Հանրապետության հրապարակում գտնվող շենքերից մեկը (որտեղ տեղակայված էր նախկին ՀԱՄԽ-ը), վաճառվել է Մոսկվայում գտնվող «Ararat Park Hyatt» բարձրակարգ հյուրանոցային համալիրի սեփականատերերին: Պարզվում է` վաճառքը տեղի է ունեցել դեռեւս 2008թ., սակայն կառուցապատման աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս: Հիշեցնենք, որ «Ararat Park Hyatt» հյուրանոցային համալիրը Մոսկվայի կենտրոնում ժամանակին կառուցվել էր մոսկվահայ գործարար, «Լուսինե» կոնցեռնի նախագահ, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի կողմից: Ի դեպ, նա հովանավորում էր նաեւ Մոսկվայում հայկական եկեղեցու շինարարության սկզբնական փուլը: Նրա մահվանից հետո հյուրանոցը պատկանում է Սարգսյան եղբայրներին, կառավարումը հիմնականում իրականացնում է Մ. Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը: Վերջինս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, մինչ պատգամավոր դառնալը` 2003-2007թթ., Վայոց Ձորի մարզպետն է եղել: Իհարկե, մոսկովյան «Ararat Park Hyatt»-ի շուրջ հետագայում խոսակցություններ շրջանառվեցին, որ հյուրանոցի բաժնետերը միայն Սարգսյան ընտանիքը չէ, այլ կան նաեւ այլ հայազգի բաժնետերեր: Ըստ մեր աղբյուրների` երեւանյան «Ararat Park Hyatt» հյուրանոցի բաժնետերերի շարքում եւս, բացի Սամվել Սարգսյանից, հայաստանցի որոշ քաղաքական-տնտեսական գործիչներ կան: Ինչեւէ, վերջերս Երեւանում էին հյուրանոցի շենքի կառուցապատման համար հրավիրված ճարտարապետներն ու դիզայներները: Նրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանի հետ քննարկել են հյուրանոցի կառուցապատման նախագիծը: Երեկ մեր թղթակիցը փորձեց շենքի վաճառքի հետ կապված լուրերը պարզել «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» (ՀԱՄԿ) արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության փոխնախագահ Խաչիկ Առաքելյանից: Ի դեպ, շենքի վաճառքից հետո Արհմիությունների գրասենյակներն, արդեն որքան ժամանակ է, տեղակայված են «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքում: Ըստ Խ. Առաքելյանի` Արհմիությունների շենքը վաճառվել է դեռեւս 2008թ.: Պատճառը ֆինանսական ծանր վիճակն է եղել։ «Շենքը վաճառել ենք այդ դժվարություններից դուրս գալու նպատակով: Արհմիությունը գոյատեւում է անդամավճարների շնորհիվ: Մեր վիճակի վատթարացումը սկսվել է դեռեւս 1993 թվականից: Պատկերացրեք, որ 1999 թվականից ստիպված ենք եղել վաճառել գույքը` որպեսզի կարողանանք գոյատեւել,- մեզ հետ զրույցում նշեց Խ. Առաքելյանը: Վերջինս, իհարկե, չնշեց, թե որքանով է շենքը վաճառվել, սակայն ավելացրեց. «Շենքը վաճառվել է կանոնադրությամբ սահմանված կարգով` կոլեգիալ որոշումով: Դա եղել է երեք կառույցների` ՀԱՄԿ-ի սեփականության տնօրինման, օգտագործման եւ օտարման հանձնաժողովի, ՀԱՄԿ-ի նախագահի եւ ՀԱՄԿ-ի խորհրդի կոլեգիալ որոշում: Վաճառքից ստացված գումարը մենք դրել ենք մի քանի բանկերում` տոկոսով: Եվ այդ տոկոսներով էլ այսօր գործում են Արհմիությունները: Ասեմ նաեւ, որ ամեն տարվա սկզբին նախահաշիվ է կազմվում, որը հաստատվում է նախագահի եւ խորհրդի կողմից: Միայն այդ հաստատումից հետո բանկից գումար է դուրս գրվում, որի ամեն մի դրամը վերահսկվում է ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի կողմից: Այդ հանձնաժողովը կազմված է ՀԱՄԿ-ի 24 անդամ կազմակերպությունների ներկայացուցիչ մեկական անձերից: Նրանց կողմից 6 ամիսը մեկ ստուգում է իրականացվում, որ ոչ մի լումա սխալ չծախսվի»: Ըստ Խ. Առաքելյանի` շենքը վաճառվել է «Գինեքար» կազմակերպությանը. «Գինեքարը» հայկական կազմակերպություն է: Գնորդը ներսից է»,- ասաց նա: Ի դեպ, «Գինեքար» ՍՊԸ (որի սեփականատերը Սամվել Սարգսյանն է) անունը տարիներ առաջ կապվում էր «Էրեբունի» հյուրանոցի սեփականաշնորհման հետ: Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այդ «Էրեբունի» հյուրանոցում (մասնավորապես` 2-րդ մասնաշենքում) էին տեղակայվել 1988թ. աղետալի երկրաշարժից հետո անտուն մնացած տասնյակ ընտանիքներ, ինչպես նաեւ` 1989 թ.-ից Բաքվից Հայաստան տեղափոխված բազմաթիվ փախստականներ: «Էրեբունի» հյուրանոցի շենքը գնող «Գինեքար» ընկերության եւ նրա սեփականատիրոջ մասին այն ժամանակ բարձրաձայնվեց, երբ հյուրանոցի տնօրինությունը փախստականներին եւ երկրաշարժից տուժած ընտանիքներին սկսեց տեղահանել հյուրանոցի տարածքից` չնչին գումարներ փոխհատուցելով նրանց: