Գյումրիի ՏԻՄ ընտրությունների հարցը՝ դատարանում

05/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նորաբաց շենքում կայացած անդրանիկ դատական նիստը Գյումրիում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքարկումը եղավ: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարտին Սուքիասյանը, ով Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածությունը, բողոքարկել է Շիրակի մարզի թիվ 34 ԸԸՀ՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելու մասին որոշումը:

Ըստ հայցադիմումի՝ 2005 թվականի հոկտեմբերի 23-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել «Ընտրական օրենսգրքի» այնպիսի խախտումներ, որոնք էական ազդեցություն են թողել ընտրության արդյունքների վրա: Մասնավորապես, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը նախընտրական քարոզչությունն իրականացրել է՝ խախտելով ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ «քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, ՏԻՄ-ի ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումների մասին» հոդվածը: Հայցադիմումի մեջ Մ. Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները նախընտրական քարոզչությունն իրականացրել են պաշտոնական պարտականությունները կատարելիս, օգտագործել են ծառայական պարտականությունների իրականացման համար տրամադրված ավտոտրանսպորտային միջոցները, տեղամասային ընտրական հանձնաժողովի մի շարք նախագահներ կատարել են նախընտրական քարոզչություն: Բացի այդ, Վարդան Ղուկասյանի քարոզչական տպագիր պաստառները չեն պարունակել տեղեկություններ այն կազմակերպությունների ու անձանց մասին, որոնք պատասխանատու են հրապարակման համար, ինչպես նաեւ` տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ: Բացի այդ, ԸՕ խախտումներ են գրանցվել նաեւ քվեարկության պրոցեսում: Մասնավորապես, ընտրացուցակների վերջնական օրինակը բնակության վայրի հաշվառումն իրականացնող Ոստիկանության անձնագրային բաժինը պարտավոր էր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրել ամենաուշը քվեարկությունից 2 օր առաջ: Մինչդեռ, խախտելով ԸՕ նախատեսված ժամկետը, քվեարկության օրվան նախորդող գիշերը ոստիկանները փոխել են ընտրացուցակները: Արդյունքում, 7000-ից ավելի ընտրողների անուն-ազգանունները ընտրացուցակում կամ կրկնվել են, կամ տեղափոխվել այլ տեղամասեր, եւ վերջիններս, չկարողանալով գտնել իրենց անուն-ազգանունները, զրկվել են քվեարկելու իրենց իրավունքից: Ու չնայած քաղաքապետի թեկնածուն թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել էր իր դիմում-բողոքը, սակայն վերջինս միջոցառումներ չի ձեռնարկել:

Ինչեւէ, Մարտին Սուքիասյանը նոյեմբերի 1-ին Շիրակի մարզային ոստիկանության Գյումրիի բաժնին դիմում է ներկայացրել՝ դատարանին որպես ապացույց ներկայացնելու նպատակով` համայնքի ընտրողների ցուցակները ստանալու համար: Այդ պատճառով նա երեկ դատարանին միջնորդեց հետաձգել գործի քննությունը մինչեւ պահանջվող փաստաթղթերը ստանալը: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 8-ին: Նշենք, որ գործը քննում է դատավոր Վահե Խալաթյանը: