Հնարավո՞ր է, թե՞ ոչ

20/05/2011

Արդարադատության համակարգի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ երեկ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասել է, թե դատաիրավական համակարգի ներկայացուցիչների կողմից օրենքի խախտումները համատարած են: «Այդ խախտումները տեղի են ունենում առավոտից երեկո` ամեն օր»,- հայտարարել է Ռ.Սահակյանը: Հիշեցնենք, որ ապրիլին դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել էր 2008թ. Մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: «Ազատություն» ռ/կ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք անկախ քննություն եւ որոշումներ կայացնել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված 3 տարի առաջ այլ դիրքորոշում ունեցող նույն դատավորների եւ դատաիրավական համակարգի աշխատակիցների միջոցով, Փաստաբանների պալատի նախագահը պատասխանել է, թե` հնարավոր է. «Նրանք այսօր կարող են դատապարտել, վաղը կարող են արդարացնել»: ԱՄՆ Պետդեպարտամենտն իր տարեկան զեկույցում Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ նշել էր, որ դատական իշխանությունը մնում է գործադիր իշխանության քաղաքական ճնշման տակ, դատավորները գործում են համապատասխան դատական այնպիսի մշակույթի, ըստ որի, գրեթե բոլոր դեպքերում ամբաստանյալը մեղավոր է ճանաչվում: Ռ. Սահակյանը չի տեսնում դատաիրավական խախտումները թույլ չտալու ելքեր, չի տեսնում նաեւ Մարտի 1-ի դեպքերի իրական մեղավորներին գտնելու եւ պատժելու հնարավորություն: «Արդեն 3 տարի է անցել, վկաները չկան, փաստերը` նույնպես»,- ասել է Ռ.Սահակյանը: