«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը մեծ խնդիր է Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցության եւ անվտանգության հարցերի համար»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբիշվիլին` ելույթ ունենալով ուսանողների եւ վերլուծաբանների առջեւ` Պոտոմակ ինստիտուտի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնում: «Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի կապված են Լեռնային Ղարաբաղի հետ, այդ հարցի լուծումը գտնվում է Ռուսաստանի ձեռքում, Ռուսաստանի ռազմակայանը գտնվում է այնտեղ, եւ հարաբերությունները Ադրբեջանի հետ կարգավորված չեն»,- ասել է նա` հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով չլուծված են մնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: «Այսինքն, գլխավոր հարցը մնում է Ղարաբաղի խնդրի լուծումը, քանի որ դրա առկայության պայմաններում ստիպված են մի կողմ դնել մյուս հարցերը: Հայաստանը չի կարող իր զարգացմանը ուշադրություն դարձնել, քանի որ գլուխը զբաղված է այլ բաներով, եւ շատ ներքին խնդիրներ կան»,- ասել է վրացի դիվանագետը: