Հիմք ընդունելով Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը` նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դիմել է Ազգային ժողովին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկությունը Ազգային ժողով հասնելուց մեկ ժամ հետո արդեն քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում: Այն ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում եւ կքննարկվի երկուշաբթի օրը: Թեեւ պաշտոնապես համաներման նախագծի մանրամասները չեն բացահայտվում, սակայն, մեր տեղեկություններով` այն կարող է վերաբերել մոտ 2000 ազատազրկվածների, որոնցից շուրջ 400-ը կհայտնվեն ազատության մեջ, իսկ մնացածի դեպքում` կկրճատվի պատժաչափը: Բնականաբար, այս համաներման հիմնական նպատակը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, թեեւ իշխանությունները, բնականաբար, դա չեն խոստովանում: Նշենք, որ ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո համաներումը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում, եւ պետք չէ բացառել, որ արդեն երեքշաբթի օրն այն կարող է ուժի մեջ մտնել: