11 ոսկե, 6 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ

20/05/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբ օտար ափերում բնակվող որեւէ մեկը, ում ազգանունը պատահաբար վերջանում է «յան»-ով, որեւէ երկրում կամ բնագավառում հաղթանակ է տանում, սկսում ենք աշխարհով մեկ աղաղակել, թե տվյալ մարդը հայ է…

Կամ` ամենուր հայկական ազգանունով մարդ ենք փնտրում, այս կամ այն հայտնի մարդու արմատներում հայկական ծագում ենք փորձում պեղել…

Սակայն, երբ երկրում, մեր կողքին ապրող կարատեի մի ամբողջ թիմ մեկնում է ԱՄՆ, մասնակցում է միջազգային մակարդակի բաց առաջնության եւ գերազանց հաղթանակով` 20 մեդալով վերադառնում է Հայաստան, փակում ենք մեր աչքերն ու ականջները եւ դիմավորում նրանց արհամարհական լռությամբ: Եվ շատ անգամ այդպես վարվում ենք ոչ թե դիտավորյալ, այլ` սովորության համաձայն:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան երեք միջազգային կառույցների անդամ է` Աշխարհի կարատեի ֆեդերացիայի, Կարատեի միջազգային ասոցիացիայի եւ Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան հիմնվել է 1988թ.` ֆեդերացիայի հիմնադիր եւ նախագահ Գրիգոր Միխայելյանի կողմից: Ֆեդերացիայի պատվավոր նախագահն է Հրաչյա Հարությունյանը, ով հանդիսանում է ՀՀ նախագահի թիկնազորի ղեկավարը: 1996թ.-ից մինչ 2011թ. կարատեի մեր մարզիկներն ու մարզուհիները աշխարհի տարբեր առաջնություններում վաստակել են 39 ոսկե եւ 6 արծաթե գավաթներ, 135 ոսկե, 72 արծաթե եւ 37 բրոզե մեդալներ: «Շոտոկան» կարատեի ֆեդերացիան, որի նախագահը եւս Գ. Միխայելյանն է, ունի իր պատվավոր նախագահը` ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազան Մարտիրոսյանի:

2011թ. ապրիլին Հայաստանի կարատեի ֆեդերացիան հրավեր էր ստացել` մասնակցելու «ԱՄՆ-ի միջազգային բաց առաջնությանը», ինչպես նաեւ` «Ozawa cup» միջազգային բաց առաջնությանը: Երկու առաջնություններն էլ տեղի են ունեցել Լաս Վեգաս քաղաքում: Գրիգոր Միխայելյանը հպարտությամբ պատմեց կարատեի հայ մարզիկների տարած փայլուն հաղթանակի մասին: Հաղթանակ, որը, սակայն, հայրենիքում ընդունվեց տարօրինակ լռությամբ: «Հայկական թիմը` թվով 8 մարզիկներ, մեկնեցին ԱՄՆ` մասնակցելու երկու առաջնություններին: Հետաքրքրությունը նրանում էր, որ առաջնությունները տեղի էին ունենալու մեզ համար շատ կարեւոր օր` ապրիլի 24-ին: Մեր 8 մարզիկներն էլ երկու առաջնություններին գերազանց մասնակցեցին` վաստակելով 20 մեդալ` 11 ոսկե, 6 արծաթե եւ 3 բրոնզե: ԱՄՆ բաց առաջնությանը մասնակցում էին 73 երկրների պատվիրակություններ` 1500-ից ավելի մարզիկներ, մարզուհիներ: Մեր ամենափոքր մարզիկը 11 տարեկան էր, ամենամեծը` 21: Մասնակցել են նաեւ մեր երկու մարզիչները` 52-ամյա Ռազմիկ Սահակյանը, նա մրցել է 45 տարեկանից բարձր տարիքային խմբում: Մեր մյուս մարզիչը 41-ամյա Արմեն Գասպարյանն էր, ով մրցել է 35 տարեկանից բարձր տարիքային խմբում»,- նշեց Գ. Միխայելյանը:

Մեր հարցին` գո՞հ է արդյոք, թե ինչպես է արձագանքում հայկական մամուլը հայ մարզիկների տարած հաղթանակներին, Գ. Միխայելյանը պատասխանեց. «Իհարկե` ոչ: Ցանկացած երեխա` անկախ իր ընտրած սպորտաձեւից, եթե կարողանում է Հայաստան երկրի փառքն ու պատիվը բարձր պահել` իր գրաված մրցանակային տեղով, ոսկե մեդալով, պետք է անպայման գտնվի թե՛ պետական այրերի, թե՛ մամուլի ուշադրության կենտրոնում: Երեխան կամ պատանին ավելի շատ կարիք ունի ուշադրության: Նրա հոգեբանությունը խոցելի է: Իմաստությունն ու խելքը գալիս են տարիների ընթացքում: Մեծերս ըմբռնումով ենք մոտենում, որ հնարավոր է որոշակի անտարբերություն լինի մեր հանդեպ, սակայն երիտասարդները, պատանիներն ու երեխաները սիրում են լինել ուշադրության կենտրոնում` հատկապես, երբ վաստակել են այդ ուշադրության իրավունքը: Այդ մեծ բացի պատճառով, մեր լավագույն մարզիկները, ովքեր տարիներով գտնվել են բացահայտ անտարբերության միջավայրում, հետագայում իրենց բախտը սկսել են որոնել այլ երկրներում եւ բավական կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների եւ ուշադրության են արժանացել»,- ասաց Գ. Միխայելյանը:

– Ի՞նչ է անհրաժեշտ, օրինակ, պետական պաշտոնյաների ուշադրությունը գրավելու համար:

– Եթե Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում է մեր թիմի տարած հաղթանակի մասին պատմող տեսանյութ, կարծում եմ` այդքանը պետք է որ բավարար լիներ պետական պաշտոնյաների հետաքրքրությունը շարժելու համար: Կարատեի մեր թիմը բավական մեծ ֆինանսական ծախսեր է կատարել, որի մեծ մասը հոգացել են երեխաների ծնողները: Նրանց համար այդ բեռը ավելի թեթեւ կլիներ, եթե արժանի ուշադրություն լիներ հատկացված: Կարատե մարզաձեւը տարբերվում է իր հոգեբանական, ինքնադաստիարակման մոտեցամբ: Մեր դպրոցում սովորեցնում ենք յուրաքանչյուր երեխայի, որ նա ի սկզբանե գիտակցի, որ կարատեում մարզիկի միակ մրցակիցը ինքն է: Նրան պետք է հաղթել ինքն իրեն: Նա չպետք է ակնկալի, որ յուրաքանչյուր հաղթանակի համար իր գլուխը շոյելու են: Ուզում եմ նշել նաեւ, որ տարիների ընթացքում մեր հաղթանակները բազմիցս արժանացել են ուշադրության: Արժանացել ենք Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի` Գագիկ Ծառուկյանի ընդունելությանը, մեզ ընդունել է Վեհափառը, Ազգային ժողովի նախկին նախագահներ Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Թորոսյանը: Տարիներ առաջ, երբ մենք ԱՄՆ-ում աշխարհի չեմպիոն դարձանք, մեզ ընդունեց երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այդ ընդունելությունից հետո պետական բյուջեից իր կարգադրությամբ կարողացանք տարեկան 20 միլիոն դրամ պետական աջակցություն ստանալ: Երեւի թե Հայաստանում միակ մարզաձեւն ենք, որի բյուջեն այդ 20 միլիոն դրամից կրճատվել է եւ դարձել 2 միլիոն: Եվ, բնականաբար, նման պայմաններում կարատե մարզաձեւի պրոպագանդման, զարգացման մասին խոսելն անգամ ծիծաղելի է:

– Ի՞նչ միջոցներով է կարատե մարզաձեւը զարգանում Հայաստանում:

– Մի խումբ մարզիչների, ովքեր շատ մեծ դժվարությամբ, բայց սիրելով եւ կարեւորելով այս մարզաձեւը, իրենց ուսերի վրա կրում են այդ բեռը:

– Թվարկեցիք պետական այրերի անուններ, որոնց ընդունելությանն արժանացել եք: Որքանո՞վ է ձեզ համար առհասարակ կարեւոր պաշտոնյա անձի գնահատականը, ընդունելությունը:

– Երբ մարդ պետական պաշտոն է ստանձնում, նրա պարտականությունը եւ պատասխանատվությունը իր ազգի, ժողովրդի եւ պետության նկատմամբ բազմապատկվում է: Հաղթանակած մարզիկն, անշուշտ, ուզում է, որ իրեն տեսնի Սպորտի նախարարը, Ազգային ժողովի նախագահը, Օլիմպիական կոմիտեի նախագահը: Այդ ընդունելություններից հետո, վստահ եմ, որ երեխաների մոտ կրկնապատկվում է պատասխանատվությունը, կրկին հաղթելու ցանկությունը: Ասեմ, որ տարիներ առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանդիպելուց հետո, երեխաները մրցադաշտ մտնելուց առաջ` մինչ օրս խաչակնքվում են: Երեխային ոչ ոք հայրենասիրության դասեր չի տալիս, նա ինքնակամ է իր հաղթանակի պահին բարձրացնում Հայաստանի դրոշը, երգում հիմնը: Այդ ամենը ինքնաբուխ է եղել: Քանի որ խոսում ենք ճապոնական մարտարվեստի մասին, ուզում եմ նշել, որ այդ երկրի արժանիքն իր ժողովուրդն է: Ես երջանիկ կլինեմ, որ մի օր էլ, մեր երկրում կարեւոր արժանիքը ժողովուրդը համարվի:

– Կարատեն ամենատարածված մարզաձեւն է ՀՀ-ում: Ինչո՞վ եք բացատրում այդ փաստը:

– Հայոց պատմության մեջ չեք կարող գտնել մի էջ, երբ մենք առաջինն ենք հարձակվել որեւէ ազգի վրա: Մենք մշտապես պաշտպանվել ենք: Եվ մեր ամենամեծ հաղթանակներից մեկը, երբ մենք կրկին պաշտպանվում էինք` Արցախի պատերազմն էր: Եվ այսօր յուրաքանչյուր ընտանիք ներքուստ զգում է, որ իր երեխան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն, լինել ուժեղ: Զարմանալի է, բայց երբ երեխան ասում է, որ զբաղվում է կարատեով, նրան առաջարկում են աղյուս կոտրել: Սակայն կարատեն դա ագրեսիա չէ, կարատեն սովորեցնում է միայն պաշտպանվել, լինել գիտակից, հավասարակշռված եւ խելացի: Իսկ խելացի մարդը երբեք ինքնակամ կռվի մեջ չի մտնի: Նա կիմանա` ինչպես կանխել այդ կռիվը: