«Ցանկալի է, որ յուրաքանչյուր ղեկավար գոնե երեք տարվա սահմանագիծն անցնելուց հետո տեղափոխվի մեկ այլ բաժնում ծառայության,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` պարզաբանելով,- Սա նպաստում է մի քանի առումներով` տեղի հետ կապվածության, հարմարվողականության` ընդհուպ մինչեւ կրիմինոգեն էլեմենտների հետ: Իմ կարծիքով, նոր ղեկավարն ավելի արդյունավետ պայքար է մղում հանցավորության դեմ»: Նա ընդգծել է, որ պատրաստվում է վերանայել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր 4-5 տարի շարունակում են պաշտոնավարել միեւնույն պաշտոնում: «Նախապատրաստվում եմ նայել այն ցանկը, որտեղ ղեկավարները երեք տարուց ավելի, 4-5 տարի նույն տեղում ղեկավարում են: Շատ ցանկալի կլինի, որ ռոտացիոն փոփոխություններ տեղի ունենան, սա արդյունավետ միջոց է»,- նշել է նա: Ինչ վերաբերում է ոլորտի ինքնամաքրման գործընթացին, Ալիկ Սարգսյանն ասել է, որ այն շարունակում են ավելի խորացնել. «Ես խնդրում եմ, դրան նորմալ մոտեցեք, դա հանրապետության նախագահի հանձնարարականն է, ես կարծում եմ, որ ավելի լավ է` մենք դրանով զբաղվենք, քան մեկ ուրիշ հիմնարկ: Նախագահն էլ, կարծում եմ, վստահում է մեզ»: «Պատրաստ ենք պատժել բոլորին, բայց էս պահին չեմ ուզում դա ուղղակի Թամամյանին վերագրել»,- անդրադառնալով Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու դատարանի որոշմանը` ասել է նա: «Քննությունը շարունակվում է, մենք երեւի առիթ կունենանք խոսել քննության ավարտից հետո: Թամամյանի մեղքը թող հիմնավորվի: Գիտեք` էս պահին ինչի համար են նրան մեղադրում, սա էլ հիմնավորման կարիք ունի, նախաքննությունը շարունակվում է, թող հիմնավորեն, թող դատարանի վճիռ լինի, որից հետո մենք կանդրադառնանք դրան: Իսկ ինչ վերաբերում է նման երեւույթներին եւ նույնիսկ ոչ նման հասարակական հնչեղություն պարունակող դեպքերին, ուղղակի ձեզ պարզ ուզում եմ ասել` ցանկացած երեւույթ պատժելու ենք, ցանկացած: Ես «ներում» բառը արդեն հանում եմ իմ գործունեությունից, նկատի ունեմ` մեր համակարգից»,- ասել է Սարգսյանը։