4 անգամ 50 մլ, սնունդ ընդունելուց առաջ, խառնեք 2 ճ/գ գարեջուր։ Կարգավորում է սրտի ռիթմերը։

Զգուշացում

Գայլուկի պատրաստուկների պատրաստման եւ ընդունման չափաբաժինների խախտումը կարող է վնասել առողջությունը։

Գարեջուր

Ծաղկման սկզբում հավաքված ծաղկաբույլերը հնուց օգտագործվել են գարեջրի հեղուկ խմորիչ ստանալու համար։ Խմորիչը պարունակում է քրոմ, սելեն, ցինկ, B խմբի վիտամիններ եւ այլն։ Օգտակար է աչքերի համար, օգնում է դիսբակտերիոզի, հիպերտոնիայի դեպքում (չորացրած խմորիչի փոշին վաճառվում է դեղատներում եւ ունի համապատասխան դեղատոմսեր)։ Դաբաղանյութերը կանխարգելում են գարեջրի թթվելը, եթերային յուղերը հաղորդում են յուրահատուկ դառնահամ։

Մազերն ամրացնող միջոց

Փոշիացրեք մեկական ճ/գ կռատուկի արմատը, երկտուն եղինջի, ցախի սովորականի խոտերը, կեչու տերեւներն եւ գայլուկի կոները։ Խառնեք, ավելացրեք 10 մլ կռատուկի յուղ եւ 500 մլ մուգ գույնի գարեջուր։ Քամեք թանզիֆով, ներմերսեք մազարմատներին, թրջեք թուրմի մեջ սրբիչը եւ փաթաթեք դրանով մազերը, 15 րոպեից լվացեք մազերը օճառահեղուկով եւ ցայեք գոլ ջրով։

Հավելված

Լսողական նյարդի բորբոքման դեպքում. Ստացած բժշկական դեղորայքային բուժմանը զուգահեռ` խմեք 20 օր հետեւյալ թուրմը` խառնեք հավասար քանակությամբ մատուտակի, քաջվարդի, զարմանազանի (Polemonium coeruleum) արմատները, գայլուկի կոներն եւ անթառամի ծաղիկները։ Լավ խառնեք, առանձնացրած 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 4-6 ժամ։ Քամեք։ Խմեք կեսական բաժակ, օրը 3 անգամ, մինչեւ սնունդ ընդունելը։

Ռադիկուլիտի դեպքում. 10 գրամ գայլուկի կոներին ավելացրեք 200 մլ եռջուր։ Թրմեք 20-30 րոպե, քամեք, բայց կոները չնետեք։ Ընդունեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, իսկ խաշած կոները դրեք ցավոտ հատվածներին։