ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, ասել է. «Ընտրական ժանրն իր օրենքներն ունի, այդ օրենքներին կհետեւեմ նաեւ ես: Եթե ես որոշեմ նման հայտարարություն անել, ես այն կանեմ: Այդ առումով երկար սպասելու բան չի մնացել»: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախկին նախագահ, գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններին, նա ասել է. «Իմ գորրծընկեր եւ քաղաքական պարտնյոր Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները պարզապես այն չեն, ինչ ընդունված է անվանել տանդեմ: Դրանք իրականում հարաբերություններ են, որոնք ձգվում են արդեն 20 տարուց ավելի: Մենք իրար բավական լավ գիտենք եւ ըմբռնում ենք մեկմեկու: Մենք իրականում համախոհներ ենք, մոտ մոտեցումներ ունենք երկրի զարգացման կարեւոր հարցերի վերաբերյալ: Բայց դա չի նշանակում, որ մեր հայացքներն ամեն հարցում համընկնում են»: