Իշխանությունները ժամանա՞կ են ձգում

23/05/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համաներման մասին Սերժ Սարգսյանի առաջարկության ու Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովն օրվա վերջում դռնփակ նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց Ս.Սարգսյանի այս առաջարկությանը: Եվ սպասվում էր, որ երեկ` ԱԺ քառօրյա նիստերի առաջին օրն, այն արդեն կքննարկվի լիագումար նիստում: Սակայն երեկ նիստի սկզբում շատ անսպասելիորեն պարզ դարձավ, որ խորհրդարանը նախ պետք է շատ շուտ քննարկի եւ ընդունի Քրեական դատավարության օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որն ուղղակիորեն կապված է համաներման ակտի հետ: Երեկ այդ նախագիծը սրընթաց կերպով քննարկվեց եւ ընդունվեց ԱԺ-ում: Ս.Սարգսյանի ստորագրելուց եւ օրինագծի հրապարակումից հետո նոր խորհրդարանը կքննարկի համաներման մասին նախագահի առաջարկությունն ու ԱԺ որոշման նախագիծը: Իսկ այս օրինագիծն առաջարկում է քրդատօրի 35-րդ հոդվածը լրամշակել նոր պարբերությամբ այնպես, որ եթե առկա է գույքային վնաս, ու դա հատուցված կամ հարթված չէ, ապա այդ դեպքում համաներումը չտարածվի ոչ դատավարությունից հետո, ոչ էլ դրանից առաջ: Քրդատօրի 35-րդ հոդվածը սահմանում է քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, որոնց թվում նախատեսված է նաեւ համաներման ակտի կիրառումը: «Սա նշանակում է, որ այն դեպքում, երբ անձը կհատուցի հանցագործությամբ պատճառված վնասը կամ կհարթի, նոր միայն համաներումը կարող է կիրառվել: Գործող օրենքն այս մասով որեւէ բան չէր նախատեսում, իսկ այդ վեճի կարգավորումը տրվում էր համապատասխան համաներման ակտերով, բայց դա վերաբերում էր միայն ուժի մեջ մտած դատական ակտով նյութական վնասի հատուցման դեպքում: 2009թ. համաներման ակտով նախատեսված էր, որ եթե չէր հատուցվել, համաներում չի տարածվի»,- ասում է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը:

Իսկ ԱԺ-ում նշված օրինագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի խոսքերով` «օրինագիծը պայմանավորված է նրանով, որ նախկին համաներման կիրառման ժամանակ հակասություններ էր դրվել նախաքննական փուլում եղած օրենքի եւ արդեն իսկ դատապարտված անձանց վերաբերյալ: «Այս ուղղումը մտցնում ենք, որ մենք այլեւս այդպիսի պրոբլեմներ չունենանք»,- պարզաբանեց Մ.Սարգսյանը:

Այս օրինագիծը քննարկվել է Պետաիրավական հանձնաժողովի դռնփակ նիստում համաներման մասին Ս.Սարգսյանի առաջարկության հետ միասին: Տեղեկացնենք նաեւ, որ մինչ այս օրինագիծը, ԱԺ-ն քննարկում էր նաեւ օրենսդրական մեկ այլ փաթեթ, որը տարածվելու է մոտ 1200 դատապարտյալի վրա: Սա նախատեսում է մեղմել կամ խստացնել այդ 1200 դատապարտյալների պատիժը: Մ.Սարգսյանն այս օրինագիծը պայմանականորեն անվանեց «մինի համաներում»: Եվ երեկ դա ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ: Իսկ քրդատօրի 35-րդ հոդվածի փոփոխությունն առաջին ընթերցումից հետո ներառվեց այս «մինի համաներման» օրինագծի մեջ եւ նույնպես ընդունվեց ամբողջությամբ:

Երեկ ԱԺ-ում խոսում էին, որ այս օրինագծի հեղինակն իրականում Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դ.Հարությունյանն ու Կ.Նահապետյանն են, սակայն դա մատուցվեց որպես կառավարության առաջարկ: ԱԺ-ում կատակում էին Դ.Հարությունյանի հնարամտության վրա, թե իր նախագիծը վերագրեց կառավարությանը, որի ներկայացման համար էլ ԱԺ էր «բերման ենթարկվել» գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Իսկ վերը նշված 2 օրինագծերի դեպքում էլ քննարկում գրեթե չեղավ: Եվ ահա խորհրդարանական այս խուճուճ կոմբինացիան այնպիսի սրընթաց կերպով դասավորվեց, որ օրվա կեսին փաթեթը հասավ Ս.Սարգսյանի սեղանին: Մեր տեղեկություններով` նախագահը երեկոյան արդեն ստորագրել է այս փաթեթը, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի «Պաշտոնական տեղեկագրում»: Սակայն այդպես էլ հարցական մնաց, թե այնուամենայնիվ ինչո՞ւ էր այդքան անհրաժեշտ քրդատօրի 35-րդ հոդվածի այդ փոփոխությունը, որը կապվեց համաներման ակտի հետ: Հիշեցնենք, որ համաներման մասին քաղաքական որոշումը կայացվեց Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արա Հովհաննիսյանին եւ Շմավոն Գալստյանին վերջապես ազատ արձակելու պատճառով: Իսկ քաղբանտարկյալների դեպքում գույքային վնասի մասին խոսք լինել չի կարող, այսինքն` այդ օրինագծերը նրանց հետ կապ չունեն: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոռուպցիոն ռիսկեր տեսավ այդ նախաձեռնության մեջ: «Օրինակ, այն, որ մինչ դատական վարույթում հնարավոր է վնասի ծավալի փոփոխման կամ դրա վերացման հենքի վրա անձանց ներկայացնեն հնարավորություն համաներում կիրառելու հարցում»,- կարծում է պատգամավորը:

Ըստ որոշ տեղեկությունների` համաներումը կիրառվելու է մոտ 2000 դատապարտյալների նկատմամբ, որոնցից 450-500 հոգի ազատ կարձակվեն, մյուս մասի պատժաչափերը կկրճատվեն: Իսկ այդ «մինի համաներման» օրինագծի կիրառման արդյունքում արդեն բուն համաներման ակտով կարող են համեմատաբար ավելի շատ թվով դատապարտյալներ ազատ արձակել կամ պատժաչափը մեղմացնել:

Ինչեւէ: Այդքան սպասված համաներումը եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը կարծես թե իրականություն է դառնում, բայց բավականին դանդաղորեն: Հիշեցնենք, որ նրանց ազատ արձակումը ՀԱԿ-ի հիմնական պահանջն է եղել: Իսկ ապրիլի

28-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդները վստահություն հայտնեցին, որ մինչեւ հաջորդ հանրահավաքի օրը` մայիսի 31-ը, նրանք ազատության մեջ կլինեն: Վերջերս նույնիսկ հայտարարվեց, թե հանրահավաքի ժամանակ նախատեսվում են նաեւ Ն.Փաշինյանի ու Ս.Միքայելյանի ելույթները: Այսօր արդեն դժվար է վստահաբար ասել, թե քաղբանտարկյալները հաջորդ շաբաթ ազատ կարձակվե՞ն: Համաներման մասին ԱԺ որոշում կընդունվի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը: Դ.Հարությունյանի խոսքերով` տեսականորեն առաջին բանտարկյալները կարող են ազատության մեջ հայտնվել դրա հաջորդ օրը: Այսինքն` քաղբանտարկյալները կարող են ազատության մեջ լինել նույնիսկ այս շաբաթվա վերջին: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ համաներումը կիրառելու համար մինչեւ սեպտեմբերի 21-ը ժամանակ կա: Չէ՞ որ այն հայտարարվեց ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այսինքն` նորից հարց է մնում, քաղբանտարկյալները մինչեւ ամսվա վերջ ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ: Եվ դա կախված է միմիայն իշխանությունների քմահաճույքից: Բայց քանի որ իրականում համաներումը կիրառվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո ՀԱԿ-ի հետ երկխոսության գնալու նպատակով, ապա պետք է որ նրանց շուտ ազատ արձակեն: Սակայն իշխանությունները կարող են ընտրել նաեւ իրենց բնորոշ միջանկյալ տարբերակը, հրապարակել համաներման մասին որոշումը, որի մեջ արդեն ներառված կլինեն ընդդիմադիր գործիչներին մեղադրող հոդվածները, եւ ցույց տալ, որ այդ պահանջը կատարել են: Իսկ քաղբանտարկյալներին ազատեն ավելի ուշ, պատճառաբանելով, թե դա գործընթաց է, եւ պետք է լուծվեն ազատ արձակման հետ կապված տեխնիկական խնդիրները:

Ավելացնենք, որ այս համաներումը 9-րդը կլինի անկախ Հայաստանի պատմության մեջ: