Մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատները մեծ ակնկալիքներ չունեն, որ 10 անձանց մահվան հանգամանքները լիարժեք կբացահայտվեն, եւ բոլոր պատասխանատուները կհայտնաբերվեն: Նախաքննական մարմինը վստահեցնում է, որ Մարտի 1-ի գործի նախաքննության ընթացքում նախկինում ձեռք բերված ապացույցների վերանայման շրջանակներում սկսվել է վկաների հարցաքննությունը, հարցաքննության են հրավիրվում եւ՛ նախկինում հարցաքննվածներ, եւ՛ նոր վկաներ: Նաեւ ոստիկաններ են հարցաքննվելու, ինչի գլխավոր նպատակը 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտումն է: Զոհվածների հարազատները «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտնել են, որ իրենք դեռ չեն հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն: Պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորումից զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, տարակուսանք է հայտնել, թե եթե գործի քննությունը նույն մարդիկ ու նույն կառույցներն են իրականացնում, երեք տարի անց նրանք ի՞նչ նոր բան պետք է ասեն: «Նույն Դատախազությունը, նույն քննիչները` այդ մարդիկ երեք տարի առաջ արդեն ինչ անելու էին, արել-վերջացրել են: Նրանք գրել են, գիրքը կազմել են, դրել են արխիվում: Հիմա նորից այդ գիրքը բացելու են, թերթելու են` ի՞նչ պիտի նոր բան ասեն,- ասել է նա` ավելացնելով,- Ամեն դեպքում, երեք տարի սպասել ենք` էլի կսպասենք»: «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումից զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, եւս չի հրավիրվել քննչական ծառայություն, որքան էլ պնդում է, թե ինքը գիտի իր որդու վրա կրակողին: Նա հարցնում է, թե ինչո՞ւ նախ եւ առաջ չեն հարցաքննվում Ոստիկանության պաշտոնյաները. «Թող սկսեն վերեւից: Ցուցարարը հեռու է կանգնել ոստիկաններից` մոտ 100 մետր հեռավորության վրա, ինչպե՞ս ցուցարարը կարող էր տեսնել, թե որ մի ոստիկանը խփեց ցուցարարին: Ուրեմն, սկզբից թող քննեն ոստիկաններին` միջին օղակի ոստիկաններին, գեներալներին, մինչեւ հասնեն գերագույն հրամանատար: Շարքային քաղաքացին երբեք չի կարող ասել, թե ով է կրակել»: Հատուկ միջոցների կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, լուրջ մտավախություն ունի, որ մահվան հանգամանքները լիարժեք չեն բացահայտվի, բայց Մարտի 1-ի բացահայտմանը նոր թափ հաղորդելու մասին պաշտոնական հավաստիացումները կարող են վնասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրենց բողոքի քննությանը: Մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերից 9-ի իրավահաջորդները Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության անգործության դեմ Եվրադատարան ուղարկած գանգատով պահանջում են ճանաչել իրենց իրավունքների խախտման փաստը: Ալլա Հովհաննիսյանը չի բացառել, որ իշխանություններն այժմ ուզում են ժամանակ շահել, որպեսզի ձգձգվի այդ բողոքի քննությունը: «Միջազգային հանրության աչքերը փակելու համար, որ «տեսեք` մեզ մեղադրում են անգործության մեջ, բայց մենք աշխատում ենք», այդպես կձգձգեն, չգիտեմ, մինչեւ երեւի թե ընտրություններ»,- ասել է Ա. Հովհաննիսյանը: