Իսրայելի խորհրդարանի կրթության եւ մշակույթի հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկելու պահանջը: Թուրքական TRT հեռուստաընկերության փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ: Նշենք, որ մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում` Կնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան: