Անբովանդակ ակտիվություն

20/05/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա մեր երկրի տնտեսական ակտիվությունն այս տարվա ապրիլին 7.7%-ով ավելի բարձր է եղել նախորդ տարվա ապրիլի ցուցանիշից։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակված նախնական տվյալներում։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից ԱՎԾ-ն ներկայացնում է ոչ թե համախառն ներքին արդյունքի, այլ տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Հաշվարկի նոր մեթոդին անցնելուց ի վեր՝ սա ամենաբարձր ցուցանիշն է։ Մինչ այդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հունվարին՝ 6.1%, որից հետո հաջորդող երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 1%-ից էլ ցածր էր։ Իսկ հիմա՝ 7.7%։ Կարող եք չկասկածել, որ առաջիկա օրերին այս ցուցանիշին ձոներ կնվիրվեն ասուլիսասեր պաշտոնյաների կողմից։

Եթե փորձենք գուշակել, թե մյուս մակրոտնտեսական ցուցանիշներից որն է հիացմունքի օբյեկտ դառնալու, ապա միանշանակ դա արդյունաբերությունն է։ Վիճակագրությունը այս ոլորտում այս տարվա ապրիլին արձանագրել է երկնիշ՝ 11%-անոց աճ նախորդ տարվա ապրիլի համեմատ։

Նշենք, որ աճ է արձանագրվել անխտիր բոլոր ոլորտներում։ Ամենաքիչ չափով՝ 0.6%-ով, աճել է գյուղատնտեսությունը, որի արտադրանքի ծավալներն ապրիլին կազմել են 35.4 միլիարդ դրամ։ Փոխարենը, եթե ապրիլի ցուցանիշը դիտարկում ենք նախորդ ամսվա հետ համեմատության մեջ, գյուղատնտեսությունը ամենաբարձր աճն է արձանագրել՝ 42%։

Ծառայությունների ոլորտը նույնպես սկսել է կենդանության նշաններ ցույց տալ։ Հունվարին այստեղ գրանցվել էր ռեկորդային՝ 24.4% աճ, որը, սակայն, փետրվարին նվազեց մինչեւ 6.3%, իսկ մարտին արձանագրվեց 7.4%-անոց անկում։ Ապրիլի տվյալներով` ծառայությունների ոլորտը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 9.3%ով եւ տվել 68.1 միլիարդ դրամի արտադրանք։

Սակայն գլխավոր «հայտնությունը» շինարարության ոլորտն է։ Ճգնաժամից ի վեր այս ոլորտում ցուցանիշները միշտ բացասական են եղել։ Անկումը շարունակվում էր նաեւ այս տարի. 2011թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել էր 11.7% անկում, փետրվարին՝ 4.1%, իսկ մարտին անկումը կազմել էր 5.2%։ Ապրիլին պատկերը փոխվել է եւ արձանագրվել է աճ, այն էլ երկնիշ՝ 16.9%։ Ուշագրավն այն է, որ նախորդ ամսվա՝ մարտի համեմատ, ոլորտում 4.2% անկում է գրանցվել։ Այսինքն, 2010թ. ապրիլի համեմատ գրանցված աճը պայմանավորված է հիմնականում նախորդ տարվա վատ ցուցանիշներով։

Առեւտրի շրջանառության ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ աճելով ընդամենը 0.2%-ով։ Սա փոքր-ինչ զարմանալի կարող է թվալ, քանի որ 7.7%-անոց ակտիվացման պարագայում սպառման ծավալները գրեթե չեն փոխվել։ Տնտեսագիտության այբուբենի համաձայն, եթե տնտեսությունն աշխուժանում է, եկամուտներն էլ աճում են (վիճակագրության համաձայն՝ ապրիլին միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է

5.2%-ով), ապա կամ սպառման ծավալներն են ավելանում, կամ խնայողությունների։ Իսկ մեզանում ոչ սպառումն է աճում, ոչ էլ խնայողությունները։

Անհասկանալի թվացող այս պատկերը պարզ է դառնում, եթե նկատի ունենանք, որ ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է շուրջ 9%։ Այսինքն, մարդկանց եկամուտները փաստացի ոչ միայն չեն աճել, այլեւ նվազել են։

Արտաքին առեւտրի մասին խոսելիս հարկ է նշել, որ, մասնավորապես, մանրածախ առեւտրաշրջանառության ցուցանիշները ձեւավորվում են ՀԴՄ կտրոնների տվյալների հիման վրա։ Սպառողները որքան շատ պահանջեն ՀԴՄ կտրոն, առեւտրաշրջանառության ցուցանիշն այնքան մեծ կլինի։ Պետական եկամուտների կոմիտեն վերստին ակտիվացրել է ՀԴՄ կտրոնների խաղարկության միջոցով ակտիվություն մտցնելու փորձերը. հաճախակի են դարձել գովազդները, սկսել են մեքենաներ խաղարկել եւ այլն։ Սակայն, ըստ երեւույթին, այդ միջոցառումները դեռ սպասված արդյունքը չեն տալիս։

Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա այստեղ ցուցանիշները առաջին հայացքից դրական են, սակայն, ավելի խորը դիտարկելու դեպքում` մտահոգվելու տեղիք են տալիս։ Այսպես, այս տարվա ապրիլի (նախորդ տարվա ապրիլի համեմատ) արտահանումն աճել է 21%-ով, իսկ ներմուծումը` 16.6։ Մեր պաշտոնյաների տերմինաբանության մեջ, որպես կանոն, սա ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «արտահանման տեմպերի առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ»։ Սակայն նույն պաշտոնական վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ այդ «առաջանցիկությունը» գնալով կրճատվում է։ Մարտի տվյալներով, օրինակ, արտահանումն աճել էր 28.2%-ով, ներմուծումը՝ 12.9%-ով։ Իսկ փետրվարին արտահանման աճի տեմպը շատ ավելի բարձր էր՝ 36.6%, այն դեպքում, երբ ներմուծումն աճել էր 8.1%-ով։

Նշենք նաեւ, որ արտահանման ցուցանիշը թույլ չի տալիս չափից շատ ոգեւորվել, երբ դիտարկում ենք արտահանման կառուցվածքը։ Ապրիլի մանրամասն ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, սակայն առաջին եռամսյակի տվյալները թույլ են տալիս պատկերացում կազմել արտահանման պատկերի մասին։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումը կազմել է 262.5 միլիոն դոլար, որից 205 միլիոն դոլարը (կամ 78%-ը) կազմում են աղյուսակում նշված տասն ապրանքները։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ հումքային նյութերը։ Ընդ որում, աղյուսակից կարող եք ինքնուրույն եզրակացնել, թե աճը ինչի՞ հաշվին է գրանցվել։ Օրինակ, մեր արտահանման «հերոսի»՝ պղնձի հանքաքարի արտահանումը նախորդ տարվա 43.3 միլիոն դոլարի փոխարեն` այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 60.4 միլիոն դոլար, սակայն բնեղեն արտահայտությամբ նվազել է 2187 տոննայով։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։

Վերադառնալով ընթացիկ ցուցանիշներին՝ նշենք, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 373.4 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 1 միլիարդ 209 միլիոն դոլար։ Արտաքին առեւտրի բացասական սալդոն այս տարվա առաջին 4 ամիսներին կազմել է 836 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2010թ. հունվար-ապրիլին կազմել էր 1.4 միլիարդ դոլար, այդ թվում՝ արտահանումը` 112.4 289.8 մլն դոլար, ներմուծումը՝ 1 միլիարդ 119 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշվեկշիռը նախորդ տարվա առաջին 4 ամիսների տվյալներով բացասական էր եղել 829 մլն դոլարով։ Այսինքն՝ չնայած այս տարվա արտահանման «առաջանցիկ աճին», արտաքին առեւտրի ճեղքվածքը շարունակում է մեծանալ։