Սպորտի համար ճիշտ երկիր ենք

05/11/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ, սակայն, նրանց գործերն այնքան էլ լավ չէին. մաքուր ու կոկիկ հագնված երաժիշտները հանկարծ պարզեցին, որ իշխանությունները ոչ թե ճոպանուղիով էին բարձրանալու երրորդ կայան, այլ` մեքենաներով…

Հիասթափվեց նաեւ տարածքի մաքրությունն ապահովող տարեց մարդը, սակայն քիչ անց, երբ մի քանի զբոսաշրջիկներ մոտեցան ճոպանուղուն, երաժիշտների նվագի տակ իր ցախավելով սկսեց պարել` ինքն իրեն ու երաժիշտներին հուսադրելով, թե` «տղերք, ոչինչ, քեֆներդ մի կորցրեք»:

Նախապես ասվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձոր է գալու ժամը 13-ին, որից հետո անմիջապես կսկսվի հանդիսավոր բացումը:

Բայց մինչ այդ` ժամանակից շուտ արդեն այնտեղ էին մեկ տասնյակից ավելի պաշտոնյաներ ու սպասում էին նրա ժամանմանը: Իսկ նա եկավ, արագ քայլերով մոտեցավ բեմահարթակին, ու ճոպանուղու վերանորոգման աշխատանքները համակարգող Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը` ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Անանիա Շիրակացու մեդալի մասին» օրենքը, որոշել է ճոպանուղու շինարարներից մեկին պարգեւատրել Անանիա Շիրակացու մեդալով: Իսկ մեկ տասնյակից ավելի աշխատողների էլ Ռ. Քոչարյանը որպես պարգեւատրում ծրարներով հանձնեց 200.000-ական դրամ, մի քանիսին էլ` շնորհակալական պատվոգրեր: «Կարող ենք, օգտագործելով ճոպանուղին, բավական լուրջ ազդեցություն ունենալ նաեւ տնտեսական քաղաքականության վրա»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը` ավելացնելով, որ ճոպանուղին «այս ոլորտի վերջին խոսքն է»։ «Երբ այս մտահղացումը եղավ, որոշումը հենց դա էր. եթե անում ենք, պետք է անենք լավագույն տարբերակով։ Հիմա մենք ունենք ճոպանուղի, պետք է կարողանանք անել ամեն ինչ, որ Ծաղկաձորում, մոտակա գյուղերում ծառայությունները զարգանան»,- ասաց նա։

Երրորդ կայան բարձրանալիս երեւի Ռ. Քոչարյանը նկատել էր, որ Ծաղկաձորում հատուկենտ տեղերում են ծառեր մնացել, որովհետեւ նա բացի ծառայությունների ոլորտը զարգացնելու անհրաժեշտությունից, որը «տնտեսական քաղաքականության զարգացման» համար կարեւոր ատրիբուտ է, խոսեց նաեւ անտառապատման մասին: «Պետք է մտածենք ընդհանրապես այս տարածքի բնապահպանական հարցերի մասին։ Իշխան Զաքարյանի հետ խոսել ենք եւ շարունակելու ենք անտառապատման աշխատանքը։ Յուրաքանչյուր ծաղկաձորցի պետք է հասկանա, որ ամեն մի ծառը դա նաեւ տուրիզմի, Ծաղկաձորի ապագայի համար կարեւորագույն խնդիր է»։ Իսկ ինչ վերաբերում է ճոպանուղուն, Ռ. Քոչարյանը խոստացավ ամեն տարի «մի նոր բան ավելացնել այս կառույցին՝ բոլորին ապացուցելու համար, որ Հայաստանը ձմեռային տուրիզմի եւ սպորտի համար ճիշտ երկիրն է, որտեղ պետք է գալ»։

Խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր, գործարար, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ասաց, որ ճոպանուղին հնարավորություն է տալիս, որպեսզի ձմեռային սպորտաձեւերն ու զբոսաշրջությունը զարգանան: «Անցյալ տարի, երբ բացեցինք ճոպանուղու մի մասը, դա նկատելի էր: Մեզ մոտ ԱՊՀ-ից էլ մարզիկներ էին եկել, եւ բոլորիդ ասեմ, որ այդ մարզումներից հետո, երբ նրանք գնացին միջազգային մրցումների, երկու ոսկյա մեդալ շահեցին եւ շատ հավանել են Ծաղկաձորն ու մեր բազան»,- պատմեց Գ. Ծառուկյանն ու «սպորտաշխարհի կողմից» Ռ. Քոչարյանին ցանկացավ «երկար-երկար տարիների կյանք եւ առողջություն, որ միշտ մեզ հետ լինի»:

Իսկ հետո Ռոբերտ Քոչարյանը, սովորության համաձայն, կտրեց ճոպանուղու կարմիր ժապավենը: Հետո նստեց ու բարձրացավ: Այս անգամ պաշտոնյաներից նրա հետ բարձրացան միայն Մարգար Օհանյանը, Սերգո Երիցյանը, Իշխան Զաքարյանը, Արամ Հարությունյանը, Կովալենկո Շահգելդյանը… Իսկ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Գեւորգյանը, Գագիկ Բեգլարյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ մյուսները մնացին ներքեւում: