Հայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետների կողմից անցկացվող ուսումնասիրություններն անհանգստացնող չեն: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նշենք, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագիտացված առաքելությունն այս օրերին ՀԱԷԿ-ում ուսումնասիրություններ է անցկացնում: «Անհանգստացնող բաներ չկան, կայանն աշխատում է իր ամենօրյա ռիթմով, հետո նման ուսումնասիրություններ պարբերաբար են կատարվում: Սա ինչ-որ նորություն չի, որ, ասենք, շատ անհանգստացած լինենք կամ չգիտեմ ինչ»,- ասել է նա: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանի ատոմակայանի փակման հարցը բարձրացնի, Մովսիսյանը պատասխանել է. «Չեմ կարծում` նման հարց կդրվի: Տեխնիկական վիճակն են նայում, տեխնիկական վիճակը բավարար է: Նորից եմ ասում, չեմ կարծում` որեւիցե խնդիր կլինի»: ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների ուսումնասիրությունները ՀԱԷԿ-ում կավարտվեն երկու շաբաթից: