Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրի պնդմամբ, «Արմավիա» ընկերության ներկայիս սեփականատերերը եւ նրանց բարձրաստիճան պաշտոնյա հովանավորներն այժմ լրջորեն մտածում են ավիաընկերության համար գնորդ ճարել։ Բանն այն է, որ նախկին սեփականատեր «Սիբիր» ավիաընկերությունից «Արմավիան» գնելուց հետո նոր սեփականատիրոջն այդպես էլ չի հաջողվում քիչ թե շատ բարելավել իրավիճակն ընկերությունում։ Ավելին, ընկերության մենեջմենթի եւ մարքեթինգի խնդիրները նույնիսկ էլ ավելի են խորանում՝ կապված նաեւ համապատասխան մակարդակի մասնագիտական կադրերի բացակայության հետ։ Բանն այն է, որ «Արմավիան» նոր սեփականատիրոջը փոխանցելուց հետո Հայաստանը լքեցին նաեւ «Սիբիր» ավիաընկերության անհամեմատ ավելի բարձր մասնագիտական կարգ ունեցող մենեջերները։ Արդյունքում նոր սեփականատերերը որոշ չափով նաեւ ստիպված են եղել ապավինել «Հայկական ավիաուղիներ» սնանկացած ընկերության (եւ դրանում նաեւ մեծ մեղք ունեցած) կադրերի վրա, որոնք այժմ էլ «Արմավիան» են աշխատեցնում նույն ոճով, որին սովոր են։ Դրանով են թերեւս պայմանավորված «Արմավիայի» գործունեության շուրջ պարբերաբար ծագող տհաճ պատմությունները եւ ուղեւորների բողոքները։ Հիշեցնենք, որ ավիաընկերությունը «Սիբիրից» նոր սեփականատիրոջն անցավ 2005թ. գարնանը: Ըստ մեր աղբյուրի՝ բավականին «նրբորեն» իրականացված մի կոմբինացիայի շնորհիվ։ Անցյալ տարվա վերջին Հայաստանի հարկային մարմինները «Արմավիային» ներկայացրել էին 7,5 միլիոն դոլարի վճարման պահանջ, իսկ ՀՀ բարձրաստիճան եւ ազդեցիկ պաշտոնյաները «Արմավիայի» հիմնական բաժնետեր «Սիբիր» ավիաընկերությանն առաջարկել են այդ հարկային պարտքերը չվճարելու դիմաց իրենց հանձնել «Սիբիրի» բաժնեմասը։
Վ. Ս.