Պանթեոնը բարեկարգում են

23/05/2011

Մայիսի 21-ին` համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել են Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոն: «Այգու կանաչ հատվածն ամբողջովին բարելավվելու է: Արշակունյաց պողոտային հարող հատվածում արդեն ամբողջովին փոխվել է հողի շերտը, ամբողջ տարածքում իրականացվել է սանիտարական մաքրում, չորուկ մասերը հատվել են, թփերը մաքրվել են, այգին համալրվել է մշտադալար ծառերով, թարմացվել են բոլոր ցանկապատերը, ինչպես նաեւ` լուսավորության համակարգը: Այգին բերվել է բարետես վիճակի»,- ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը` տեղեկացնելով, որ Պանթեոնում աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու ամսից: Ս. Սարգսյանը Պանթեոնից հետո գնացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք, որտեղ մասնակցել է ծառատունկին: «Շաբաթօրյակ ասվածը ես եւ մեր բնակիչները հասկանում ենք արդեն ոչ թե միայն աղբահանության աշխատանքներ, այլ առավել կարեւորում ենք բարեկարգումը: Այս բանկում, որտեղ այսօր ներկա էին նաեւ նախագահն ու քաղաքապետը, բարեկարգման աշխատանքներն արվեցին, եւ մեր վարչական շրջանում թվով 14-րդ բակն էր սա, ուր տեղադրվեցին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տրամադրած խաղահրապարակներ: Դրանք մանուկների ուրախությունն են»,- ասել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը` ավելացնելով, թե այս տարի նախատեսվում է տեղադրել եւս 6 ատրակցիոն: Մայիսի 21-ին Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ իտալական «Ռենկո» ընկերության կողմից մայրաքաղաքում կառուցվող հեծանվահրապարակ: