Յոթ տարվա ազատազրկում՝ օծանելիքի բույրո՞վ

20/05/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 24 տան բնակչուհի Սիլվա Այվազյանը, ով նախքան մեր թերթին դիմելը` բազմաթիվ դիմում-բողոքներ է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Դիմում-բողոքները վերահասցեագրվել են Արարատի մարզի Վեդի քաղաքի ոստիկանություն, որտեղից պատասխանում են` «Դատարանի վճիռը փոփոխել անհնար է»: Բանն այն է, որ Ս. Այվազյանի որդուն` Գեղամ Հակոբյանին, 2010թ. դեկտեմբեր ամսին ձերբակալել են ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, այնուհետեւ նույն մեղադրանքով դատապարտել են յոթ տարվա ազատազրկման: «Հասկանո՞ւմ եք, նա չի կատարել այդ արարքը, չի ապացուցվել նրա կողմից հարձակում կատարելու փաստը, բայց դատապարտել են յոթ տարվա ազատազրկման: Որդիս 24 տարեկան է, ծառայել է Ղարաբաղի Եղնիկների ամենավտանգավոր գոտում, անգամ ծառայության ընթացքում մենք չենք գնացել տեսակցության: Նա դաստիարակված մարդ է եւ չէր կարող նման արարք թույլ տալ իրեն»,- ասում է մայրը` Ս. Այվազյանը: ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գ. Հակոբյանը պահանջում է վերանայել իր գործը` հայտարարելով, որ իրեն մեղադրել են մի հանցանքի մեջ, որն ինքը չի կատարել:

2010թ. դեկտեմբերի 24-ի երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Ս. Այվազյանի հարեւանուհու` Նարինե Հովհաննիսյանի տուն է մտել անհայտ անձը, բռնել է նրա պարանոցից, նրան հրելով գցել է գետնին եւ հեռացել է: Ն. Հովհաննիսյանի բնակարան մուտք գործած անձը ոչինչ չի գողացել: Ընդ որում, Նարինեի գրկում է եղել նրա 2 տարեկան երեխան. հարձակման պահին երեխան չի տուժել: Ըստ Գեղամի մոր` Սիլվա Այվազյանի` հարձակման ենթարկված Նարինեի կրծքավանդակին քերծվածք է առաջացել` հատակին ընկնելու պատճառով: Տուժող Ն. Հովհաննիսյանը չի տեսել հանցագործին, քանի որ նա տուն է մուտք գործել մթության մեջ եւ թիկունքից: Ի դեպ, Ն. Հովհաննիսյանի ամուսինն այդ ժամանակ գտնվել է Մոսկվայում, իսկ ինքը Ոսկետափ գյուղում բնակվել է վարձակալական հիմունքներով: Ն. Հովհաննիսյանը դեպքից առաջ հարեւանների ներկայությամբ ասել է, որ ամուսինը 200 դոլար է բանկի միջոցով ուղարկել, որը պետք է ստանա նրա մորաքույրը եւ իրեն փոխանցի: Ինչեւէ, դեպքից անմիջապես հետո Ն. Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրեն հարձակման ենթարկած անձը` «ոնց որ թե Գեղամն էր»: Այնուհետեւ այդ կասկածանքը բացատրել է նրանով, որ հանցագործի օծանելիքի բույրը ճիշտ նույն Գեղամի օծանելիքինն է: Գեղամի կողմից հանցագործություն կատարելու կասկածանքի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նույն օրը նա եւ Նարինեն գտնվել են հարեւանուհու տանը, որտեղ էլ Նարինեն հայտարարել է ամուսնու` գումար ուղարկելու մասին լուրը: Այսինքն, ըստ Ն. Հովհաննիսյանի` Գեղամն այդ գումարը գողանալու նպատակով է հարձակում կատարել, բայց թե ինչու է ձեռնունայն հեռացել` պարզ չէ: «Դրանից մեկ ամիս առաջ Գեղամը մեր հարեւանի տղայի մեքենան վերցրել էր եւ գնացել էր ընկերուհու հետ հանդիպման: Ճանապարհին նա մեքենան խփել էր եւ անմիջապես տարել էր վերանորոգման: Եկավ տուն ահավոր անտրամադիր: Հետո եղբոր հետ կիսվել էր կատարվածի մասին եւ ասել էր, որ մեքենայի վերանորոգման համար 150.000 դրամ գումար են ուզել: Ամուսինս Ռուսաստանում է աշխատում, բայց այդ ընթացքում նա տանն էր ու մի քանի օրից պիտի մեկներ: Ես այդ գումարը տոկոսով վերցրեցի, ու միասին տարանք վճարեցինք մեքենայի վերանորոգման համար պահանջվող ծախսը: Ամուսինս շատ խիստ մարդ է, դրա համար տղաս վախենում էր նրան պատմել կատարվածը: Անընդհատ ասում էր` կասեմ-կասեմ, բայց ձգձգում էր: Ես զայրանում էի` ասում էի` պիտի ասես, հայրդ պետք է իմանա, որովհետեւ էդ գումարն էլ պարտք էինք վերցրել: Մի խոսքով` ճիշտ նույն օրն էր` դեկտեմբերի 24-ը, խոստացավ, որ պետք է ասի: Մտածմունքների մեջ էր ու մեր հարեւանուհի Նարինեենց տանը մի քանի հոգով հավաքված նստած են եղել: Հետո եկել է Նարինեն, զրուցել են եւ այլն»,- պատմում է մայրը` Ս. Այվազյանը` ասելով, որ գիշերվա ժամը 23:00-ի սահմաններում արդեն աղմուկ է բարձրացել, թե Նարինե Հովհաննիսյանի տուն անհայտ անձ է մուտք գործել եւ դատարկաձեռն հեռացել է: Ինչպես նշեցինք, Նարինեն օծանելիքի բույրից է կասկածել Գեղամին եւ ծնողներին սպառնացել է դիմել Ոստիկանություն. «Ինքը միայն ասել է, որ հանցագործը եղել է սեւ կուրտկայով, իր տանից ոչինչ չի գողացել ու դատարկաձեռն հեռացել է: Մենակ ասում էր` օծանելիքի հոտը ոնց որ թե Գեղամինն էր»: Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:00-ին Արարատի մարզի Վեդիի ոստիկանությունը ձերբակալել է Գեղամ Հակոբյանին` ավազակային հարձակում կատարելու կասկածանքով: Այնուհետեւ մեղադրող կողմը մեղադրանքը կազմել է այն հիմքով, որ Գ. Հակոբյանն` ընկերոջ մեքենան վթարի ենթարկելով, 150.000 դրամ գումարի պարտք ունենալով` ցանկացել է հարեւանուհի Ն. Հովհաննիսյանի բնակարանից գումար գողանալ: Ընդ որում, անձամբ Նարինեից իմանալով, որ ամուսինը Մոսկվայից գումար է ուղարկել: Փորձաքննությամբ պարզվել է, որ Ն. Հովհաննիսյանի բնակարանի բակում ընկած ծխախոտի մնացորդների թքային հետքերը համապատասխանել են Գ. Հովհաննիսյանի թքին, եւ արյան խմբի լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է համապատասխանելիությունը. «Մենք, ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ դատարաններում չկարողացանք ապացուցել, որ դա եղել են ամուսնուս ծխախոտի մնացորդները, որովհետեւ, երբ արդեն աղմուկ բարձրացավ կատարվածի մասին` շատերն էին հավաքվել Նարինեենց բակում: Ամուսինս ու տղաս նույն «Vip» ծխախոտն են ծխում, եւ 3 ծխախոտ այդ ընթացքում ամուսինս հանգցրել է նրա տան բակում: Հասկանո՞ւմ եք, երբ Ոստիկանությունում գործ էին կազմում, քննիչ Մովսես Նիկողոսյանն ասում էր` ձեր տղան ի՞նչ ա արել, որ մի հատ էլ բաց չթողնենք, հանգիստ եղեք, կազատենք: Մենք մեր իրավունքների համար չպայքարեցինք, որովհետեւ վստահ էինք, որ նա անմեղ է, ու բաց կթողնեն: Բայց, երբ դատարանը վճիռ կարդաց, որ յոթ տարի են դատում… դա մեզ համար շոկ էր, ահավոր մի հարված: Պատկերացրեք, որ էնքան անսպասելի էր, որ ես 6 օր կոմայի մեջ եմ եղել: Այսինքն` մտել են մարդու տուն, հարձակվել են նրա վրա ու առանց որեւէ բան տանելու հեռացել են: Մի քանի վայրկյանների ընթացքում տղաս ո՞նց կարող էր երեք ծխախոտ ծխել եւ գցել` այն էլ բակում: Չեն կարողացել գտնել իսկական հանցագործին ու տղայիս բերել կապել են իր հետ ոչ մի կապ չունեցող հանցանքի հետ»: Ս. Այվազյանը հայտարարում է, որ իր տղայի «գլխին սարքել են», որպեսզի փող աշխատեն, մանավանդ, որ տուժող Ն. Հովհաննիսյանը կարիքի մեջ է գտնվում եւ բնակարան չունենալու պատճառով` մշտապես այստեղից այնտեղ է տեղափոխվում: «Այդ դեպքի ժամանակ նույնիսկ աղմուկ էին տարածել, թե` Նարինեի ամուսինն ասել է, որ 7000 դոլար կպահանջես. եթե գումարը տան` բողոքը կճղես-կգցես, իսկ եթե ոչ` կբողոքես: Անձամբ ինձնից գումար չի ուզել Նարինեն, բայց էնպես են արել, որ ես իմանամ ու առաջարկեմ: Հասկանո՞ւմ եք, երբեք չէինք պատկերացնի, որ որդուս հետ նման դաժան ձեւով կվարվեն, դրա համար մենք ոչ մի բան չենք ձեռնարկել: Սա իսկական շոկ էր մեզ համար»,- ասում է նա:

Ինչեւէ, տեւական ժամանակ է, ինչ «Սեւան» ք/հ-ում գտնվող Գ. Հակոբյանը մեզ խնդրում է անդրադառնալ իր գործին: Կալանավայրից նամակով ներկայացրել էր գործի պատմությունը, բայց մերժել էինք տպագրել` բացատրելով, որ մեզ հիմնավորումներ են անհրաժեշտ: Նա մորը խնդրել էր գալ խմբագրություն եւ ներկայացնել քրեական գործի հետ կապված բոլոր մանրամասները եւ փաստերը: Ս. Այվազյանին մենք նախապես տեղեկացրել էինք, որպեսզի նա իր հետ փաստաթղթեր բերի խմբագրություն: Սակայն բազմաթիվ նախազգուշացումներից հետո Ս. Այվազյանը խմբագրություն էր եկել առանց մեղադրական եզրակացության, դատական արձանագրությունների եւ դատավճռի: Ս. Այվազյանը հայտարարում է, որ իր որդին անմեղ է, եւ պահանջում է վերանայել իր գործը, սակայն ձեռքի տակ չունի որեւէ փաստաթուղթ, որն ուսումնասիրելով, հնարավոր կլինի հաստատել նրա հայտարարությունը: «Էնքան նամակ-դիմումներ եմ գրել, որոնց կցելով` գործերն ուղարկել եմ, որ մոտս չէր մնացել: Ես խոստանում եմ «Սեւանի» գաղութից, որդուս մոտից բերել կոպիա անել ու տրամադրել: Հավատացե՛ք ինձ, ես ոչ մի բառ անգամ իրա օգտին չեմ ասում: Պատմում եմ ողջ ճշմարտությունը»,- հավատացնում էր Ս. Այվազյանը: