Երեւանի նոր գլխավոր ճարտարապետ է նշանակվել Նարեկ Սարգսյանը: Նրան երեկ` մայիսի 23-ին, Քաղաքապետարանում ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր նախկին գլխավոր ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը, ով այդ պաշտոնում էր նշանակվել 2011թ. հունվարի 21-ին: Նաեւ հիշեցնենք, որ Միքայել Հասրաթյանը, ում թեկնածությունը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում առաջարկել էր Հայաստանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության նախկին փոխնախարար Նարեկ Սարգսյանը, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Գրիգոր Հասրաթյանի թոռն է` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի որդին, ինչպես նաեւ` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի փեսա Միքայել Մինասյանի մորեղբոր որդին է: Մ. Հասրաթյանի` պաշտոնից ազատվելու կապակցությամբ երեկ քաղաքապետ Կ. Կարապետյանն ասել է. «Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»: Ըստ որոշ լրատվամիջոցներում եղած մեկնաբանությունների, ինչպես նաեւ` ըստ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի` Մ. Հասրաթյանի հրաժարականի պատճառ էր հանդիսացել ՀՀ կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված ճարտարապետների տեսակետների միջեւ խորը անհամաձայնությունը: Ավելին, Մ. Մինասյանը հրաժարականի պատճառը մեկնաբանել էր երիտասարդ ճարտարապետ Մ. Հասրաթյանի սկզբունքայնությամբ: «Ես ճանաչում եմ Միքայել Հասրաթյանին, նա սկզբունքային մարդ է: Կարծում եմ, որ հրաժարականը կապված է այն հանգամանքի հետ, որ շատ կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել»,- ասել է միության նախագահը: Այսինքն` որպես երիտասարդ ճարտարապետի հրաժարականի հիմնական վարկած` շրջանառության մեջ էր դրվել այն, որ նա համաձայն չի եղել Երեւանում մի շարք քաղաքաշինական նախագծերի հարցում, որոնց հեղինակը Նարեկ Սարգսյանն է: Մասնավորապես նշվում էր կառավարության շենքի թամանյանական նախագծի համաձայն կառուցապատումը` գմբեթի տեղադրմամբ: Այս վարկածները, սակայն, անհիմն են դառնում այն դեպքում, երբ պարզվում է, որ Երեւանի համար կառուցապատման կարեւորագույն նախագծերը մինչ իրականացվելը քննարկվում եւ հավանության են արժանանում ՀՀ նախագահի, Երեւանի քաղաքաշինական խորհրդի, քաղաքապետի կողմից: Եվ վստահաբար, Մ. Հասրաթյանն այս մասին առավել քան տեղյակ էր, ինչպեսեւ տեղյակ էր, որ նախագիծն այդ արժանացել է երկրի նախագահի` Սերժ Սարգսյանի հավանությանը: Ընդ որում, այդ նախագիծը երկրի ղեկավարի հետ քննարկվել է մինչ Մ. Հասրաթյանի` գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվելը: Մեր տեղեկություններով, սակայն, Մ. Հասրաթյանին, Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանը, մինչ նրա հրաժարականն առաջարկել էր Երեւանի գլխավոր դիզայների պաշտոնը` հաշվի առնելով Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նրա փորձի պակասը, որին, սակայն, Մ. Հասրաթյանը չէր համաձայնել: