Երեկ վերջապես Սերժ Սարգսյանը որոշեց համաներում հայտարարել եւ, ամենայն հավանականությամբ, այդ ճանապարհով ազատ արձակել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված վերջին ընդդիմադիր գործիչներին:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին կետը նախագահին իրավունք է տալիս համաներում հայտարարելու առաջարկություն ներկայացնել Ազգային ժողովին: Եվ Ս.Սարգսյանը երեկ դա արել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոնկրետ մարտյան դեպքերի հետ կապված` այսօր դեռեւս անազատության մեջ են գտնվում չորս քաղբանտարկյալներ` Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Շմավոն Գալստյանն ու Արա Հովհաննիսյանը:
Երեկ ժամը 16-ից հետո ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովն այս առաջարկությունը քննարկելու համար հրավիրել է դռնփակ նիստ եւ դրական եզրակացություն տվել Ս.Սարգսյանի առաջարկությանը: Այն արդեն ընդգրկվել է ԱԺ հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերի օրակարգ: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը փակ նիստից հետո տեղեկացրեց, որ համաներման բովանդակության հետ կապված մի քանի առաջարկություն են ներկայացրել նախագահին: Ս.Սարգսյանը կարող է դրանք ընդունել, կամ` ոչ: Ամեն դեպքում, համաներման առաջարկության վերջնական տարբերակը ԱԺ-ն կքննարկի արտահերթ կարգով քառօրյայի առաջին նիստերի ժամանակ, չի բացառվում` երկուշաբթի օրը: Այնուհետեւ ԱԺ-ին կներկայացվի համաներման մասին ԱԺ որոշման նախագիծ: Իսկ «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն` ԱԺ նախագահը համաներում հայտարարելու մասին այդ որոշումը ստորագրում եւ հրապարակում է խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Եվ չի բացառվում, որ ՀՀ իշխանություններն այնպես կազմակերպեն համաներման գործընթացը, որ հենց երկուշաբթի այդ որոշումը ստորագրված լինի: Եվ նույն իշխանությունների ցանկությունից է կախված, թե չորս քաղբանտարկյալները երբ կհայտնվեն ազատության մեջ` մինչեւ մայիսի 31-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավա՞քը, թե՞ դրանից հետո: Երկու տարբերակն էլ չի բացառվում: Իշխանությունները կարող են Մարտի 1-ի դեպքերի հետ կապված իրենց բնորոշ չկամությունը դրսեւորել եւ հնարավորինս ձգձգել ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը, կարող են նաեւ իրենց իսկ ասած` «չարությունը հաղթահարել» եւ մինչեւ ամսվա վերջը բաց թողնել: Ամեն դեպքում քաղաքական որոշումը կայացված է, եւ Հայաստանը վերջապես քաղբանտարկյալներ չի ունենա:
Եվ նույնիսկ երեկ` համաներման հայտարարությունից հետո էլ, իշխանությունները հրապարակավ չէին ընդունում, որ այն արվում է Մարտի 1-ի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պատճառով: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե փորձ է արվում Ս.Սարգսյանի այդ հայտարարությունը կապել «այս կամ այն քաղաքական խնդրի հետ»: «Բայց համաներումը կապված է ՀՀ անկախության 20-ամյակի հետ: Նման իրադարձություններին պիտի նախորդեր համաներման պրոցեսը»,- ասաց Գ.Սահակյանը:
Վերջինս երեկ նույնպես չընդունեց, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում ավելի քան 3 տարի անազատության մեջ գտնվող գործիչները քաղբանտարկյալ են: «Որեւէ անձնավորում չկա, բայց մենք հուսով ենք, որ ազդեցություն կունենա նաեւ բոլոր դատապարտյալների վրա, հույս ունենք, որ կանդրադառնա նաեւ մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված բանտարկյալների վրա»,- ավելացրեց Գ.Սահակյանը:
Պետաիրավական հանձնաժողովի գաղտնի նիստից առաջ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ անկախության 20-ամյակի առիթով հայտարարված այս համաներումը կլինի աննախադեպ ընդգրկմամբ: «Եվ հաշվի առնելով նաեւ ներքաղաքական վերջին զարգացումները` ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները քաղաքական հարթություն տեղափոխելու ամբողջ գործընթացը` ենթադրում եմ, որ սա կտարածվի նաեւ 1-ի գործով դատապարտված անձանց վրա»,- ավելացրեց պատգամավորը:
Երեկ ոչ մեկը չասաց, թե այդ համաներման որոշումը քանի դատապարտյալի կամ որ հոդվածներով դատապարտվածների նկատմամբ կտարածվի: Բայց քաղաքական կուլիսներում արդեն խոսում են, որ այն իսկապես «աննախադեպ» է, որովհետեւ տարածվելու է մոտ 2000 դատապարտյալի նկատմամբ, որից ազատ կարձակվեն մոտ 500-ը: Իսկ մնացածների դեպքում կկրճատվի պատժաչափը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանի բանտերում այսօր իրենց պատիժն են կրում մոտ 4000 դատապարտյալներ: Հիշեցնենք նաեւ, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված եւս մի համաներում հայտարարվեց 2 տարի առաջ` 2009թ. հունիսի 19-ին, որի արդյունքում ազատ արձակվեցին մոտ 320 բանտարկյալներ, այդ թվում` մոտ 50 քաղբանտարկյալներ: Դրանից հետո բանտերում մնացել էին ավելի քան 20 քաղբանտարկյալներ, եւ անցած 2 տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները բավականին դանդաղորեն ու մեկիկ-մեկիկ նրանց ազատ արձակեցին հիմնականում պայմանական վաղակետ ժամկետները լրանալուց հետո: Իսկ դեռեւս բանտում պահվող Ս.Միքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ՔՕ 225 եւ 235 հոդվածներով` զանգվածային անկարգություն եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքներով: Ն.Փաշինյանը` 3 տարի 10 ամսվա ազատազրկման` 225 հոդվածով: 9 տարվա ազատազրկման էր դատապարտված նույն 225 եւ 235 հոդվածներով մեղադրվող Ա.Հովհաննիսյանը: Իսկ Շ.Գալստյանի համար սահմանվել էր 6,5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք նաեւ, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ միջազգային կառույցներ Հայաստանին դատապարտել են այդ դեպքերի համար եւ պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այդ պահանջները չկատարելու համար այս ընթացքում մեր երկիրը թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական մեծ կորուստներ է կրել: Իսկ հատկապես վերջին մի քանի ամիսներին միջազգային կառույցներից հնչող այդ պահանջներն աննախադեպ էին: Գրեթե ամեն շաբաթ որեւէ կառույց կամ որեւէ պաշտոնյա այդ մասին հիշեցնում էր ՀՀ իշխանություններին: Հայաստան այցելող բոլոր պաշտոնյաներն այդ հարցը բարձրացնում էին իշխանությունների առջեւ եւ քննարկում էին ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ: 2008-ի մարտյան դեպքերից 3 տարի ու 3 ամիս հետո վերջին քաղբանտարկյալներին ազատ արձակելու որոշում կայացվեց: «Ընդհանրապես համաներումները քաղաքական երեւույթ են, բայց սա առավել ընդգծված քաղաքական է, որովհետեւ ուղղակի առնչվելու է մարտի 1-2-ի իրադարձությունների հետ: Այն ժամանակ, երբ մեծ համաներում էին կատարում կապված մարտի 1-2-ի իրադարձությունների հետ, դա ամբողջական պետք է լիներ: Այն ժամանակ էլ մենք նույն կարծիքն ենք հայտնել` ասելով, թե չի կարելի կիսատ թողնել: Հիմա այս որոշումը կիսատ գործերի հետեւանքների վերացում է նշանակում: Ժամանակին ամբողջական լինելու պարագայում մենք այս լարվածությունն իզուր տեղը չէինք էլ պահպանի: Եվ եթե այն շատ ավելի վաղ վերացվեր, իր սեւ գործը չէր կատարի, ու մենք կունենայինք շատ ավելի նորմալ վիճակ»,- ասում է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ավելացնենք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը 3 տարի շարունակ եղել է ընդդիմության գլխավոր պահանջը: Իսկ վերջին ամիսներին այն ՀԱԿ-ի ներկայացրած 3 պահանջներից մեկն էր: Եվ ՀԱԿ առաջնորդները միշտ հայտարարել են, թե իշխանությունների հետ երկխոսության կգնան միայն իրենց ընկերներին ազատ արձակելուց հետո: Իսկ ապրիլի 28-ի հանրահավաքում ընդդիմադիր շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք էր հայտնել, որ մինչեւ մայիսի 31-ը ազատ են արձակվելու բանտում մնացած մի քանի ընդդիմադիր գործիչները: Երեկ ՀԱԿ-ից չցանկացան մեկնաբանել Ս.Սարգսյանի համաներման առաջարկությունը: «Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացին, եւ երբ բավարար չափով տեղեկատվություն լինի, թե կոնկրետ ինչ բովանդակություն ունի համաներումը, ըստ այդմ կխոսենք»,- ասել է Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, բայց վստահություն հայտնել, թե «երկրում ընթացող գործընթացները վստահություն են ներշնչում, որ մինչեւ այս ամսվա վերջ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը ավարտին կհասցվի»: