«Ակոսի» խմբագրություն առաջին անգամ այցելողը ենթագիտակցաբար փնտրում է այլեւս հարազատ դարձած Հրանտ Դինքին: Նրա մահից հետո խմբագրությունում առաջացած մեծ բացը (որքան էլ ջանք են թափում)` տեսանելի է: Հրանտ Դինքի սպանությունից հետո խմբագրության շենքը հսկվում է տեսախցիկներով, եւ աշխատակիցները փորձում են առավել զգոն լինել: «Երկար ժամանակ չէի հավատում, որ Հրանտ Դինքը մահացել է: Առաջինը ես էի, որ վազեցի նրա դիակի մոտ եւ տեսա արյունլվա Հրանտին: Շաբաթներով չէի հավատում: Հրանտի տղան գալիս էր Հրանտի սենյակում աշխատելու, ու ես երբեմն գնում էի Հրանտից բան հարցնելու, բացում էի դուռը, հարցնում` Հրանտը եկե՞լ է: Հետո տեսնում էի, որ այնտեղ Հրանտը չէ, այլ Հրանտի տղան՝ Արարատը: Դժվար էր հարմարվել առանց Հրանտի: Հիմա այսպես հանգիստ եմ խոսում, բայց Հրանտին շատ ենք փնտրում»,- ասաց Ստամբուլի «Ակոս» օրաթերթի հայերեն էջերի պատասխանատու խմբագիր Սարգիս Սերոբյանը` թրթռացող աչքերը շրջելով դեպի պատը: Նախկինի համեմատ, ըստ Ս. Սերոբյանի` թերթին ուղղված սպառնալիքները հազվադեպ են լինում: «Մի քանի անգամ մենք սաստվեցինք, որովհետեւ ամեն շաբաթ թերթի էջերում դասի պես, համառոտ հայոց պատմությունից նյութեր էինք տալիս: Մարդիկ ուշի ուշով, առաջին անգամ այդպիսի նյութեր էին կարդում: Հետո այդ էջերը կտրում-պահում էին՝ որպես գիրք»,- նշեց Ս. Սերոբյանը կամ, ինչպես «Ակոսում» են ասում՝ «Ակոսի» «ամենամեծ խոյամողեսը»: «Ակոսի» ամենամեծ խոյամողեսը՝ դինոզավրը, ես եմ: «Ակոսում» ամենահինը լինելու համար են երբեմն ինձ այդպես կանչում: «Ակոսըի» հիմնադրումից ի վեր, նույնիսկ դրանից առաջ էլ` այստեղ եմ եղել»,- ժպտալով ասաց նա: Ս. Սերոբյանի ասելով` թուրքերը խոսքի ազատության մասին արդեն սկսել են խոսել, մտածել, ինչը Թուրքիայի Հանրապետության հռչակումից մինչ 1990-ական թթ. հնարավոր չէր պատկերացնել: «Հայը ջնջված էր պատմության գրքերում, դասագրքերում, ամեն տեղ: Հային միմիայն որպես թշնամի էին ներկայացնում: Բոլոր այն տեղերում, որտեղ հայի անուն է նշվել, վատ բան անելու համար է ընդգծվել: Ըստ թուրքերի՝ միայն իրենք կարող էին լավ բան անել: Թուրք ժողովուրդը հային բնավ չճանաչեց իր դպրոցներում կամ բախտ չունեցավ ճանաչելու: Երբ 1960-ական թթ. Անատոլիայի շրջաններ էինք գնում, թուրքերը մեզ տեսնելով, ասում էին՝ տեսեք, հայերն էլ իրենց պես մարդիկ են: Հայերին այդ աստիճան չէին ճանաչում, իսկ «Ակոսի» հրատարակումից հետո Թուրքիայում այլեւս ժամանակն էր հայերին ճանաչելու»,- ասաց նա: Ըստ նրա՝ թեեւ թուրք ժողովուրդն ու իշխանությունների մեջ գտնվող որոշ պետական այրեր ուզում են ժողովրդավար դառնալ, քեմալական հրամանատարներն ու ոստիկաններն էլ հոգեվարքի մեջ են, բայց այսօր էլ Թուրքիայի կառավարության մեջ էլ «ֆաշիստ ուժեր դեռ կան»: Որպես ասվածի ապացույց՝ Սերոբյանը նշեց Կարսի հուշարձանը քանդելու փաստը, որն, ըստ նրա, արվեց Ադրբեջանի նախագահի, այսպես ասած՝ պատվերով: «Հայաստանի պես չենք կարող դռները փակել, առանց Թուրքիայի ապրել: Ժամանակին Թուրքիան այդպես էր: Թուրքիայի շուրջ հարեւան բոլոր երկրները Թուրքիային տեսնում էին որպես ոխերիմ թշնամի: Հիմա Թուրքիան սկսեց հարեւանների հետ քաղաքական լավ հարաբերություններ ձեւավորել՝ վրացու հետ եղբայր դարձան, ժամանակ առ ժամանակ իրար օգնում են, Պարսկաստանի հետ, Իրաքի հետ: Հիմա Թուրքիայի միակ թշնամին Հայաստանն է: Իսկ Հայաստանն ի՞նչ է անում. Ադրբեջանը թշնամի է, Վրաստանը թշնամի է, Թուրքիան թշնամին է: Պարսի՞կը՝ նրանց մասին էլ Հայաստանում ասում են, թե գալիս են մեր Երեւանը կեղտոտում են: Ասում են` չենք ուզում պարսիկները գան, բայց մեզ օգնողները նրանք էին: Մեր սխալը մեզանից է: Մենք ապրում ենք առանց մեր հարեւանների: Հայաստանը դատարկվում է, վաղը-մյուս օրը Հայաստանի բնակչությանը սկսելու ենք մատների վրա հաշվել: Քանի՞ հոգի են մնացել Հայաստանում»,- նկատում է Ս. Սերոբյանը՝ ընդգծելով, որ այսօր Հայաստան-Թուրքիա երկխոսության բացակայությունից ամենամեծ վնասը հայերն են կրում: Նա համոզված է, որ երկու երկրների երկխոսությունն անհնարին կլինի, եթե Ցեղասպանության ճանաչման հարցը դրվի նախապայմանների հիմքում: «Թուրքիան, անշուշտ, Ցեղասպանությունը պետք է ընդունի, բայց դա երկխոսություն սկսելու պայման չէ: Որոշ ժամանակ այն կարելի է մոխրով մի կողմում թաղել: Դիպլոմատները թող այդ մասին մտածեն: Ես տուժողներից մեկն եմ, որ ասում եմ այդ մասին: Արտասահմանում, Ամերիկայում հայեր են ապրում` փռված, դոլարներ ծախսելով, բայց դա հայություն լինել չի նշանակում: Հայությունն այս երկրում` Թուրքիայում, այս պայմաններին դիմացող մարդիկ են: Ցեղասպանության մասին խոսողների մեծ մասը ցեղասպանությունից տուժածները չեն: Ցեղասպանությունից տուժողները մենք ենք, ես եմ»,- ասաց «Ակոսի» հայերեն էջերի պատասխանատուն, ում հավաստմամբ՝ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը կընդունի միայն ժողովրդավար երկիր դառնալու դեպքում: Մինչ օրս Թուրքիայում իշխում է այն մտածելակերպը, թե թուրք ազգը վատ բան անելու ընդունակ չէ, առավել եւս` ցեղասպանություն: Ս. Սերոբյանի բնորոշմամբ` դա հավասարազոր է Աստծո խոսքի:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա Ս. Սերոբյանը կարծում է, որ դա ընդամենը բլեֆ է, հայերին վախեցնելու «զենք»: «Ես հավատում եմ, որ Ղարաբաղը հայերի հողն է, բայց թուրքը չի հավատում դրան: Ժամանակը չի եկել, որ մենք դա սովորեցնենք նրանց: Ադրբեջանցին ինքը գիտի, որ ինքն ազգ չէ, բայց այսօր նա իրեն ազգի տեղ է դրել՝ իբր պատմական անցյալից գոյություն ունեցող ազգ: Ազերի ցեղ չկա, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ նրանք այսօր եկել-նստել են եւ մեզ հանգիստ չեն տալիս՝ իրենց աչքը գցելով մեր հողերի վրա: Եթե գրավե՞ն… ի՞նչ պետք է անեն, ինչպե՞ս են այդ հողերը ազատելու հայերից: Բացի նավթ ծախելուց ու այդ գումարներով, այսպես ասած՝ քեֆ անելուց, ուրիշ ի՞նչ կարող են նրանք անել: Դրա համար իրենց հետ կռվելու կարիք չկա: Կարծում եմ՝ պետք է երկու կտոր հողակտոր տալ, որ ձայնը կտրեն: Նրանք դրան են սպասում: Նրանք եւս ուզում են Հայաստանի հետ երկխոսություն սկսել: Դա բոլորիս օգտին է»,- ասաց Ս. Սերոբյանը: