«Մարտի 1-ը մեծ, խորը պրոբլեմ է Հայաստանի համար, ես կասեի` բաց վերք,- երեկ ՀՀ ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը` ավելացնելով,- Ես այդ հարցը քննարկել եմ եւ՛ խորհրդարանի նախագահի, եւ՛ երկրի նախագահի հետ եւ նշել եմ այն հանգամանքը, որ դա մեծ, անգամ ասել եմ` բաց վերք է: Ձեր երկրի ամենակարեւոր անձինք ինձ հավաստիացրել են, որ հետաքննություն է գնում, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Ձեր երկրի նախագահը հայտարարել է այն մասին, որ ձեր իշխանությունները պատրաստ են ձեր երկրում շատ բան փոխել: Եկեք հավատանք այս մեկնարկին: Սա նաեւ համահունչ է մեր` ԵՄ-ի ակնկալիքներին, որովհետեւ համակարգերը պետք է համատեղելի լինեն մեկը մյուսի հետ, որպեսզի համագործակցություն տեղի ունենա, այսինքն` դա ավելի շատ համագործակցություն է ենթադրում: Ես կարծում եմ, որ այս տեսանկյունից դուք գտնվում եք ճիշտ ուղու վրա»: