Ի հեճուկս ոմանց ակնկալիքների` երեկ ԱԺ-ում չի քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած համաներման առաջարկությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ համաներման որոշման քննարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում: Իրականում` որպես հետաձգման պատճառ, ներկայացվում են Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք, սակայն, կարող էին կատարվել նաեւ ավելի արագ, քանի որ քննարկումներն անցել են գրեթե դատարկ դահլիճում: Տեսականորեն, իհարկե, քաղբանտարկյալները կարող են ազատ արձակվել նույնիսկ հինգշաբթի օրը, այդ մասին երեկ ասել է անգամ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Սակայն առայժմ ոչ մի երաշխիք չկա, որ այդ գործընթացը չի ձգձգվի։ Համենայնդեպս, նման եզրահանգման տեղիք է տալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա այն հայտարարությունը, թե համաներումը կիրառելու համար մինչեւ սեպտեմբերի 21-ը ժամանակ կա, քանի որ այն հայտարարվել է ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ: