Կաննի միջազգային կինոփառատոնում իսկական սկանդալ է տեղի ունեցել, որի արդյունքում հայտնի դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերը դարձել է «պերսոնա նոն գրատա» եւ այլեւս երբեք չի մասնակցելու եվրոպական այս խոշոր ստուգատեսի աշխատանքներին:
Փառատոնի գլխավոր մրցութային ծրագրում ներկայացված իր նոր` «Մելանխոլիա» ֆիլմի պրեմիերայից առաջ Լարս ֆոն Տրիերը նկատել է, որ իր նախնիների շարքում գերմանացի նացիստներ են եղել, եւ ուրեմն` ինքն էլ նացիստ է: «Ես նացիստ եմ, եւ այդ փաստն ինձ բավականին ուրախացնում է: Կարելի է ասել, որ ես շատ լավ հասկանում եմ Հիտլերին եւ որոշ չափով նաեւ` համակրում եմ նրան: Մենք` նացիստներս, սիրում ենք մասշտաբային պրոյեկտներ անել»,- ասել է նա ասուլիսի ժամանակ եւ բավականին կտրուկ եւ բացասական մեկնաբանություններ է արել Իսրայելի հասցեին: Նա ասել է, որ Իսրայելի քաղաքականությունը «համաշխարհային գլխացավանք է» է: Կաննի փառատոնի տնօրինությունը նրա խոսքերը համարել է հակասեմիթական ու վիրավորական եւ կոշտ ձեւակերպմամբ` արգելել է դանիացի ռեժիսորին մասնակցել փառատոնի աշխատանքներին: Ու թեեւ Լարս ֆոն Տրիերը հաջորդ օրը փորձել է արդարանալ եւ ներողություն է խնդրել` ասելով, որ ընդամենն անհաջող կատակել է, սակայն տնօրինությունը չի մեղմացրել իր արգելքը: «Մելանխոլիան» մնում է մրցույթի մեջ եւ տեսականորեն կարող է անգամ արժանանալ գլխավոր մրցանակին, սակայն նույնիսկ այդ դեպքում` ֆոն Տրիերը չի կարողանա անձամբ ստանալ մրցանակը, քանի որ նրան թույլատրվում է փառատոնային գլխավոր կինոդահլիճից գտնվել ոչ պակաս, քան 100 մ հեռավորության վրա: «Ես հիմար եւ ոչ պրոֆեսիոնալ արարք եմ գործել: Այս պատմությունն ինձ համար իսկական շոկ դարձավ: Ինձ թվում էր, որ սրճարանում նստած զրուցում եմ ընկերներիս հետ, սակայն պարզվեց, որ մեր զրույցի վկան դարձավ ողջ աշխարհը: Ես շատ մարդկանց վիրավորեցի եւ ցավում եմ դրա համար»,- ասել է ֆոն Տրիերը: Եվ ավելացրել է, որ այս աղմկալի պատմությունը դրդում է իրեն առավել հեղափոխական ֆիլմեր նկարահանել: Հայտնի ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լելյուշը ֆոն Տրիերի արարքն անվանել է «կինեմատոգրաֆիստական ինքնասպանություն»:
Ուշագրավ է, որ այս պատմական ասուլիսին ներկա լրագրողներից շատերը ֆոն Տրիերի խոսքերն իսկապես ընկալել են որպես կատակ, քանի որ ռեժիսորը միշտ էլ աչքի է ընկել պարադոքսալ եւ մռայլ հումորի զգացումով: Սակայն հրեական կազմակերպությունները (հատկապես Հոլոքոստի զոհերի միությունը) միշտ զգոն են, եւ հենց նրանց հորդորով էլ Կաննի փառատոնի տնօրինությունը «պատժել» է ֆոն Տրիերին, ում կինոֆիլմերը 9 անգամ ընդգրկվել են փառատոնի հիմնական մրցույթում, իսկ «Մթության մեջ պարողը» ֆիլմն արժանացել է բարձրագույն պարգեւի` ոսկե արմավենու ճյուղի:
«Մելանխոլիա» ֆիլմը, որը ցուցադրվեց Կաննում, կինոքննադատներն անվանել են միաժամանակ ֆիլմ-աղետ եւ տիեզերական օպերա: Ֆիլմի հերոսներն իրենց հարսանիքի ժամանակ իմանում են, որ մոտենում է աշխարհի վերջը: Մելանխոլիան հսկայական մոլորակ է, որը դուրս է եկել իր ուղեծրից ու պատրաստվում է ճզմել Երկրագունդը: Սակայն, ըստ հեղինակի` այդ փաստը պետք է ոչ թե տխրեցնի մարդկությանը, այլ ուրախացնի` դրդելով հրաժարվել բոլոր տեսակի պատրանքներից ու հույսերից ու թույլ տա տրվել տարերային ուժին: Լավագույն հեփի-էնդն, ըստ ֆոն Տրիերի` կյանքի կարճատեւությունն է: Եվ եթե մահն անխուսափելի է, ուրեմն ավելի լավ է մահանալ անմահ երաժշտության հնչյունների ներքո (Ֆիլմի սաունդտրեկը Վագների «Տրիստանն ու Իզոլդան» օպերան է): Ի դեպ` Լարս ֆոն Տրիերը հայտարարել է, որ իր հաջորդ աշխատանքը լինելու է էրոտիկ ֆիլմ:
Իսկ Կաննի փառատոնը շարունակվում է բավականին երկյուղած իրավիճակում: Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը` ներկայացնելով իր «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմը, առաջին հերթին նկատել է. «Ուզում եմ նշել, որ ես նացիստ չեմ»: