ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների խնդրանքով երեկ անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, թե իր «նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով»: Արդյո՞ք այդ դրական փոփոխություններն անդրադարձել են նաեւ Հ.Աբրահամյանի վրա: «Դա ԱԺ նախագահին չէր վերաբերում, հասարակությանն էր վերաբերում: Շատ նորմալ, համահունչ, հաստատուն, գնում ենք առաջ: Հանրապետության երկրորդ նախագահն իրեն ուղղված հարցադրումներին շատ նորմալ, վերջնական պատասխան էր տվել»,- պատասխանել է Հ.Աբրահամյանը: Ընդդիմությունն անընդհատ արտահերթ ընտրությունների պահանջ է ներկայացնում եւ հայտարարում է, թե իշխանությունների հետ երկխոսության կգնա` օրակարգում ունենալով այդ հարցը: Հ.Աբրահամյանը որքանո՞վ է հնարավոր համարում արտահերթ ընտրությունների հավանականությունը: «Յուրաքանչյուր արտահերթ ընտրություն, դա կլինի նախագահական թե խորհրդարանական, երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում: Եվ քանի որ ԱԺ ընտրություններին 1 տարուց քիչ ժամանակ է մնացել, ես բոլոր ուժերին ու այդ թվում` ընդդիմությանը, հորդորում եմ պատրաստվել ԱԺ հերթական ընտրություններին»,- ասել է ԱԺ նախագահը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` համաներման մասին առաջարկությունից հետո ակտիվացել են խոսակցությունները, թե հնարավոր է` Հայաստան վերադառնա Վանո Սիրադեղյանը: «Տեղեկություն չունեմ: Ես իրեն չեմ սպասում, վերադառնում է, թող վերադառնա»,- ավելացրել է նա: