Ինչն է լավ եւ ինչն է վատ հայերի համար

05/11/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Քանի որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է, լավն ու վատն էլ են հարաբերական հասկացություններ: Ընթերցողի մոտ կարող է հարց ծագել, թե ինչպե՞ս կարող է լավը եւ վատը լինել հարաբերական: Բերեմ մի քանի օրինակներ: Խորհրդային ժամանակաշրջանում դպրոցում երեխաներին սովորեցնում էին, որ Պավլիկ Մորոզովը լավ է արել, որ մատնել է իր հորն ու պապին: Այսօր, բնականաբար, մորոզովների նմաններին «չմարիտ» են անում: Կամ ասում էին, որ կոմունիստները լավն են, իսկ դաշնակները` վատը: Այսօր պարզվում է, որ այն ժամանակ 50%-ով էին սխալվում` իրականում կոմունիստներն էլ էին վատը: Եթե վատը չլինեին, այսօր «ռայկոմի քարտուղար» Գեղամյանը «քաղկոմի քարտուղար» Յուրա Մանուկյանին չէր մեղադրի «լենինյան գաղափարներին դավաճանելու» հարցում: Այս դեպքերում ժողովուրդն ասում է «Ով …` ով գնա Պալմա-դե Մայորկա»: Իհարկե, դա չի նշանակում, որ «թոփ-թազա» կոմունիստ Յուրի Մանուկյանը Գեղամյանից լավն է: Այս դեպքերում էլ ժողովուրդ ասում է` «Երկուսն էլ նույն, մեղմ ասած, կոնգլոմերատներն են, բայց տարբեր ամաններում»: Ես չեմ ասում, ժողովուրդն է ասում, իսկ ժողովրդին սիրում են եւ կոմունիստները (ինչպես հին, այնպես էլ նոր ու «թոփ-թազա»), եւ Գեղամյանը: Էլ չեմ խոսում մեր իրականության ամենազվարճալի օրինակի մասին, երբ ժամանակին աթեիզմ դասավանդողներն այսօր «Կրոնի պատմություն» են դասավանդում (Իրականում` թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա նրանք ոչինչ էլ չեն դասավանդում: Ուղղակի սպասում են, թե երբ է գալու քննաշրջանը, որ սկսեն ուսանողներից փող հավաքել: Շատ քրիստոնեական մոտեցում է: Կարող էին, չէ՞, օրինակ, փող չվերցնել եւ ուսանողին «կտրել»): Համեմատություններ կարելի է բերել ինչքան ուզում եք, սակայն ավելի լավ է փորձենք հասկանալ, թե ի՞նչ կատեգորիաներով են որոշում լավն ու վատը անկախ Հայաստանի քաղաքացիներն այսօր: Նախ` սկսենք նրանից, որ այս հարցում հայերը ծայրահեղական չեն: Իսկ դա նշանակում է, որ թե լավը, թե վատը բազմերանգ են: Կարող ենք որպես օրինակ բերել մի քանի ամենատարածված հարցերի ամենատարածված պատասխանները:

Հարց. «Ո՞նց եք»:

Պատասխաններ. «Արտակարգ» (այս պատասխանն անկախությունից ի վեր Հայաստանում կարելի է լսել միայն օլիգարխիկ հակում ունեցող մարդկանցից), «դզող», «մանրից», «սենց էլ մնա` լավ ա», «յոլա», «ո՞նց պիտի ըլնենք», «վատ», «շատ վատ» եւ, ուշադրություն, ամենատարածված պատասխանը, որը կապված է մարմնի ամենափափուկ մասի հետ:

Հարց. «Ի՞նչ կա-չկա»:

Պատասխաններ. «Ջանսաղություն» (պապենական պատասխան), «Է՜հ», «Ինչ կար, էլ չկա» (նախկինում լավ ապրող, բայց այսօր Արթուր Բաղդասարյանի ավանդներին սպասող հայերի պատասխան), «լոքշություն», «ապրում ենք, էլի..», «ինչ ուզես` կա» եւ այլն:

Կյանքի տարբեր բնագավառներում լավը եւ վատը տարբեր բառերով են արտահայտվում: Օրինակ, եթե խոսքը ավտոմեքենայի համարների մասին է, ապա գոյություն ունեն «ծիծակ» եւ «տուֆտա» համարներ: Եթե ուզում են բնութագրել աղջկան, ասում են` «թուզ», «նանար», «հալալ կաթնակեր», «գեղցի», «հետամնաց», եթե տղային` «լյավ տղա», «ղարաբաղցի», «պիրյոդ ա», «օրը հազարնոց տղա», «խիար», «պիտուխ» (ավելի վատ արտահայտությունները տպագրության համար չեն): Ժամանակակից տեխնիկան լինում է «սպիտակ», «դեղին», «գարանտիայով» եւ «յարմարկի»: Մեքենաները` «ֆիրմա», «սովետական», «պետական» եւ «պուզատիների»:

Երգիչ-երգչուհիները` տաղանդավոր, անտաղանդ, «լեւի» եւ Արման Բարդումյան: Քաղաքական գործիչները լինում են «պրոֆեսիոնալ», «հզոր», «ազգընտիր», «խուրդա», «ծախված» եւ Գառնիկ Իսագուլյան: Եթե հիշում եք, խորհրդային շրջանում կար մի այսպիսի արտահայտություն` «Վարորդը նաեւ հսկիչ է»: Ինչ վերաբերում է մեր պատգամավորներին, ապա նույն սկզբունքով մեզ մոտ հիմա «Պատգամավորը նաեւ գործարար է»:

Կարծում եմ, որ այս խառնաշփոթի մեջ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա հասկանալ` ինչն է լավ եւ ինչը վատ: Եվ քանի որ մեր պետությունում այսօր այս պատկերն է, դրա համար էլ ոչ ոք չի հասկանում` «այո՞»-ն է լավ, թե՞ «ոչ»-ը, գնա՞լն է լավ, թե՞ մնալը, գրագե՞տն է լավ, թե՞ անգրագետը, «խիա՞ր»-ն է լավ, թե՞ վարունգը: Ինչպես ասում են. «Ոնց էս ճաշը եփել եք, այնպես էլ կերեք»: Ուղղակի այստեղ մի «բայց» կա: Այդ ճաշը ստիպված ենք բոլորս ուտել:

Ես լավատես եմ եւ չեմ ուզում անհամ ճաշ ուտել: Ավելի ճիշտ, ուզում եմ համով ճաշ ուտել (այս արտահայտությունն ավելի լավատեսական է): Հենց այդ պատճառով մենք բոլորս միասին պիտի այնպես անենք, որ մեր եփած «ճաշի» աղը տեղը լինի, շատ կծու չլինի, «տակը չկպչի»: Մի խոսքով, հայկական համուհոտ գա այդ «ճաշից»:

Բոլոր հայերին միայն լավը կամեցող` Ա.Ք.