Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն իսկ ընթանում է խախտումներով։ Դրանցից կարեւորագույնը թերեւս այն է, որ սահմանադրական փոփոխությունները մերժողներին հեռուստաեթեր չի տրամադրվում (կամ գրեթե չի տրամադրվում)։ Բացի այդ, որ իշխանության տարբեր օղակներ փորձում են խոչընդոտել ընդդիմության մարզային այցերն ու բնակչության հետ հանդիպումները։
Ակնհայտորեն, իշխանությունները ձգտում են հանրաքվեի ժամանակ հնարավորինս մաքուր «այո» ապահովել։ Այսինքն` այնպես անել, որ խախտումները տեղի ունենան մինչեւ հանրաքվեն, իսկ նոյեմբերի 27-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ, ամեն ինչ ընթանա «հալած յուղի պես»։
Իսկ ինչո՞ւ են իշխանություններն անպայման ուզում սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Որքան էլ տարօրինակ է, բայց այս հարցին առայժմ որեւէ մեկը համոզիչ պատասխան չի տվել։ «Այո» քարոզողների այն պնդումները, թե «սահմանադրական բարեփոխումները կարեւորագույն քայլ են եվրաինտեգրման ճանապարհին եւ Հայաստանի համար լուրջ առաջընթաց են ապահովելու», այնքան էլ համոզիչ չեն։ Եթե իշխանություններին իսկապես պետք էր այդ «առաջընթացը», ինչո՞ւ էին ամիսներ շարունակ համառում, եւ ինչո՞ւ տեղիք տվեցին միայն Վենետիկի հանձնաժողովի ճնշման տակ։ Համոզիչ չեն նաեւ ընդդիմության այն պնդումները, թե «այս փոփոխությունների հիմնական նպատակը Քոչարյանի համար անձեռնմխելիության ապահովումն է»։ Քոչարյանն, այսպես թե այնպես, անձեռնմխելի է` քանի դեռ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, իսկ պաշտոնանկությունից հետո, այսպես թե այնպես, անձեռնմխելիության դրույթը շրջանցելու իրավական ձեւակերպումներ կգտնվեն։
Իսկապես, ինչո՞ւ են իշխանությունները ձգտում հանրաքվեի ժամանակ անպայման «այո» ապահովել։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. քաղաքական բոլոր ուժերին քարոզչության հավասար հնարավորություններ են տրվում, ստվերային մեխանիզմներ չեն կիրառվում, տեղի է ունենում իդեալական հանրաքվե, եւ սահմանադրական փոփոխությունները մերժվում են։ Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում Եվրախորհուրդը Հայաստանի նկատմամբ պատժամիջոցնե՞ր կկիրառի։ Կհայտարարի, թե Հայաստանը չի՞ համապատասխանում Եվրախորհրդի ժողովրդավարական չափանիշներին։ Ամենեւին։ Ճիշտ հակառակը` նախագահ Քոչարյանը կարող է պարծենալ, թե տեսեք` Հայաստանն այնքան ժողովրդավարական երկիր է, որ նույնիսկ իշխանությունների ջանքերին հակառակ` սահմանադրական փոփոխությունները մերժվեցին։
Ուրեմն ինչո՞ւ իշխանությունները չեն գնում այս ճանապարհով։ Պատասխանը միանշանակ է. որովհետեւ, եթե սահմանադրական փոփոխությունները մերժվեն, ընդդիմությունն անմիջապես կհայտարարի, որ «հանրաքվեի «ոչ»-ը «ոչ» է այս իշխանություններին», եւ իսկույն բազմահազարանոց հանրահավաքներ կկազմակերպվեն` նախագահի հրաժարականի պահանջով։ Իշխանություններն էլ, իհարկե, իսկույն գործի կդնեն փշալարերը, ջրցան մեքենաները, գիշերային շուրջկալները, եւ այլն։ Այսինքն` Հայաստանը հերթական անգամ կհայտնվի ոչ ժողովրդավարական երկրների, իսկ նախագահ Քոչարյանը` «ավտորիտար ղեկավարների» ցանկում։ Հենց սա է պատճառը, որ իշխանությունները գերադասում են ժողովրդավարական նորմերը ոտնահարել «փոքր դոզաներով»` քանի դեռ միջազգային դիտորդները Հայաստանում չեն։ Հակառակ դեպքում` ստիպված կլինեն դա անել «մեծ դոզայով» եւ այն էլ` միջազգային դիտորդների ներկայությամբ։
Մոտավորապես նույն գործընթացն, ի դեպ, տեղի է ունենում նաեւ Ադրբեջանում։ Պարզապես իշխանափոխության հարցն այնտեղ շատ ավելի կոնկրետ է դրված (այնտեղ լուծվում է ոչ թե սահմանադրության, այլ խորհրդարանի հարցը)։ Ալիեւը նույնպես ռեպրեսիաները սկսել է նախօրոք եւ ձգտում է ընդդիմությանը հաղթել մինչեւ բուն ընտրությունները (որպեսզի նոյեմբերի 6-ին ամեն ինչ ընթանա «հալած յուղի պես»)։ Այլ հարց է, որ Ալիեւն անհամեմատ ավելի ծանր վիճակում է, հետեւաբար` ստիպված է լինելու շատ ավելի կոշտ քայլերի դիմել։
Մինչդեռ միջազգային կառույցները բոլոր դեպքերում ստիպված են լինելու պահպանել պարիտետը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այսինքն` ստիպված են լինելու հայտարարել, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են ժողովրդավարության մոտավորապես նույն մակարդակի վրա։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքը մեծապես կախված կլինի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից եւ դրան հաջորդած իրադարձություններից։