Երկրում ստեղծված սոցիալական վիճակը, հասարակության մեջ արժեքային համակարգի անկումն ու նյութականի արժեւորումը հաճախ այնպիսի իրավիճակներ են առաջացնում, երբ թշնամանում են նույնիսկ արյունակից հարազատները:
Վերջերս մեզ շատ են դիմում քաղաքացիներ, ովքեր չեն կարողանում կիսել իրենց ունեցվածքը հարեւանի, հարազատի, նույնիսկ ամուսնու կամ ծնողի հետ: Օրինական ճանապարհով իրենց իրավունքները պաշտպանելիս` կողմերից մեկը մշտապես մյուսին մեղադրում է դատական կամ պետական որեւէ համակարգի ներկայացուցչին կաշառելու մեջ: Եվ այդպիսով` ընտանեկան նեղ խնդիրներն այսօր դառնում են հրապարակային: Սակայն ամենահատկանշականը մարդկային փոխհարաբերություններն են, որոնք, եթե նախկինում կարող էին լուծում ստանալ իրար ներելու, համաձայնության գալու ճանապարհով, ապա այսօր ընտանեկան ու անձնական ամենաինտիմ ու գաղտնի մանրուքները կարող են հանրային հնչեղություն ստանալ: Խմբագրություն այցելած շատ քաղաքացիներ դիմում են մեզ` ահազանգելով, որ որեւէ ատյան կամ պետական կառույց ի զորու չէ արդար ճանապարհով խնդրին լուծում տալ: Ընդ որում, մեծամասամբ խնդիրը տեղափոխվում է լրատվական դաշտ այն բանից հետո, երբ տարիներ շարունակ այն վիճարկվել է դատարաններում, սակայն անաչառ լուծում չի ստացել: Այգեստան 6-րդ փողոց, 34/2 տան սեփականատեր Հովհաննես Օհանյանը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ է, ով նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել եւ այդ համակարգում աշխատում է շատ վաղուց: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ նա դատարաններում վիճարկում է իր տան սեփականատերը լինելու փաստը, որը, թեեւ օրինական կերպով բոլոր փաստաթղթերով հաստատված է, այդուհանդերձ, հարազատ եղբոր (նա վերջերս մահացել է) իրավահաջորդը` որդին, ամեն կերպ խոչընդոտում է սեփականությունը տնօրինելու նրա իրավունքը: Մայրը` Ազգանույշ Օհանյանը, 1991թ. վերոնշյալ հասցեի տունը զբաղեցրած հողատարածքով հանդերձ կտակել է երեք որդիներից ավագին` Հովհ. Օհանյանին։ «Քանի որ միասին էինք ապրում` ծնողներիս իմ ընտանիքն էր խնամում: Այսինքն` միջնեկ եւ փոքր եղբայրներս նույն փողոցում տուն ունեին: Նա մահանալուց առաջ այդ տունը, որը պապական (1961թ. կառուցված) տուն էր` կտակեց ինձ»,- ասում է Հովհ. Օհանյանը` վստահեցնելով, որ մյուս եղբայրները կտակից տեղյակ են եղել եւ առարկություններ չեն ունեցել: Այնուհետեւ 1999թ. Հովհ. Օհանյանը դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ստորաբաժանում, որպեսզի հին վկայագիրը փոխարինեն նորով, քանի որ այդ տարիներին, ինչպես նաեւ` հիմա, հին վկայագրով որեւէ գործարք կատարել չի թույլատրվում. «Դիմեցի Կադաստր. այն ժամանակ Կենտրոն եւ Նորք-Մարաշի կադաստրի բաժնի պետն Արտաշես Հովակիմյանն էր: Նոր վկայագիր տրամադրելու համար ինձնից 1500 դոլար գումար պահանջեց: Ես չտվեցի, քանի որ նախ` կաշառք տալու սովոր չեմ` եւ երկրորդն էլ` դա օրինական իմ իրավունքն էր, եւ նրանք պարտավոր էին դա անել»: Կադաստրի պետին կաշառք տալու փոխարեն` ես դիմեցի դատարան` պահանջով` ճանաչելով կտակի միջոցով իմ սեփականությանը հանձնված տան հին վկայագիրը, ինձ տրամադրել նոր վկայագիր, որով նաեւ ապացուցվում էր կադաստրային մարմինների անօրինական գործողությունները: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախկինում այդպես էր կոչվում) Հովհ. Օհանյանի հայցը բավարարել է եւ հաստատել է նրա պահանջի օրինական լինելը: ՀՀ վերաքննիչ դատարանը նույնպես, սակայն, քանի որ Կադաստրի պետական կոմիտեն ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու լիազորություն այլեւս չի ունեցել… «Շատ հետաքրքիր բան կատարվեց: Կադաստրից զանգել են եղբորս` Մկրտիչին, եւ գլխի են գցել, որ կարող են օգնել, որպեսզի ունեցվածքիս տիրանա, իսկ նա… Նա էլ օգնեց կադաստրին, բողոք ներկայացրեց որպես երրորդ անձ արդեն ՀՀ վճռաբեկ դատարանում: Այսինքն` կադաստրի եւ եղբորս միջեւ պայմանավորվածություն է եղել, ըստ որի` իմ ձեռքից տունը վերցնելուց հետո` երկուսի համար էլ լավ կլինի»: Ինչեւէ, եղբայրը` Մկրտիչ Օհանյանն էլ իր հերթին է հայց ներկայացրել, ըստ որի` Այգեստան 6-րդ փողոցի 34/2 տունը թեեւ Ա. Օհանյանը կտակել է Հովհ. Օհանյանին, այդուհանդերձ, հողատարածքը պատկանում է իրեն: Նրա հավաստմամբ` երեք դատական ատյաններն էլ վճիռ են արձակել հօգուտ իրեն, քանի որ կտակում արձանագրված է, որ ամբողջ տնատիրության 1/4-րդ մասը Ա. Օհանյանը սեփականության իրավունքով կտակել է մեծ որդուն` Հովհ. Օհանյանին: «Այո՛, դատարանը հաստատում է իմ իրավունքը: Ի դեպ, դատավոր Գայանե Կարախանյանն ամենասկզբում, անտեսելով փաստաթղթերը, դատավարության ընթացքը տանում էր հօգուտ նրա, սակայն դիմում-բողոք գրեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` տեղեկացնելով այդ մասին, որի պատասխանից անմիջապես հետո Գ. Կարախանյանը դիրքորոշումը փոխեց եւ սկսեց անաչառ դատավարություն իրականացնել»,- ասում է նա։ Եղբոր մահից հետո էլ ներկայումս հողատարածքի նկատմամբ Հովհ. Օհանյանի սեփականության իրավունքը պահանջում է անվավեր ճանաչել եւ գրանցել իր անվամբ եղբորորդին` Հովսեփ Օհանյանը: Այն, որ երկու եղբայրների որդիների եւ ընտանիքների միջեւ եղած փոխհարաբերությունները շատ սրված են, մեղմ է ասված, քանի որ նրանք անգամ դժվարանում են միմյանց անվանել եղբայրներ: «Ի՞նչ եղբայր, երբ անմիջապես իմ տան կողքին է գտնվում նրա տունը, բայց աչք է դրել մորս կողմից կտակված այդ տան վրա: Նրա մահից հետո էլ տղան է շարունակում նույն կեղտոտ գործը: Հասկանո՞ւմ եք, դատարանը ճանաչել է իմ իրավունքը, ես օրինական սեփականատեր եմ, բայց նա ուզում է ամբողջ տունը ձեռքիցս վերցնել: Չի կարող, օրենքն իմ կողմից է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ես չեմ կարողանում իմ գույքը տնօրինել, նոր վկայագիր ստանալու հայտ ներկայացնել, քանի որ նա անվերջ հայցեր է ներկայացնում դատարան: Տունն արգելանքի տակ է դրված եւ քանի դեռ արգելանքի տակ է` ես իրավունք չունեմ իմ գույքը տնօրինել այնպես, ինչպես ես եմ ուզում»,- վստահեցնում է Հովհ. Օհանյանը` ասելով, որ տասը տարի շարունակ դատարաններում տասից ավելի ներկայացված հայցերը քննվում են, լուծում են ստանում հօգուտ իրեն, բայց միեւնույն է` դատական գործընթացները շարունակվում են: Ըստ նրա, եղբորորդին` Հովսեփ Օհանյանը, փորձում է այդ ճանապարհով «խորամանկելով»` ժամանակ շահել, ինչին նաեւ նպաստում է դատական համակարգը: Բանն այն է, որ մոտ 86քմ ընդհանուր մակերես կազմող Այգեստան 6-րդ փողոցի 34/2 տունը Հովհ. Օհանյանը բնականորեն պետք է ժառանգի իր երկու որդիներին: Սակայն այն համարվում է վիճելի տարածք, ուստի սեփականատերն իրավունք չունի որեւէ գործարք կատարելու. «Նա այնքան անմարդկային ու կեղտոտ անձ է, որ մտածում է` ես ծեր, 72 տարեկան մարդ եմ, էսօր կամ, վաղը չկամ: Դատարաններ դիմելով` փորձում է ժամանակ շահել: Եթե ինձ մի բան պատահի` այս տունն այլեւս… Այսինքն` ես հիմա չեմ կարող գոնե որդուս նվիրատվությամբ փոխանցել, քանի որ արգելանքի տակ է: Հասկանո՞ւմ եք, ախր սա ի՞նչ վարքուբարք է: Դատարանը պաշտպանում է իմ իրավունքը, բայց նա կարող է անվերջ, հարյուրավոր հայցեր ներկայացնել մինչեւ ես մեռնե՞մ: Եթե դատարանն ընդունում է, որ իմ գործողություններն օրինական են` ինչո՞ւ է նորից նրա հայցն ընդունում: Վճիռը ստանում ենք, նորից հայցը ձեւափոխում ու դիմում է դատարան, նորից հօգուտ ինձ վճիռ են արձակում, ու կրկին հայցը փոխում` մտնում է դատարան: Նախկինում եթե դատարանի վճիռը կար, այլեւս երկրորդ կարծիք չէր կարող լինել: Իսկ հիմա…»,- վրդովված ասում է Հովհ. Օհանյանը` վստահեցնելով, որ բնակարանը լցված է դատարանի 10 տարվա քննած հայցադիմումների փաթեթներով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. մարտ ամսին վճիռ է արձակել, ըստ որի` «Հովսեփ Օհանյանի հայցն ընդդեմ Հովհաննես Օհանյանի, երրորդ անձինք` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Մարաշ ՏՍ-ի եւ Երեւանի Կենտրոն նոտարական տարածքի պետական նոտար Ա. Մելքոնյանի` կտակի կարգադրությունը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ մերժել»:
Ներկայումս Հովհ. Օհանյանը դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարարին եւ այլ պաշտոնատար անձանց` խնդրելով փակուղի մտած այս գործին որեւէ լուծում տալ: «Եթե ինձ մի բան պատահի, փաստորեն նա կհասնի իր նպատակին, իսկ իմ տղաները կմնան առանց ոչնչի»,- ասում է Հովհաննես Օհանյանը` ՀՀ իշխանություններին խնդրելով աջակցել իրեն եւ այս խնդրին վերջնական լուծում տալ: