Բուժիչ նամակներ

20/05/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ստեպղին հայկական

Pastinaca sativa, պաստերնակ պասեւնոյ – ստեպղին ցանովի, «սպիտակ գազար»։

Ստեպղինը մշակվել եւ օգտագործվել է մարդու կողմից` որպես սնունդ եւ դեղամիջոց, Հին Հունաստանում, Հայաստանում, Հռոմում, Պարսկաստանի հյուսիսում։ Հույն վերաբնակները տարածել են բույսը դեպի Արեւելյան Եվրոպա, իսկ հռոմեացի նվաճողները` դեպի Արեւմուտք եւ Բրիտանիա։ Ցանովի ստեպղինը մշակվել է բնության մեջ աճող P.S. sylvestris տեսակից, որը ներկայումս հանդիպում է Կովկասից Բալկանյան թերակղզի ընկած տարածքներում։ Հայաստանի ալպիական գոտու մարգագետիններում մինչեւ 3000 մ բարձրության վրա հանդիպում է pastinaca armena բազմամյա տեսակը։ Բույսի բարձրությունը հասնում է 20-60 սմ-ի։ Ցանովի ստեպղինի արմատապտուղները կարող են լինել գազարի նման կոնաձեւ, դեղնասպիտակավուն գույնի կամ բազուկի պես գնդաձեւ։ Ստեպղինի արմատապտուղները անհամեմատ ավելի հյութեղ են եւ նրբահամ, քան սովորական գազարինը։ Ցանովի ստեպղինի տերեւները արտաքին տեսքով նման են մաղադանոսին։ Շոգ օրերին ստեպղինի տերեւները առատորեն արտադրում են եթերային յուղեր, որոնք քսվելով մարդկանց քրտնած ձեռքերին` կարող են այրվածքներ առաջացնել` բշտիկների կամ ցանի ձեւով։ Բույսը ցրտադիմացկուն է, խոնավասեր, լուսասեր, աճում է բերրի, տորֆային, ոչ թթու հողերի վրա, բազմանում է սերմերով։

Ստեպղինը ունի բարձր սննդային արժեք։ Արմատապտուղները պարունակում են ավելի քան 7% պեկտինային նյութեր, մինչեւ 4% օսլա, 11% շաքարներ, 100 գրամ արմատապտղի մեջ պարունակվում է 4 գրամ բջջանյութ, 1 գրամ սպիտակուց, 0,2 ճարպ, 250 մգ կալիում, 45 մգ ֆոսֆոր, 24 մգ կալցիում, 20 մգ մագնիում, 7 մգ նատրիում, 1 մկգ սելեն, 45 մկգ ֆոլիաթթու, կարոտին, ասկորբինաթթու, նիկոտինաթթու, վիտամիններ B1, B2, նաեւ յոդ, ծծումբ, քլոր։ Պտուղները պարունակում են 10% ճարպայուղ, 3,6% եթերային յուղեր, կումարին, ֆլավոնային գլյուկոզիդ, ֆուրոկումարին։

Ստեպղինի բուժիչ հատկությունները ճանաչված են ավանդական բժշկությունում։ Ապացուցված է, որ այն բարելավում է մարսողությունը, ամրացնում մազանոթների պատերը, համարվում է ցավամոքիչ, խորխաբեր միջոց, հատկապես օգտակար է թոքերի, բրոնխների համար։ Ստեպղինը խորհուրդ է տրվում թույլ նյարդային համակարգ ունեցող եւ մտավոր աշխատանք կատարող մարդկանց։ Բույսից առանձնացված պաստերնինը օգտագործվում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար։ Պաստինացինը կանխում է նեւրոզների հետեւանքով առաջացող կրծքահեղձուկի նոպաները։ Բուժական նպատակով հավաքում են ծաղիկները` տերեւները, պտուղը, արմատապտուղը եւ չորացնում են ջեռոցում 35-40 աստիճանի տակ։

Մեղուները հավաքում են ստեպղինի ծաղիկների ծաղկահյութը, եւ պատրաստում բաց գույնի, բարձր համային հատկություններով, որակյալ մեղր։ Բույսի մեղվատվությունը հասնում է 500 կգ-ի 1 հա-ից։

Բույսի մեջ պարունակվող ֆուրոկումարինները բարձրացնում են մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ, այդ հատկությունները օգտագործում են մաշկային հիվանդությունների բուժման համար։ Այդ նպատակով մշակված է «Բերօքսան» դեղամիջոցը։ Այն հակացուցված է հիպերտոնիայի, թոքախտի, նաեւ լյարդի, երիկամների, արյան, սրտի, նյարդային հիվանդությունների դեպքում։

Բնության մեջ աճող ստեպղինը չի կարելի ուտել հում վիճակում, այն կարող է թունավորում առաջացնել։

Մեր թվարկության առաջին հարյուրամյակի կեսերին հռոմեական բանակի բժիշկ Դիոսկորիդոսը առաջարկել է ստեպղինը տղամարդկային կարողությունը ուժեղացնելու համար, ջրգողության, հալյուցինացիայի, որովայնի շրջանում ցավերի դեպքում։

Բույսը հատկապես մեծ տարածում է ունեցել միջնադարում։

Ա.Ամասիացին գրում է. «Ստեպղինը առատացնում է մեզն ու դաշտանը։ Եթե տերեւները մանրեն, խառնեն մեղրի հետ, կօգնի մաշկային հիվանդությունների դեպքում։ Նյարդային հիվանդությունների դեպքում պետք է 3 գրամ սերմը խառնել նույնքան շաքարի հետ եւ ուտել։ Իսկ եթե կանայք խմեն այդ դեղամիջոցը, կօգնի հղիանալուն, իսկ տերեւների եփուկով ցրտահարված ձեռքերն ու ոտքերը լվանալու դեպքում կապտությունը կանցնի։ Եթե եփեն ուլի մսի, քացախի ու աղի հետ, ապա կօգնի ստամոքսի, լյարդի եւ փայծաղի հիվանդությունների դեպքում։ Եթե այս բույսը թրմեն մեղրի մեջ եւ ուտեն, կավելացնի սեռական կարողությունը, կբացի ախորժակը, կհեռացնի գազերը։ Այդ միջոցը լավ կլինի ընդունել ուտելուց առաջ եւ ուտելուց հետո, չափաբաժինը 6 գրամ է»։

Բույսի օգտակար հատկությունների լայն շրջանակը նպաստում է դրա կիրառմանը, ծանր հիվանդություններից վերականգնվող հիվանդների սննդակարգի մեջ` արմատներից պատրաստում են խյուս, չիպսեր, օգտագործում են արգանակների մեջ։ Պտուղները կարելի է մաքրել միայն չժանգոտվող դանակով։

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. Մանրացրեք ստեպղինի արմատները, տրորեք, 2 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք մեկ ժամ, բաժանեք 3-4 մասի, խմեք մեկական թեյի գդալ` խառնած մեղրի հետ, սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։

Երիկամային քարերի առկայության դեպքում. Տրորեք մեկ գրամ ստեպղինի սերմերը, թրջեք 50 մլ տաք ջրի մեջ, խմեք առանց քամելու։ Կրկնեք օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Բուժման ժամկետը համաձայնեցրեք բուժող բժշկի հետ։

Միզապարկի բորբոքման դեպքում. Խառնեք 1-ական ճ/գ ցախու տերեւները, ստեպղինի տրորած արմատապտուղը, ավելացրեք 500 մլ եռջուր, թրմեք 8 ժամ, քամեք։ Բաժանեք 6 մասի, խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Սա երկու օրվա չափաբաժինն է։

Սնունդը` դեղ

Աղցան ստեպղինից. լվացեք արմատները հոսող ջրի տակ, շոգեխաշեք, հեռացրեք կեղեւը եւ միջնամասը, կտրատեք, խառնեք լոլիկի հետ, ավելացրեք թթվասեր, համեմեք ըստ ճաշակի։

Ստեպղինը` մեղրով. Բույսի արմատները բաժանեք չորս մասի, 2-3 րոպե եփեք կաթի մեջ։ Քամեք, 20-30 րոպե եփեք յուղի մեջ, ջեռոցում, 220 աստիճանի տակ։ Ոսկեգույն դառնալուց հետո հանեք ջեռոցից, թաթախեք հեղուկ մեղրի մեջ եւ մատուցեք։

Դեպրեսիայի դեպքում

Մանրացրած 100 գրամ ստեպղինի թարմ արմատապտուղների վրա լցրեք 0,5 լ օղի, թրմեք 3 շաբաթ մութ տեղում, քամեք, ընդունեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։