«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն համագործակցությանը, հայտարարել է, թե միջազգային հանրությունը Հայաստանում մի գործընթաց է իրականացնում, որը պատերազմի լուրջ վտանգ է պարունակում: «Մի տեղից է հրաման եկել, որ այլեւս ՀԱԿ-ն ու իշխանությունը չեն կռվում: Այսօր որոշակիորեն խոսվում է ՀԱԿ-իշխանություն թիմով կրկին «Միասնություն» դաշինք ստեղծելու հնարավորության մասին, ինչպես ժամանակին արվեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միավորմամբ»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Հայաստանում դեռ պարզ իմաստով երկխոսություն չկա, կան պայմաններ այդ երկխոսությունը սկսելու համար: Այսօր երկու կողմերի միջեւ կա երկխոսության իմիտացիա, որովհետեւ այն հարցը, որի շուրջ պետք է կայանա երկխոսությունը, կողմերը լրիվ հակառակ կարծիքներ ունեն: Խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, որը իշխանությունը բացառում է»: Ըստ Ա. Կարապետյանի` արտահերթ ընտրությունների հետ կապված միջազգային ճնշում նույնպես չկա. «Նրանք ցանկանում են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Հայաստանի իշխանությունները ԼՂ հարցում գնան որոշակի զիջումների, բացեն հայ-թուրքական սահմանը եւ ընդգրկվեն ՆԱՏՕ-ի հետ համընդգրկուն համագործակցության մեջ»,- ասել է Ա. Կարապետյանը: