«Անտեսանելի բռնությունը շատ սարսափելի է»

23/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ֆրանսահայ հոգեբան Հերոլդ-Երեմիա Ալեքսանյանը պարբերաբար գալիս է Հայաստան ու հոգեբանական կոնսուլտացիաներ է անցկացնում այստեղ: Նրա խոսքով` մեր երկրում բռնություններն ու վախի մթնոլորտն այնքան է խորացել, որ այլեւս հնարավոր չէ փախչել այդ փաստից: Հ.Ալեքսանյանը բավականին կտրուկ նշում է, որ այսօրվա Հայաստանում հոգեբանական խանգարումների գլխավոր թիրախը կանայք են:

Նա նկատում է, որ շատ հաճախ հայաստանցիներն իրենց խնդիրների մասին ավելի ազատ ու անկաշկանդ պատմում են օտար երկրից եկած հոգեբանին, քանի որ զգում են` նա տարբեր է եւ ուրեմն ոչ միայն ավելի լավ կհասկանա իրենց, այլեւ` կպահպանի իրենց գաղտնիքը: Հ.Ալեքսանյանը վստահ է, որ հոգեբանին դիմելու պրակտիկան կարող է կանխել այն դեգրադացիան, որի ականատեսն ենք հիմա:

– Շատ հիվանդություններ հայաստանցիների, հատկապես` կանանց մոտ սթրեսի հետեւանքներ են: Հաճախ ինձ մոտ գալիս են կանայք, ովքեր վստահ են` իրենք անբուժելի հիվանդ են: Սակայն, երբ ուսումնասիրում ենք նրանց առողջությունը, պարզվում է, որ ոչ մի հիվանդություն էլ չկա: Իսկ բոլոր պրոբլեմները հոգեբանական լուծում են պահանջում: Կանայք իրենց վանդակում են զգում: Եթե նույնիսկ նրանք ֆիզիկական բռնության չեն ենթարկվում, ապա այնպիսի հոգեբանական ճնշման պայմաններում են ապրում, որ սարսափելի հետեւանք է թողնում նրանց առողջության վրա: Դա այն անտեսանելի բռնությունն է, որը կործանում է մարդուն ու դառնում է հազարավոր հիվանդությունների սկիզբ: Վստահորեն եմ ասում` հայ կանանց մեծ մասը ոչ թե բժշկի, այլ հոգեբանի կարիք ունեն: Հոգեբան ասելով, ես նկատի ունեմ` պատուհան, ելք, հույս:

– Շատ սոցիալական խնդիրներ կան` աշխատանք չկա, կենսաթոշակները ցածր են, կրթության որակը վատն է, վերջիվերջո` գնաճ կա: Կարելի՞ է ասել, որ հոգեբանական խանգարումներ ծնում են հենց սոցիալական պրոբլեմները:

– Բոլորս էլ տեսնում ենք, որ շատ պրոբլեմներ են կուտակվել, սակայն այդ ամենը չպիտի խանգարի մարդուն ելքեր փնտրելու համար: Եվ հոգեբանների առաջին օգնությունը պիտի լինի հենց` «ո՞վ ասաց, որ ելքեր չկան» հարցն արթնացնելը: Հոգեբանին դիմող մարդը պիտի վստահ լինի, որ ելքերն անպայման գտնվելու են: Եվ բոլորովին նշանակություն չունի, թե ինչպիսի քաղաքական կամ տնտեսական վիճակ է շուրջդ, կարեւորը, որ ելքերը միշտ կան: Հոգեբանությունը երիտասարդ գիտություն է, որտեղ շատ է կարեւորվում մասնագիտական էթիկան եւ որակավորումը: Անցյալ տարի ես մասնակցում էի Երեւանում կազմակերպված հոգեբանների գիտաժողովին, որի հիմնական թեմաները մարդկանց վրա թողած Ղարաբաղյան պատերազմի եւ Սպիտակի երկրաշարժի ազդեցության հետեւանքներն էին: Հասկանում եմ, որ պատերազմի վետերաններն ու երկրաշարժից տուժածներն ուշադրության կարիք ունեն, բայց չէ՞ որ նրանց հիվանդության սիմպտոմներն ամեն օր կարելի է նկատել հայաստանցի կանանց մեծամասնության մոտ: Բոլոր մասնակիցներն էլ ինձ հետ համաձայնեցին, բայց նշեցին, որ այդ մասին ընդունված չէ խոսել: Իհարկե, տնտեսական, սոցիալական դժվարություններ կան, բայց դա հո չի՞ նշանակում, որ կյանքն ավարտված է: Ի՞նչ է, ժողովուրդը պաշտպանվելու, բուժվելու իրավունք չունի՞: Ինձ համար իսկական հանցագործություն է, երբ տնտեսական խնդիրներով փորձում են քողարկել հոգեբանական հիվանդությունները: Ազգն այդպես դանդաղորեն դեգրադացվում եւ վերանում է: Եվ եթե դա է Հայաստանի նպատակը, ուրեմն ավելի լավ է մի ռումբ նետել ժողովրդի վրա (ինչպես եղավ Հիրոսիմայում), որպեսզի ամեն բան, իրոք, վերջանա:

– Շատ խիստ եք:

– Կարող եմ նույնիսկ ասել, որ հայաստանցիները մահացած են, բայց դրա մասին դեռ չգիտեն: Բոլորը պատրաստ են պատմել Մաշտոցի, հինավուրց մշակույթի մասին, բայց իրականում այսօր ոչ մի բան չկա, մշակույթի հետքը չի էլ զգացվում: Իսկ հասարակությունն արձագանքում է միայն այն դեպքերին, երբ որեւէ տղամարդ սպանում, մորթում է իր կնոջը կամ երեխային: Մինչդեռ շատ իրական պրոբլեմներ «տաբու» են համարվում: Վերջերս ինձ հրավիրեցին հեռուստաընկերություն` խոսելու գարնանային դեպրեսիայի մասին: Ասացի` ի՞նչ գարնանային դեպրեսիայի մասին կարելի է խոսել, երբ Հայաստանում կլոր տարին գարուն է: Մենք ընդհանրապես երկու ցեղասպանություն ենք տեսել. մեկը եղել է 1915 թվականին, իսկ մյուսը տեղի է ունենում հենց հիմա` 2011 թվականին: Եվ հուսով եմ, որ երկու դեպքում էլ ցեղասպանություն իրականացնողները պիտի դատարանի առջեւ կանգնեն: Ինձ ճիշտ հասկացեք, ես միայն բողոքող կամ հակասող անձ չեմ, ես վստահ եմ, որ ժողովրդին այս վիճակում թողնել այլեւս հնարավոր չէ: Հասկանում եմ, որ մարդկանց որոշակի տոկոսը նորմալ կյանքով է ապրում (ինչպեսեւ ամենուրեք), բայց հասարակության մեծ մասը ահավոր հիվանդ է: Եթե, օրինակ, 22-25 տարեկան երիտասարդ կանանց հարցնեք` ինչպիսի՞ հարաբերություններ ունեք տղամարդկանց հետ, մեծամասամբ` պատասխան չեք ստանա: Հարաբերություններ կա՛մ գոյություն չունեն, կա՛մ էլ կառուցված են բռնության վրա: Նույնիսկ, եթե սեռական կապ կա, ապա այն նման է մարզանքի կամ բնազդի բավարարման: Սեքսը դադարել է երկխոսություն լինել` վերածվելով բռնության: Գիտե՞ք, որ Հայաստանում մեծացել է երեխաների հանդեպ սեռական բռնությունները: Եվ դա սարսափելի է:

– Իսկ ինչպիսի՞ ելքեր եք տեսնում:

– Խնդիրը միայն ադաթների կարծրացած լինելը չէ: Ավելի մտահոգիչ է ժողովրդի կասկածամտությունը, որը, թեեւ տարբեր պատճառներ ունի, սակայն հիմնականը վստահության պակասն է: Մարդիկ սովոր լինելով իրենց քիթը խոթել ուրիշների կյանքի մեջ, միեւնույն ժամանակ` իրար չեն վստահում եւ վախենում են ազատորեն իրենց մտքերն արտահայտել: Մարդիկ վախենում են, որ իրենց ասածը կամ արածը սխալ կընկալվի հասարակության կողմից, մեղադրանքի կարժանանան: Եվ բնական է, որ նման հոգեբանական մթնոլորտում աճում է ինքնասպանությունների թիվը: Չէ՞ որ սկսում ես վախենալ, երբ ապագան չես տեսնում:

– Իսկ չե՞ք կարծում, որ հիմնականում հարվածի տակ են հայտնվում երեխաները` որպես ամենաանպաշտպան անձինք:

– Հայերն իրենց երեխաներին միշտ յուրահատուկ են վերաբերվել` վստահ լինելով, որ երեխան եւ՛ թագավոր, եւ՛ մարտիրոս է: Այսինքն` հա՛մ սիրում ենք, հա՛մ էլ այդ սիրով խեղդում ենք երեխաներին: Վերջերս, օրինակ, ինձ էր դիմել շուկայի մի տնօրեն, ում երեխան հոգեբանական լուրջ պրոբլեմներ ուներ: Ինձ անուղղակի հասկացրին, որ այդ տղան մեծանալուն պես պիտի հոր շուկան ժառանգի: Գնացի նրանց տուն, տեսա, որ հսկայական տան մեջ այդ 6 տարեկան տղան իր մոր հետ մի սենյակում է քնում: Եվ այդ աննորմալ պայմաններում ծնողները զարմանում էին, որ իրենց երեխան դպրոց չի ուզում գնալ, անընդհատ վիճում է իրենց հետ: Նկատելի է, որ երբ երեխաները որեւէ հոգեբանական խնդիրներ են ունենում, ասենք, ուշ են սկսում խոսել կամ տարբեր վախեր են ունենում, բժիշկները հիմնականում էպիլեպսիա են ախտորոշում: Ոչ մի երկրում այդքան էպիլեպտիկ երեխաներ չկան, որքան Հայաստանում են: Այդ դիագնոզն ուղղակի հիմարություն է, որը թույլ չի տալիս իրական պրոբլեմները հասկանալ: Հոգեբանական դժվարություններ ունեցող մարդկանց դեղորայքի մեծ չափաբաժին նշանակելը մեծ սխալ է: Այդչափ դեղորայք ընդունելն ուղղակի անհնարին է:

– Իսկ ի՞նչն է դրդում Ձեզ Հայաստանում ապրել եւ աշխատել:

– Եվրոպան քանդվում է: Հայաստանն արդեն քանդված է, մնում է միայն կառուցել այն: Այստեղ ինձ պահում է ոչ թե հայասիրությունը կամ ազգամոլությունը, այլ այն փաստը, որ այստեղ դեռ պահպանվել է մարդկությունը: Եվրոպայում դա չկա: Փարիզում, օրինակ, ամեն վայրկյան վայրենության ականատես ես դառնում: Մարդուն կարող են սպանել միայն նրա հեռախոսը գողանալու նպատակով: Իսկ Հայաստանում բնությունը, կարծես, կարողանում է հավասարակշռություն պահպանել, այստեղ մարդկային կյանքը կարող է որակ ունենալ: Եթե, իհարկե, դադարենք անընդհատ սուգ անել ու վերջիվերջո` սկսենք ապրել: Գիտեք, ես որոշ ժամանակ աշխատել եմ Աֆրիկայում, եւ շատ նմանություններ եմ տեսնում աֆրիկացիների եւ հայերի միջեւ: Աֆրիկացիներն, օրինակ, կարող են ժամադրվել` 2 ժամ անց հանդիպելու համար, բայց գալ հաջորդ օրը: Երբ հարցնում ես` ի՞նչ էր եղել, ասում է` թաղման էի մասնակցում, կամ էլ` հարսանիք էի գնացել: Մալիում ես տեսա, թե ինչպես է վարորդը ճանապարհային ոստիկանին փող տալիս` բացատրելով իր քայլը նրանով, որ ոստիկանի տատիկը հիվանդ է, եւ ինքը պարզապես պարտավոր է նրան փող տալ:

– Դա օրենքների չիմացությունի՞ց է:

– Նաեւ դրանից: Եվ հետո շատերին թվում է, որ այս վիճակը չի կարելի փոխել: Կարծում եմ, հիմա շատերը Հայաստանում ապրում են սփյուռքահայի հոգեբանությամբ: Այսինքն` սպասում են, որ մի օր ամեն բան ինքնըստինքյան կկարգավորվի: Այդպես չի լինում: Ինչո՞ւ պիտի հայրենիքում ապրող հայերը հուսահատ պեսիմիստներ լինեն, ինչո՞ւ չի կարելի լիաթոք ապրել հենց այսօր: Հայաստանցիները կարծես իրենց ներքին կամքով են դարձել պեսիմիստներ: Հարկ է դադարել սգալ ու կյանքից հաճույք ստանալ: Կյանքը ամենագեղեցիկ պարգեւն է, որը չի կարելի թունավորել նույնիսկ այն դեպքում, երբ դժգոհ ես իշխանություններից: Ի՞նչ կապ ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, օրինակ, համալսարանի հոգեբանության ֆակուլտետի տարվա աշխատանքների հետ: Ես ներկա եմ եղել դիպլոմների պաշտպանությանը եւ տեսել եմ, որ քննարկումների ժամանակ կողք կողքի նստած մարդիկ անգամ չեն ուզում իրար լսել եւ միայն երբեմն ստորացուցիչ հարցեր են տալիս ուսանողներին: Եվ դա անում են ոչ թե դիտմամբ կամ գիտակցաբար, այլ` որովհետեւ այդպես են սովոր: Միասին աշխատելու, ելքեր փնտրելու պրակտիկա չկա: Մինչդեռ շատ խելացի ուսանողներ կան, ովքեր մտահոգված են կյանքը հասկանալու ու փոխելու հարցերով: Ուզում եմ հարցնել` ո՞վ է արգելում դասախոսներին, վաճառողներին կամ ռեժիսորներին` իրենց գործն անել այնպես, ինչպես հարկն է: Դժվար թե իշխանություններն ամենուրեք լրտեսներ պահեն ու մարդկանց թիկունքից թելադրեն` ի՞նչ անել: Հասարակության վախն իրականում քայքայում է անհատականությունը: Նկատելի է, որ Հայաստանում ժողովուրդն ընդհանրապես չի վստահում մասնագետներին` գերադասելով գործի դնել ընտանեկան, բարեկամական կապերը: Դա շատ վատ հետեւանքներ է թողնում կյանքի որակի վրա:

Ապագան մեզ համար ուրախ չէ, սակայն բոլոր դեպքերում` այն հենց մեր ձեռքերում է: