«Ղարաբաղյան հարցի շուրջ այսօր լարվածությունը սրվում է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Մենք չենք ցանկանում, որ 2008թ. սցենարը կրկնվի տարածաշրջանում, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա: Մենք տեսանք, թե ինչ կորուստներ կրեց Հարավային Օսիան, եւ չենք ուզում, որ նույնը կրկնվի ԼՂ-ում: Սակայն այն, որ լարվածությունը մեծանում է, ակնհայտ է: Մենք տեսնում ենք կրակոցներ սահմանում եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններ: Դրանք հայտարարություններ են, որոնք ոչ մի քննադատության չեն արժանանում Արեւմուտքի կողմից: Արեւմուտքի հայտարարությունները հավասար պատասխանատվություն են դնում հակամարտող կողմերի վրա: Ստացվում է, որ ռազմատենչ հայտարարությունների հեղինակը Ադրբեջանն է, սակայն միջազգային պաշտոնյաները, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այն համատեքստում են կառուցում իրենց հայտարարությունները, թե կողմերը պետք է հանգստանան, կողմերը պետք է ռազմական հռետորաբանությունը նվազեցնեն: Չեն տարբերակում, թե ով է նախաձեռնող կողմը: Դա տխուր մտորումների տեղիք է տալիս»,- ասել է փորձագետը: Ըստ նրա` միջազգային հանրության կողմից այսօր պարարտ հող է ստեղծվում, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատասխանատվությունը կրեն երկու կողմերն էլ: «Այսինքն` փորձում են ասել` բոլորն են մեղավոր, ոչ թե ագրեսորը, այլ նաեւ` ագրեսիայի զոհը: Դա վտանգավոր է»,- հայտարարել է Մ. Ալեքսանդրովը, ում կարծիքով` այսօր Արեւմուտքի կողմից քայլեր են նախապատրաստվում, որպեսզի ԼՂ-ին հարկադրեն զիջումների գնալ: Դրա կիրառումն, ըստ փորձագետի, նաեւ դիվանագիտական ճնշում կլինի ՀՀ-ի վրա: «Այսօր Մինսկի խմբի կողմից դժվար է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, քանի որ ռուսաստանյան համանախագահը դա կարգելակի»,- ասել է նա: Ըստ նրա, այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրազյան ԱՄՆ նախագահի կողմից ուղարկվեց Ադրբեջանում դեսպան, նպատակ ունի արագացնել ԼՂ հիմնախնդրի լուծումը: «Մենք տեսնում ենք, որ ի դեմս Բրայզայի` ղարաբաղյան հարցով փորձագետ է ԱՄՆ-ի կողմից ուղարկվել Ադրբեջան: Իսկ ի՞նչ մենք ունենք ՀՀ-ում: Այստեղ մենք ունենք մեկ այլ մասնագետ, ոչ թե հիմնախնդրի լուծման, այլ նարնջագույն հեղափոխությունների կազմակերպման»,- ասել է նա` հիշեցնելով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի այն մտքերը, թե «եկել է սարեր շրջելու ժամանակը, քանի որ որոշ երկրներում ղեկավարները շատ ամուր են նստած իրենց աթոռներին»: «Դա ՀՀ-ում քաղաքական իշխանության փոփոխության ուղղակի կոչ է, որի միջոցով ԼՂ հարցում նաեւ զիջումներ կկորզվեն: ՀՀ-ում այսօր ՀԱԿ-ի շուրջ խմբված են մի խումբ մարդիկ, ովքեր պատրաստ են ԼՂ հարցով զիջումների գնալ: ԱՄՆ-ի կողմից ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ կիրառվող քաղաքական ճնշումները` ընդդիմության հանրահավաքները սատարելու տեսքով, ցույց են տալիս, որ իշխանությանը պարտադրում են ԼՂՀ հարցում զիջումների ճանապարհով գնալ»,- ասել է սույն փորձագետը: