Երբ որեւէ երգիչ կամ երգչուհի հայտարարում է իր մենահամերգի մասին, անմիջապես հարց է առաջանում` իսկ ի՞նչ ունես ասելու, պատրա՞ստ ես արդյոք եւ, առհասարակ, ո՞րն է նպատակը մենահամերգի: Այս եւ այլ հարցերի շուրջ խոսեցինք երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ով «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ արժանանալով «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին, այսօր մտածում է մենահամերգի մասին:
– Մենահամերգի ծրագիր, ասելիք ունե՞ս: Պատրա՞ստ ես: Երգչի ինչի՞ն է պետք մենահամերգը, երբ բոլորը համատարած բողոքում են, թե այն կազմակերպելը բավական թանկ հաճույք է:
– Ես մշտապես ուղղում եմ ինձ այդ հարցը` պատրա՞ստ եմ արդյոք մենահամերգի: Եթե հետեւեմ բազում մարդկանց ցանկություններին եւ հետաքրքրությանը, իմ երգերի, տեսահոլովակների եւ առհասարակ անձի շուրջ, կարծում եմ, որ հասունացել եմ: Ունեմ ասելիք, եւ ժամանակն է` այդ ասելիքը համախմբել մենահամերգի շրջանակներում:
– Քեզ հետ համագործակցող ռեժիսորները բավական որակով աշխատանք են ներկայացնում, ինչը շատ անգամ քո բծախնդրության արդյունքն է: Քանի որ այդ նույն ռեժիսորին հաջողվում է բավական «փնթի» տեսահոլովակ հրամցնել մեկ այլ երգչուհու, ինչը քո դեպքում բացառվում է: Այդ նույն բծախնդրությունը չի՞ խանգարում քեզ աշխատանքից դուրս` մարդկանց հետ շփման հարցում:
Փնթփնթաններին եւ չափազանց բծախնդիրներին քչերն են սիրում:
– Ես փնթփնթան չեմ, սակայն էությամբ մաքսիմալիստ եմ: Սիրում եմ, որ ամեն ինչ լինի մաքսիմալ լավ` յուրաքանչյուր առումով: Ինչ խոսք, բծախնդրությունս երբեմն խանգարում է ինձ մարդկանց հետ շփման հարցում: Ինձ ճանաչողը հասկանում է, որ ես նաեւ իմ հանդեպ եմ բծախնդիր: Ի՞նչ կարող եմ անել: Տեսակով այդպիսին եմ ստացվել:
– Բնավորությանդ այդ գիծը չի՞ խոչընդոտում տղամարդկանց հետ շփման հարցում: Եղե՞լ է մեկը, ում կողքին կարողացել ես քեզ թույլ տալ լինել թույլ:
– Հարաբերությունների մեջ այն, ինչ առավելություն է մեկի համար, հնարավոր է թերություն համարվի մեկ ուրիշի դեպքում: Եթե գլոբալ պատասխանեմ, առանց անձնավորելու` կլինի դա տղամարդ, ընկերուհի թե ընտանիքի անդամ…
– Տղամարդու մասին եմ հարցնում: Ուզում եմ` որպես կին պատասխանես:
– Եթե խոսենք տղամարդու մասին` իհարկե, եղել են առիթներ, երբ փորձել եմ հաղթահարել այդ պատնեշը եւ լինել ավելի թույլ: Այդ քայլին դիմել եմ` դիմացինիս հասկացնելու համար, որ իր առջեւ ոչ թե երգչուհի է, այլ պարզապես աղջիկ, որն ուզում է իր կողքին ամուր թիկունք զգալ: Սակայն նորից եմ ասում, որ միայն փորձել եմ այդպիսին լինել, քանի որ ոմանք տեսնելով իմ մեջ ուժ, կամք` չեն ուզում կամ խուսափում են տեսնել ավելին: Պարզապես դեռ չկա այն մարդը, որի ուսին կկարողանամ դնել գլուխս: Ես աղջիկների այն տեսակից չեմ, ովքեր վախենում են խոսել իրենց զգացմունքներից եւ թաքցնում կամ հերքում են, որ սիրում են: Բացի այդ, այնպիսի ոլորտում եմ աշխատում, որ թաքցնել որեւէ ինֆորմացիա բացարձակապես անհնար է: Հայաստանը փոքր երկիր է, եւ մենք էլ «ասող-խոսող» ազգ ենք: Լուրերն արագ են տարածվում:
– Շատերը կարծում են, թե բավական գոռոզ մարդ ես: Հիմա կասես, որ դա այդպես չէ: Այդ դեպքում ինչի՞ հիման վրա են մարդիկ նման եզրակացություններ անում:
– Շատ անգամ այն, ինչ տեսնում են էկրանից, դա էլ տպավորվում է մարդկանց մեջ: Իմ` կայացած, սթափ եւ վճռական լինելը շատ անգամ շփոթում են գոռոզության հետ: Ես զգում եմ, որ միայն էկրանով ինձ ծանոթ մարդիկ զգուշանում են` տեսնելով ինձ իրական կյանքում: Էկրանից բխող իմ ուժը, էներգիան, չգիտես` ինչո՞ւ, շփոթում են գոռոզության հետբ եւ այն ոմանց վանում է ինձանից: Սակայն, երբ այդ նույն մարդիկ շփվում են ինձ հետ` էկրանից դուրս, զարմանում են, որ ես իրականում բավական պարզ, հեշտ շփվող, առանց ավելորդ «բզիկների» մարդ եմ` իմ թերություններով եւ առավելություններով հանդերձ: Ամեն դեպքում լինել ուժեղ եւ կայացած` շատ ավելի լավ է, քան քայլել գլուխը կախ` «համեստ» տիկնիկի տպավորություն թողնելու նպատակով:
– Ասում են` երբ կնոջ սիրտը մեկ անգամ կոտրում են, նա այլեւս պատնեշ է կառուցում եւ մեծ դժվարությամբ է իր աշխարհ ներս թողնում մեկ այլ տղամարդու: Ինչո՞վ կբացատրես այն, որ մինչ օրս ընկեր չունես:
– Անկեղծ կարող եմ խոստովանել, որ դեռ չի գտնվել այն տղամարդը, որին կհաջողվեր խոցել իմ սիրտը եւ, առավել եւս, կոտրել այն: Դա գալիս է իմ ընտանիքից, իմ դաստիարակությունից եւ այն ոլորտից, որտեղ աշխատում եմ: Շոու-բիզնեսի կանոններն ու ծնողներիցս ստացած հայկական ավանդական դաստիարակությունը իրար հակասող երկու տարբեր աշխարհներ են: Սակայն ինձ հաջողվել է, կրկին ի շնորհիվ այդ դաստիարակության, լինել շոու-բիզնեսում` չենթարկվելով նրա` շատ անգամ, ոչ հարգի կանոններին:
– Այդ կանոնների անբաժան մասն է կազմում սիրեկանի մասին խոսակցությունը: Գաղտնիք չէ, որ հանրությունը հակված է երգչուհիների, դերասանուհիների հաջողությունը պայմանավորել մեծահարուստ սիրեկաններով: Եվ շատ հաճախ դա այդպես է:
– Կստեմ, եթե ասեմ, որ նման շշուկներ իմ ականջին չեն հասել: Նա, ով ընտրել է այս ոլորտը, պետք է պարզ գիտակցի, որ այսուհետ անբաժան է նման խոսակցություններից: Երբ ձեռք ես բերում որոշակի հաջողություն, ապա այն հասարակության կողմից վերագրվում է կամ սիրեկանի, կամ հարուստ պապայի առկայությանը:
– Ի դեպ, պապայի մասին: Երբ դու ոտք դրեցիր շոու-բիզնես, հայրդ Ազգային ժողովի պատգամավոր էր: Եվ սկսեցին խոսել այն մասին, որ հայրդ է քեզ աջակցել, եւ նրա միջոցով ես բեմ բարձրացել:
– Հայրս` ժամանակին լինելով պարարվեստի մեջ, իր մաշկի վրա է զգացել բեմ ասվածի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմերը: Երբ տարիներ առաջ հայտնեցի նրան` երգով զբաղվելու իմ մտադրության մասին, նա ամեն գնով փորձում էր ետ պահել ինձ այդ որոշումից: Նա միշտ նշում էր, որ այն ամենն, ինչ մենք տեսնում ենք եթերով, ընդամենը բացասական կողմերով լի` հսկայական սառցաբեկորի գեղեցիկ, խնամված գագաթն է միայն: Ետ չկանգնելով իմ որոշումից, ես կարողացա ապացուցել իմ ընտանիքին, որ կարող եմ լինել այդ ոլորտում եւ զերծ մնալ այն ամենից, ինչից այդքան խուսափում էր հայրս: Այսօր ես բաց ճակատով ընտանիքիս հետ քննարկում եմ իմ յուրաքանչյուր անելիք եւ այդ նույն բաց ճակատով էլ ներկայանում եմ հանդիսատեսին: Նա, ով գնում է իմ ձայներիզը, նայում է իմ տեսահոլովակներն ու ներկա լինում իմ մասնակցությամբ համերգներին, անում է դա` առանց մտածելու, որ հայրս ժամանակին պատգամավոր է եղել: Տվյալ հանդիսատեսին պարզապես դուր է գալիս իմ կատարած աշխատանքը: Եվ, ի վերջո, այդ ո՞ր զավակ սիրող հայրը չի փորձում աջակցել իր երեխային: Ասեմ նաեւ, որ շատ ավելի լավ է լսել, որ հայրդ է քեզ աջակցում, քան` սիրեկանդ: