Արդարացրել է ներմուծողներին

20/05/2011

Հայաստանում բենզինի շուկայում արձանագրված թանկացումը պայմանավորված է տնտեսական մի շարք գործոններով: Այդ մասին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանի խորհրդական Արամ Սահակյանը` անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքներին: Նա նշել է, որ բենզինի մատակարարմամբ զբաղվող մի քանի սուբյեկտներից մոտ մեկ ամիս առաջ ստացված տվյալներն ամփոփելիս, չարաշահումներ չեն հայտնաբերել: «Բենզինի գնի նախորդ բարձրացումը պայմանավորված էր մի շարք տնտեսական գործոններով` դիզվառելիքի ձեռքբերման գներով, հարկային օրենսդրության փոփոխություններով եւ այլն: Տարվա սկզբին վաճառվում էր նախորդ տարի ձեռք բերված բենզինը, որը վաճառվում էր նախորդ հարկային ռեժիմով եւ համեմատաբար էժան: Իսկ այժմ վաճառվում է ավելի թանկ գնով ներմուծված բենզինը»,- ասել է Սահակյանը` հիշեցնելով, որ բենզինն ու դիզվառելիքը հաստատագրված հարկի դաշտից դուրս են եկել եւ հարկվում են ընդհանուր հարկման դաշտում: Այս հանգամանքը եւս բենզինի գների վրա որոշակի ազդեցություն է թողել, սակայն գների բարձրացման առյուծի բաժինն, ըստ Սահակյանի, պատկանում է բենզինի ձեռքբերման գներին: Նա այս համատեքստում անդրադարձել է նաեւ նավթի ու բենզինի գների կապին, նշելով, որ այդ կապն անուղղակի է. նավթն ու բենզինը կորելացիայով են կապված: «Երբ նավթի գինը իջնում է միջազգային շուկայում, դա ունի գնային ազդեցության լագ: Գնի ցանկացած փոփոխություն ազդում է մեր շուկայի վրա, որը տեսանելի է դառնում շուրջ մեկ ամիս հետո: Կա որոշակի կարգ, որ սկզբում վաճառվում է այն բենզինը, որն ավելի վաղ է ձեռք բերվել, հետո նոր վաճառվում է նոր գնով ձեռք բերվածը: Եթե նախկինում ձեռք բերված բենզինը թանկ է լինում, այն վաճառվում է ավելի թանկ, չնայած այդ ընթացքում նավթի շուկայում արձանագրված էժանացմանը»,- նշել է Սահակյանը: Բենզինի թանկացման պատճառների շարքում նա նշել է նաեւ բենզինի արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված էմբարգոն: Սա, ըստ Սահակյանի, սահմանափակում է արտահանումը, ինչը եվրոպական շուկայում, մասնավորապես`Արեւելյան Եվրոպայի երկրներում առաջացրել է հավելյալ պահանջարկ: Իսկ Հայաստանն, ինչպես հայտնի է, բենզին է ներկրում Արեւելյան Եվրոպայի երկրներից: ՏՄՊՊՀ-ի ղեկավարի խորհրդականի խոսքով` Հանձնաժողովը հետեւում է վերջին օրերին բենզինի գների նոր բարձրացմանը, որն առայժմ կազմում է մոտ 10 դրամ: «Հետեւում ենք, որ տեսնենք` թե ուր կհասնի: Եթե մի քիչ շատ բարձրանա, եւ եթե դա իր մեջ նոր ռիսկեր պարունակի, մենք կրկին տեղեկություններ կպահանջենք տնտեսվարող սուբյեկտներից, մաքսային մարմիններից»,- News.am-ին ասել է Սահակյանը: Պատասխանելով հարցին, թե ո՞րն է այն գինը, որի սահմանագիծը հատելու դեպքում ՏՄՊՊՀ-ն կրկին ուսումնասիրություններ կսկսի բենզինի շուկայում, Սահակյանը որեւէ գին չի նշել: «Իմ ասած ցանկացած գին կարող է որպես գնի արիենտիր դառնալ: Հենց որ տեսնենք, որ այդ գինը բարձրացնում է չհիմնավորված եւ մոտենում է մեր հաշվարկներին կամ անցնում է, բնականաբար, քայլեր կձեռնարկենք: Մեր ֆունկցիան այն է, որ հետեւենք գների չհիմնավորված բարձրացմանը, ոչ թե գներ ֆիքսենք»,- ասել է Սահակյանը: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները կատարվել են Հայաստան բենզին մատակարարող հետեւյալ ընկերություններին արված հարցումների հիման վրա` «Ֆլեշ», «Միկա քորփորեյշն», «Սի Փի Էս սերվիս», որոնք թելադրող են բենզինի շուկայում: