Ինչպես միշտ

20/05/2011

Գալիք ամիսներին ԱՄՆ Սենատի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության հաստատումն ընթանալու է չափազանց լարված մթնոլորտում: Նման կանխատեսում է անում Ամերիկայի հայկական համագումարը: ԱՀՀ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 90-ական թվականների կեսերին Հեֆերնը աշխատում էր նախկին կոնգրեսական Դագ Բերոյթերի հետ, ով Կոնգրեսում հայտնի էր իր ընդգծված թուրքամետ եւ հակահայկական հայացքներով: «Նախապես դեսպանի թեկնածու Հեֆերնին անձնապես քննադատելուց զերծ մնալով հանդերձ` հարկավոր է նշել, որ նրան հեշտ չի լինի հիմնավորել իր հայացքները եւ տարանջատել դրանք նախկին կոնգրեսական Բերոյթերի հայացքներից: Օրինակ, 1995-1996թթ., երբ Հեֆերնը կոնգրեսականի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ էր, Բերոյթերը քվեարկեց մի քանի օրինագծերի դեմ, որոնք ուղղված էին ոչ միայն Հայաստանի շահերի, այլ նաեւ մարդու իրավունքների պաշտպանմանը ողջ աշխարհում»,- նշված է ԱՀՀ-ի հաղորդագրության մեջ: «Հեֆերնի նախկին ղեկավարը նաեւ քվեարկել է Թուրքիային տրամադրվող օգնության 25 միլիոն ԱՄՆ դոլարի կրճատման օրինագծի դեմ, որն առաջարկվել էր` հաշվի առնելով Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումները եւ Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը: Կոնգրեսականն այն ժամանակ դեմ էր քվեարկել մի օրինագծի, ըստ որի` կրճատվելու էր Թուրքիային տրամադրվող ֆինանսավորման չափը, մինչեւ նա չկատարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու բոլոր համապատասխան քայլերը: ԱՀՀ-ն հույս է հայտնում, որ Հեֆերնը կկարողանա հաջողությամբ հաղթահարել այդ դժվար ճանապարհը եւ ներկայացնել Միացյալ Նահանգների դիրքորոշումն ու պատմական հստակ արձանագրումը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը եւ նրա հետեւանքները ճանաչելու վերաբերյալ, այլ նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ իրականացվող ագրեսիայի դեմ պայքարելու` տարածաշրջանում խաղաղություն, բաց սահմաններ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի դրսեւորում եւ ժողովրդավարության նկատմամբ նվիրվածություն երաշխավորելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: