Երեկ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 5-րդ լիագումար նիստը: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, նիստը բացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այնուհետեւ տեղի է ունեցել աշխատանքային նիստը, որը հայկական կողմից վարել է ԱԳ նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Մինչ նիստը Նալբանդյանն ընդունել է բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը: Նրանք անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ենթատեքստում նրանք արձանագրել են, որ 2010 թ. հուլիսին բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել: Առ այսօր Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել է ապագա համաձայնագրի 18 գլուխ: Նալբանդյանն ու Վիգանդը մտքեր են փոխանակել նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ: