Ստեփան Թալասլօղլուն Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանոցի տնօրենն է: Ս. Թալասլօղլուի պատմելով՝ ինքը երբեւէ չէր էլ մտածում գերեզմանոցի տնօրեն դառնալու մասին, բայց, ինչպես հաճախ ասում են, կյանքն է ստիպում, հանգամանքներն են թելադրում: «Ինձի համար էլ արտասովոր պաշտոն մըն է: Անանկ բան մըն կա: Եթե բախտ ունիք, գերեզմանատուն կըրնաք մտնիլ, բախտ չկա՝ կայրվիք, ամեն բան կըրնա ըլլալ: Անանկ մտածել պետք է»,- ասում է գերեզմանոցի տնօրենը: Գերեզմանոցը 3 աշխատակից ունի, որոնցից մեկը տնօրենն է: Վերջինս անձամբ է հոգ տանում տեղի մաքրության, ծառերի խնամքի մասին: «Ես շատ երիտասարդ եմ, քիչ մըն ծեր ըլլալ է պետք այստեղ աշխատելու համար: Բախտն ասանկ ըլլավ»,- ավելացրեց տնօրենը՝ շարունակելով ծառերն էտել: Ըստ տնօրենի՝ արդեն 23 ամիս է, ինչ զբաղեցնում է գերեզմանոցի տնօրենի պաշտոնը: «Առաջին ատենները քիչ մըն գեշ կզգայի: Կհարցնեին՝ ի՞նչ գործ կընիս, կասեի՝ գերեզմանատունն եմ: Բայց մարդ էակն ամեն բանի կըրնա վարժվիլ, գեշություն չեմ ընել, գործ մըն է: Շատ լավ էլ պարտեզ է, թռչուններ էլ կան»,- ստամբուլահայ հայտնի մարդկանց շիրմաքարերը մատնացույց անելով՝ նշում է Ս. Թալասլօղլուն:
1551թ. հիմնված Սկյուտարի Սբ. Խաչ եկեղեցու գերեզմանոցն իսկական պուրակ է հիշեցնում, ուր հասնում ես վերնասլաց, նեղլիկ արահետների նմանվող ճանապարհներով: Գերեզմանոցը գտնվում է աշխույժ երթեւեկով փողոցի անկյունում՝ Պահլարբաշիում: 1881թ. պարսպապատված գերեզմանոցի փարթամ ծառերի համբերատար մենախոսությունը, երբեմն էլ` ուղերձները, մի տեսակ նախապատրաստում են գերեզմանոցի այցելուներին: Գերեզմանոցի դարպասների վերեւում դրված խաչն ու Թուրքիայի դրոշը տեսնելով՝ սառում ես: Տնօրենի ասելով՝ Թուրքիայի դրոշը հազվադեպ է տեղադրում գերեզմանոցի մուտքի մոտ, ինչպես ինքն է ասում՝ առիթից առիթ, տոնից տոն:
Գերեզմանոցն աներեւակայելի կոկիկություն ունի, որտեղ անգամ ճանապարհներն են բաժանված: Փոքրիկ ուղեցույց-սլաքը մատնանշում է դեպի շիրմաքարեր տանող ճանապարհները կամ ուղիները, որոնք իրենց անվանումներն ունեն, ինչպես օրինակ` Վարդանանց ուղի եւ այլն: Ամեն քայլափոխի աղբարկղեր են տեղադրված, երբեմն էլ հարմարություն չգտնելով՝ ծառերին են ամրացրել: Նստարաններին կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հանգիստ, ինչպես պուրակում, զրուցում են: Չնայած դրան, «Այստեղը գեշ բան մըն է: Հուզում ունի, այստեղը երկու ընկերս թաղեցի: Անկե առաջ էլ ընկերներս այստեղ թաղվեցան… Շատ գեշ բան մըն է»,- հանկարծ ասաց գերեզմանոցի տնօրենն ու հուզմունքից գլուխը շրջեց:
Թվում է՝ գերեզմանոցի՝ 24.000 մետր տարածության մեջ ամեն բան այնքան նման է, ինչպես երբեք: Տնօրենը մերթ պատմում էր այնտեղ թաղված երեւելի մարդկանց գործունեության մասին, մերթ ինչ-որ բան փնտրող հայացքով հեռուները նայում: «1500 հատ ըսածիս պես շիրիմ ունիմ, համա պառկողը չհամրեցա: Ըսածիս պես՝ շիրիմի մեջը 3 հոգի ալ կըրնա ըլլալ, 5 հոգի ալ»,- նշեց զրուցակիցս, ով շուրջ 2 տարի է՝ աշխատում է գերեզմանոցում: Նրա ասելով՝ Սկյուտարում հայերն այնքան էլ շատ չեն, ինչպես, ասենք, Քուրթուլուշում, Ֆերիկոյում: Եվ դա է պատճառը, որ թաղումները քիչ են լինում: Ըստ նրա՝ տարեկան 20-25 թաղման արարողություն հազիվ է լինում: «Պետրոս Դուրյանի հանգստաքարն է»,- հանկարծ ասաց զրուցակիցս, որից հետո երկուսս էլ լռեցինք: Լուսանկարի փոքրիկ շրջանակից հանդարտ, տխուր նայում էր Պ. Դուրյանը: «Դուրյանի ձախ կողմում՝ մոր, աջ կողմում՝ եղբոր շիրիմներն են»,- նկատեց զրուցակիցս: Հսկա ծառերի ստվերի տակ, փողոցի երթեւեկից համրացած՝ այստեղ է, որ դարձյալ սկսում ես փնտրել անպատասխան հարցերի տրամագիծն ու մարդկային հարաբերությունների իրական դիմագիծը: «Այստեղը վերջակետն է, անոր համար կյանքին արժեքը կըրնանք ավելի լավ գիտենանք»,- ավելացրեց զրուցակիցս: