Այս տարվա մարտի 17-ին մեր թերթում անդրադարձել էինք Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդիկ Մուշեղյանի (Կյաժ Էդո) գործունեությունից մի դրվագի: Հիշեցնենք, որ Արաբկիրի բնակիչ Մարինա Պողոսյանին թաղապետարանի գույքահարկի բաժնից ծանուցում էր ուղարկվել, որում նշվում էր, թե իբր բնակչուհին չէր վճարել ավտոմեքենայի 3 տարվա գույքահարկը՝ 320.000 դրամ, եւ եւս 150.000 դրամ տուգանքները: Սա` այն դեպքում, երբ բնակչուհին 2009թ. 320.000 դրամ գույքահարկը վճարել էր: Թաղապետարանում բնակչի այն պնդմանը, որ սխալ հաշվարկ են կատարել, եւ, որ 2009թ. գույքահարկը վճարված է, Արաբկիրի թաղապետը պատասխանել էր, թե իբր իրենց համակարգչում չկա, որ այդ մուծումը կատարված է: Ավելին, բնակչից պահանջել են, որպեսզի 2009թ. գույքահարկի վճարման կտրոնը տանի թաղապետարան եւ ապացուցի: Նկատենք, որ ՀՀ որեւէ քաղաքացի պարտավոր չէ 2 տարի շարունակ պահել վճարման որեւէ կտրոն: Բնակչի հարցին` «իսկ եթե 2 տարի առաջվա կտրոնը ես չեմ պահել, ի՞նչ պետք է լինի այդ դեպքում», Արաբկի վարչական շրջանի ղեկավար Է. Մուշեղյանը պատասխանել էր, թե գույքահարկի վճարման կտրոնները պետք է պահել-փայփայել 10 տարի: Այլ խոսք, որ նման անգրագիտության որեւէ տեղ դժվար է հանդիպել, բայց այդ անգրագիտության արդյունքում, եթե բնակիչը պատահաբար չգտներ 2009թ. վճարման այդ կտրոնը, ստիպված պետք է լիներ վճարել 436.000 դրամ ավելի գումար: Ավելացնենք, որ երբ բնակիչը կտրոնով ներկայացել էր թաղապետարան, պահանջել էր իր ներկայությամբ կրկին ստուգել համակարգչային տվյալները եւ… պարզվել էր, որ իր վճարման տվյալները կան: Այդ դեպքում, ո՞ւր պետք է գնար այդ 436.000 դրամ կրկնակի վճարումը: «Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մարդ է ստիպված լինում եւս մեկ անգամ գույքահարկ վճարել եւ տուգանքներ մարել»,- ասում էր Արաբկիրի բնակիչը:
Այս հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե Արաբկիրի թաղապետ Է. Մուշեղյանն իր մասին կրկին չհիշեցներ: Մեր թերթի այդ հրապարակումից հետո թաղապետը որոշում է վրեժխնդիր լինել Արաբկիրի բնակչուհու նկատմամբ: Արաբկիրի թաղապետարանը 6 հայցադիմում է ներկայացնում ՀՀ Վարչական դատարան` գույքահարկերի բռնագանձման պահանջներով: Եվ արգելանք է դնում Արաբկիրի բնակիչ Մ. Պողոսյանին եւ նրա որդուն պատկանող գույքի վրա: Թերթի էջերում տեղի սղության պատճառով ներկայացնենք հայցերից 1-2-ը` պատկերացնելու համար Մուշեղյանի անգրագիտության աստիճանը:
Թաղապետարանի գումարային` 150.200 դրամ պահանջներից մեկը ներկայացվել է Մ. Պողոսյանի անունով` «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի համար, այն դեպքում, երբ այդ ավտոմեքենան ի սկզբանե եղել է բնակչի որդու անունով: Որոշ ժամանակ անց կրկին ուղարկել են պահանջագիրը, այս դեպքում` արդեն որդու անունով: Դեռեւս նոյեմբեր ամսին Մ. Պողոսյանը թաղապետարանի գույքահարկի բաժնի պետին տեղյակ է պահել, որ որդին 2010թ. հունիսից զինվորական ծառայության է, եւ, որ պետք է գույքահարկի վերահաշվարկ արվի: Ի գիտություն Է. Մուշեղյանի` նշենք, որ ըստ Գույքահարկի մասին ՀՀ օրենքի հոդված 15-ի (Գույքահարկի գծով արտոնությունները), «Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք»:
Երբ բնակչուհին գնում է գույքահարկի վճարում կատարելու (որի համար թաղապետարանը դիմել է դատարան` գումարի բռնագանձման եւ գույքի վրա արգելանք դնելու պահանջով եւ հուլիսի 22-ին դատական նիստ է հրավիրված)` իր հետ տանելով վերոնշյալ օրենքը եւ որդու ծառայության զորամասից համապատասխան տեղեկանք, թաղապետարանից պատասխանում են, թե բնակիչը պետք է դիմում գրի, եւ իրենք էլ պետք է մեկ ամսվա մեջ այդ հարցը քննարկեն եւ որոշում կայացնեն: Ի՞նչը պետք է որոշեին` հայտնի չէ: Փաստորեն, վերահաշվարկը չէին կատարել, եւ այդ ընթացքում տույժեր են կիրառել: «Այնպիսի տպավորություն է, թե Արաբկիրի թաղապետարանն առանձին կառույց է, որը ՀՀ-ում չի գտնվում: Ի՞նչ է նշանակում` դիմում գրել, եթե ես օրենքն եմ մատնանշում: Միգուցե Արաբկիրի թաղապետարանը լրիվ առանձին իրավասություններ ունի, որոնց մասին մենք տեղյակ չենք: Երբ ես ասացի, որ` 6 ամիս առաջ էլ եմ Ձեզ դիմել, նա պատասխանեց, թե, այո, բանավոր դիմել եք, այսինքն՝ չի ասում, թե չեք դիմել»,- նշեց բնակչուհին, ում` Արաբկիրի դատախազություն դիմելու հայտարարությունից հետո միայն՝ թաղապետարանն ընդունել է, որ բնակչուհու պահանջն իրավացի եւ օրինական է: Իհարկե, 152.000 դրամ գույքահարկի փոխարեն կինը վճարել է 36.000 դրամ, որից 7000 դրամը եւս անօրինական էր, բայց, ինչպես բնակչուհին ասաց, ստեղծված քաշքշուկից այլեւս հոգնել էր: Սա քաղաքացու դեմ Արաբկիրի թաղապետի կողմից ներկայացված 1 հայցի պատմությունն է` անգրագիտության դրսեւորումը, որի համար, կրկնենք, դատական նիստ է նշանակված հուլիսի 22-ին:
Երկրորդ հայցով թաղապետ Էդիկ Մուշեղյանը Արաբկիրի բնակչից գույքահարկի բռնագանձման եւ գույքի վրա արգելանքի պահանջ է ներկայացրել ՎԱԶ-21093 մակնիշի ավտոմեքենայի համար, որը օտարված է դեռեւս 1994 թվականից:
Երրորդ հայցով Է. Մուշեղյանը հայց է ներկայացրել բնակչի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի 3 տարվա գույքահարկի բռնագանձման եւ գույքի վրա արգելանքի պահանջով` տույժ-տուգանքներով 66.852 դրամ: Բնակիչը, բարեբախտաբար, եւ ի դժբախտություն թաղապետի` իր տան թղթերի մեջ գտել է նաեւ այս մեքենայի գույքահարկի վճարման կտրոնը (կներկայացնի դատարանում): Վճարումը կատարվել է 2010թ. նոյեմբերի 29-ին` 34.736 դրամ:
Չորրորդ հայցով Արաբկիրի թաղապետ Է. Մուշեղյանը Արաբկիրի բնակչից դատական հայցով պահանջում է 14 տարվա տան գույքահարկը` 44.157 դրամ: Ի դեպ, ձեռքի հետ հիշեցնենք, որ Մուշեղյանը մինչեւ 2005թ. Արաբկիրի փոխթաղապետ է աշխատել:
Եվ այլն: Պատկերը պարզ է, չէ: Այսպես, ընդհանուր թվով` 7 հայց:
«Թաղապետարանի իրավաբանական բաժնի պետին հարցնում եմ, թե` 7 հայց եք գրել իմ դեմ, ո՞րն է նպատակը, ասում է՝ «հա, դե դատարանում կհանդիպենք, որի կտրոնը կգտնեք, հայցը հետ կվերցնենք»: Այսինքն՝ քաղաքացին պիտի ամիսներ շարունակ իրավաբան գտնի, օրենք բացատրի, կտրոն գտնի, որ իրենց անգրագիտությունը բացահայտի: Առաջարկում եմ թաղապետարանի համակարգիչները նվիրաբերել որեւէ կազմակերպության` որպես բարեգործություն, քանի որ նրանք դրանից օգտվել չգիտեն»,- ասում է ՀՀ քաղաքացին՝ այլեւս չզարմանալով թաղապետարանի այդչափ բարձիթողի վիճակից: «Արաբկիրի թաղապետը մուռ է հանում այն պատճառով, որ հոդված է տպագրվել թերթում: Ուզում եմ հասկանալ` Արաբկիրի թաղապետը պետական ա՞յր է, թե՞ «լավ տղա», որը ինչ-որ թաղային հեղինակություններ է «գործուղում» ինձ վրա` ամոթանք տալով, որ թերթին բողոքել եմ: Երեւի մտածում էր, որ պետք է քաղաքացին թույլ տա, որ ոմն թաղապետի անգրագիտության կամ կամայականության պատճառով հարյուր-հազարավոր դրամ գումար գրպանե՞ն: Հայցադիմումի ձեւակերպումը ցնցող էր. «Պատասխանողը (բնակիչը.- հեղ.) խախտելով ՀՀ «Հարկերի մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքները` չի կատարել իր պարտականությունները եւ ժամանակին չի վճարել գույքահարկի գումարը, ինչը խոչընդոտել է բյուջեի կատարմանը եւ համայնքի ղեկավարի օրենքով սահմանված լիազորությունների կատարմանը»: Ա՞յս ձեւով է ուզում բյուջեի կատարողականն ապահովել: Փորձելով խաբե՞լ: Ուրեմն որքա՞ն բնակիչներ են կանգնելու նման խնդրի առջեւ: Եվ ո՞ւր են գնալու այդ կրկնակի բռնագանձումները:
Այդ տղան շատ էր նեղվել այդ հոդվածից, որտեղ ես անձնապես իրեն չէի էլ վիրավորել, պարզապես իմ իրավունքներն եմ պաշտպանել եւ Արաբկիրի բնակչությանը տեղյակ պահել թաղապետի մտացածին-անգրագետ իրազեկման մասին, այն է` վճարման կտրոնները 10 տարի պահել, որպեսզի կրկնակի-եռակի անգամ նույն գումարը մարդիկ չվճարեն: Եթե իմ` թերթին դիմելը ամոթ բան է, այդ դեպքում ակնհայտ անհիմն եւ անգրագետ հայցերով դատարան մտնելը եւ քաղաքացուհուց վրեժխնդիր լինելը տղամարդու, ավելին` ղեկավարի քա՞յլ է: Լավ կլիներ Մուշեղյանը կողմնորոշվեր՝ ինքն ի՞նչ կատեգորիայի է պատկանում` փողոցի՞, թե՞ պետական համակարգի»:
«Պատկերացնո՞ւմ եք, 130.000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում որքան մարդ նման խնդրի առջեւ կկանգնի: Որպես հին արաբկիրցի` հիմա որոշել եմ կամավոր հիմունքներով իմ թանկարժեք կոշիկների ցանկը ներկայացնեմ Մուշեղյան Էդիկին` գույքահարկի հավաքագրման նպատակով` ի աջակցություն Արաբկիր համայնքի բյուջեի կատարման»,- ասում է քաղաքացին: