Երեկ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում (ՀՖՖ) գործկոմի տարեկան 2-րդ նիստն է տեղի ունեցել, որի օրակարգում 7 հարցեր էին ընդգրկված: Առաջին հարցն առնչվում էր Արկադի Անդրեասյանին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջարկել էր նրան ճանաչել անցանկալի անձ, սակայն գործկոմի անդամները ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնդրանքով որոշել են նման քայլի չդիմել:
Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը նշել է, որ կոմիտեն 10 խաղով որակազրկել է «Արարատի» գլխավոր մարզչին բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներում եւ տուգանել ակումբին 250 հազար դրամով` անվայել պահվածքի համար: Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանը եւ նրա կողմնակիցները ծեծի էին ենթարկել լուսանկարիչ Աշոտ Առուշանյանին: Ռ. Սինոյանը նաեւ նշել է, որ վերջին տարիներին մի քանի դեպքեր են գրանցվել Անդրեասյանի մասնակցությամբ, որոնցում նա աչքի է ընկել ոչ մարզական պահվածքով:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ի պատասխան այն հարցին, թե արդյոք Արկադի Անդրեասյանը հրավիրվե՞լ է մասնակցելու գործկոմի նիստին, պատասխանել է. «Նախորդ նիստին հրավիրվել էր, բայց, չգիտեք ինչու, վերջին պահին Հրաչ Կապրիելյանը զանգեց եւ ասաց, որ ինքն է մասնակցելու։ Ինչպես գիտեք, ես բախում եմ ունեցել Կապրիելյանի հետ, եւ ցանկալի չէր նրա ներկայությունը»: Ռ. Հայրապետյանը նաեւ նշել է, որ երկրորդ անգամ հրավիրելը նման իրավիճակում անիմաստ էր: Այնուհետեւ խոսելով Ա. Անդրեասյանի մասին, ՀՖՖ նախագահը նշել է, որ 10 խաղի որակազրկումը բավական է նրա համար. «Բոլորս գիտենք, որ Արկադի Անդրեասյանը շատ լուրջ խնդիր է հայկական ֆուտբոլի համար, բայց նրան անցանկալի անձ ճանաչելը ճիշտ չի լինի զուտ սերունդների համար, ովքեր Արկադի Անդրեասյանին ճանաչում են որպես լեգենդար ֆուտբոլիստ: Ես էլ բազմիցս նշել եմ, որ նա դասվում է 4-5 հայ լեգենդար ֆուտբոլիստների թվին: Հասարակ մի օրինակ. Խորեն Հովհաննիսյանը, ով եւս լեգենդար ֆուտբոլիստ էր, կարիերան ավարտելուց հետո, խմելուց եւ տոտալիզատորից բացի, ոչինչ չգիտի: Խնդրում եմ, 10 խաղի որակազրկումով եւ տուգանքով բավարարվենք: Անկեղծ ասած` ես էլ եմ հոգնել Անդրեասյանի եւ «Արարատի» հետ կապված խնդիրներից, 9 տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ: Մինչ այդ էլ ֆեդերացիան բազմիցս խնդիրներ է ունեցել, Լեւոն Հասրաթյանն այն ժամանակ եղել է գործկոմում եւ կարող է փաստել: Եկեք պարզապես համբերատար սպասենք, միգուցե մի օր «Արարատ» ակումբի սեփականատերերը հասկանան, որ Արկադի Անդրեասյանը չի կարող լավ գլխավոր մարզիչ կամ լավ մենեջեր լինել, եւ կհրավիրեն լուրջ մարզչի եւ լուրջ ներդրումներ կկատարեն: Վերջերս հանդիպել եմ Ասիայի կոնֆեդերացիայի նախագահի հետ, եւ շատ զարմացա, որ նա հարցրեց, թե ինչպես է «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Ես, իհարկե, հասկանում եմ, երբ եվրոպացիներն են հետաքրքրվում «Արարատի» ճակատագրով, բայց երբ արաբն է հարցնում «Արարատի» մասին, դա շատ ցավալի է, քանի որ մենք ունենք հոյակապ թիմ` նկատի ունեմ անունը եւ բրենդը, բայց ստեղծվել է այնպիսի վիճակ, որ թիմը անմխիթար վիճակում է գտնվում»,- ասել է Ռ. Հայրապետյանը:
Նիստի ընթացքում գործկոմի անդամները միաձայն որոշեցին Արկադի Անդրեասյանին չճանաչել անցանկալի անձ հայկական ֆուտբոլում: