Կարդում են երեխաների համար

20/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ինչպե՞ս կարելի է խթանել գիրք կարդալու մղումը պատանիների մոտ» հարցը, թերեւս, մտահոգում է ողջ աշխարհին:

Գիրք կարդալը առօրյա ու հետաքրքրական զբաղմունք դարձնելու համար տարբեր ձեւաչափեր են ստեղծվում, եւ դրանցից մեկն էլ «Գրական գիշեր» նախաձեռնությունն է, որն այս տարի իրականացվում է 15 եվրոպական քաղաքներում: Երեւանն այդ քաղաքների ցուցակում հայտնվել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի շնորհիվ, որն էլ հանդիպում-քննարկում էր հրավիրել Երեւանի Խնկո Ապոր մանկական գրադարանում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը երեւանցի դպրոցականների համար ընթերցեց Ժյուլ Վեռնի «Ուղեւորություն դեպի երկրի կենտրոն» պատմվածքն ու պատասխանեց պատանիների հարցերին: Չ.Լոնսդեյլի խոսքով` անձամբ ինքն է ընտրել այս ստեղծագործությունը, քանի որ Ժյուլ Վեռնին համարում է լավագույն եվրոպական արկածային վիպասանը, ում գործերը հետաքրքրում են հատկապես 13-14 տարեկաններին: Նա պատմեց, որ այդ հասակում ինքն էլ գիտաֆանտաստիկ ժանրի մեծ սիրահար է եղել ու ինքն իրեն հաճախ հարցրել է` ո՞րն է վերջիվերջո մեր Երկրագնդի կենտրոնը: «Ես կարծում եմ, որ այդ գիրքը կարդալը հաճույք կպարգեւի հայ պատանիներին ու հարուստ գրական աշխարհում ինքնուրույն ճամփորդելու կհրավիրի նրանց»,- ասաց նա: Եվ նրբանկատորեն ավելացրեց. «Ես գիտեմ, որ Հայաստանում բոլորը ընթերցասեր են եւ շատ են կարեւորում գիրքը»:

Իսկ այն հարցին` արդյոք ընթերցելու ցանկություն արթնանո՞ւմ է երեխաների մոտ, երբ հատուկ իրենց համար գիրք են կարդում հանրային ճանաչում ունեցող անձինք կամ պաշտոնյաները, պարոն Լոնսդեյլը պատասխանեց. «Միգուցե, եթե երեխաների համար գիրք կարդան դերասանները, արդյունքն ավելի նկատելի կլինի: Ես դերասան չեմ, բայց կփորձեմ հետաքրքրաշարժ ձեւով ներկայացնել նրանց դեպի Երկրագնդի կեղեւը ուղեւորություն կատարող հերոսների արկածները»: Հանրաճանաչ կամ իրենց մասնագիտության մեջ բարձունքների հասած անձանց կողմից ընթերցելու պրակտիկան իրականում մի քանի նպատակ է հետապնդում. ոչ միայն գրական գործերի գրավչությունն է բացահայտում ու ընթերցասերների բանակն է ընդլայնում, այլեւ` էմոցիոնալ ուղերձ է պարունակում: Չէ՞ որ մեծահասակը երեխային ներկայացնում է նաեւ իր ընկալած կյանքի մոդելը, որի մեջ գիրքը բնավ էլ երկրորդական դեր չունի: Գիրքն ինքնին արդեն դառնում է այն «պատվաստանյութը», որն օգնում է պատանիներին ու մանուկներին` դիմակայել սոցիալական «վարակներին»` մեծացնելով մտահորիզոնն ու սովորելով հարցերի պատասխանները գտնել գրական ստեղծագործությունների մեջ: Չէ՞ որ, երբ շատ բան ես կարդացել ու իմացել, ավելի հազվադեպ ես սխալ որոշումներ կայացնում (ասենք` օրենսդրական, իրավական, բիզնեսի դաշտերում): Այդ բանաձեւը, թերեւս, ամեն օր ապացուցելու պահանջ ունի: Երեխաների համար գիրք կարդալը ոչ քարոզ է, ոչ էլ` սեփական անձը գովազդելու շանս: Դա ավելի շուտ պրակտիկ նշանակություն ունեցող հեռանկարային ներդրում է, որի շնորհիվ ձեւավորվում է վարքագծային մոդել: Չ.Լոնսդեյլն, օրինակ, ավարտելով իր ընթերցումը, պատասխանեց նաեւ երեխաների հարցերին: Պատասխանելով «Ո՞րն է Ձեր նախընտրելի մեքենան» հարցին` նա փորձեց զուտ հայաստանյան կոնտեքստը նկարագրել` նշելով, որ չի սիրում մեծ, փայլուն, թանկարժեք մեքենաները, իսկ հագուստի մեջ էլ նախընտրում է վառ գույները: Նա հորդորեց երեխաներին քիչ ուտել ֆաստ ֆուդ, շատ կարդալ ու ճամփորդել Հայաստանով մեկ: Նրա դիտարկմամբ` Երկրագնդի ամենագեղեցիկ վայրերից են հայաստանյան լեռները: Միգուցե հենց Սիսիանի ու Սյունիքի լեռների մոտակայքում էլ պետք է փնտրել Երկրագնդի «տաք կենտրոններից» մեկը: Պատանիների համար գիրքը հաճախ դառնում է հարց տալու սկիզբ: Եվ որքան շատ են այդ հարցերը, այնքան ավելի առողջ ու դիմացկուն մթնոլորտ է ստեղծվում: Նման հանդիպումների կարեւորությունը հենց այդպիսի աննկատ մթնոլորտային փոփոխություններն են:

Այս նախաձեռնությունը հատկապես ուշագրավ է Երեւանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստի կապակցությամբ, քանի որ իր զուսպ ու գործնական բովանդակությամբ շեշտում է` գիրքը ոչ թե գովազդելու, այլ կարդալու համար է: Միգուցե նման պրակտիկա որդեգրի նաեւ մեր հանրապետության կառավարությունն ու իր նախարարներին «գործուղի» դպրոցներ եւ մանկապարտեզներ` որեւէ հեքիաթ կամ պատմվածք կարդալու առաքելությամբ: Եվ թող յուրաքանչյուր նախարար իր սրտին մոտ ստեղծագործությունն ընթերցի երեխաների համար: Կարեւորը, որ դա լինի նրանց սիրած գիրքը: Եվ երեխաներն էլ կհամոզվեն, որ նախարար կամ դեսպան դառնում են գրագետ եւ գրասեր մարդիկ: Մեկ տարի շարունակ այդ պրակտիկան կիրառելով` մենք կկարողանանք լիովին փոխել գրքի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը (չենք սրբացնի այն, կամ էլ` վերածելով աղբակույտերի` չենք փտեցնի պահեստներում): Եվ 2012 թվականին ընդառաջ կհայտարարենք` մեր երեխաները կարդում են, որովհետեւ մենք էլ ենք կարդում: Մեծ Բրիտանիայի դեսպանը պատմեց, որ իր առաջին սիրելի գիրքը եղել է «Չարլին շոկոլադե գործարանում» հեքիաթը: Միգուցե մեր պաշտոնատար անձինք ավելի՞ հետաքրքիր բան կառաջարկեն մեր պատանիներին: