«168 Ժամը» օրերս նամակ է ստացել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ուսանողական թիվ 10 հանրակացարանի 327 սենյակի բնակչուհի Նորա Քանարյանից, որը տպագրում ենք ամբողջությամբ:
«Նախապես հայցում եմ Ձեր ներողամտությունը դիմումիս համար: Ձեզ դիմում եմ` որպես մարդ, եւ դիմում եմ Ձեր մարդկային խղճին փոքրիկ խնդրանքով: Խնդրում եմ, որ գոնե դուք մեզ չմերժեք: Մինչ այս դիմել եմ բազում այլ խոշոր կառույցների եւ ստացել միայն գրավոր մերժումներ: Եթե գոնե մեկ մարդ փոքր-ինչ խիղճ ունենա եւ չմերժի մեզ… Ես հոգաչափ շնորհակալ կլինեմ: Վստահ եմ` նաեւ Աստված կօրհնի դրա համար: Կարող եք նաեւ մարդ ուղարկել եւ տեսնել մեր ծանր վիճակը: Ես երկրորդ խմբի չքայլող հաշմանդամ եմ, տուն չունեցող այրի, գաղթական, թոշակառու կին եմ: Խնամում եմ միակ հարազատիս` տղայիս, որն ունի մի շարք հիվանդություններ եւ պետք է սնվի միայն խիստ դիետիկ սնունդով: Ստանում եմ ընդամենը 10.000 դրամ թոշակ եւ ունեմ կուտակված բազում պարտքեր` դեղատներում եւ սննդամթերքի առեւտուր իրականացնող խանութներում: Այդ պարտքերի պատճառով մեզ ահավոր ձեւով ճնշում են եւ հրաժարվում են «ապառիկով» տալ սնունդ կամ դեղ: Մնացել ենք մեր ոչ սեփական 2քմ խցիկ ու դատարկ սենյակում` սոված, ճնշված, լքված ու անհույս վիճակում: Խնդրում եմ Ձեզ, օգնե՛ք մեզ որեւէ փոքրիկ, չնչին դրամով, գոնե մեկ օր դեղ կամ սնունդ գնելու չափով: Խնդրում եմ, գոնե Դուք մի մերժեք, այլեւս հույս չունեմ: Ընդամենը մարդկային խիղճ, եւ մենք փրկված ենք»:
168 Ժամ. Ն. Քանարյանը նամակում մեջբերել է նաեւ մի հաշվեհամար, որը «ՎՏԲ Հայաստան» բանկում բացված է որդու` Համլետ Ռամազյանի անվամբ` «16048073547300»: Առաջիկայում մեր լրագրողը կայցելի Վանաձոր քաղաք` մանրամասն լուսաբանելու համար այս ընտանիքի վիճակը: