Ոստիկանությունը պարզել է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայիի հասցեին սպառնալիքներ տեղացած, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության երկու անդամների ինքնությունը: Նրանք են` Անդրանիկ Մակվեցյանն ու Սամվել Գրիգորյանը, ովքեր կանչվել են Ոստիկանություն եւ ցուցմունք տվել: Իսկ Տեր Եսայի քահանային դատաբժշկի ուղեգիր է տրվել: Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստում, քրեական գործ հարուցված չէ: Տեր Եսայի քահանայի հետ տեղի ունեցած միջադեպը դատապարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Հայ եկեղեցու հետեւորդների նկատմամբ տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից ոտնձգություններն այն աստիճան են հասել, որ նրանց նկատմամբ հանդուրժողականության մասին խոսելն այլեւս ավելորդ է»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով` աղանդավորականներն անարգել քարոզչություն են անում եւ հոգեւորսությամբ զբաղվում`խախտելով օրենքի բոլոր պահանջները: Ուստի, ըստ Մելիքյանի, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրության մեջ ամրագրել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների իրավունքների պաշտպանությունը, որպեսզի նրանք օրենքով ապահովագրված լինեն աղանդավորականների կողմից ոտնձգություններից: Դիտարկմանը, թե արդյոք Առաքելական եկեղեցին եւս մեղավոր չէ՞ այդ հարցում` իր ցուցաբերած պասիվությամբ, Մելիքյանն արձագանքել է. «Եկեղեցին ուշիուշով հետեւում է երկրում ընթացող զարգացումներին եւ անհրաժեշտության պարագայում իր դիրքորոշումներն արտահայտում է»: Նա նաեւ հավելեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը թեեւ անվանական չի արձագանքում իր հոտի անդամների նկատմամբ աղանդավորականների ոտնձգություններին, սակայն մտահոգվում է այդ առթիվ: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Տեր Եսայի քահանան ոստիկանության Մալաթիայի բաժին հայտարարություն է տվել, համաձայն որի` եկեղեցու տարածքում «Եհովայի վկաները» քարոզչություն են կատարել, եւ երբ փորձել է նրանց ասել, որ եկեղեցու տարածքում չզբաղվեն նման քարոզչությամբ, երկու երիտասարդները սպառնացել են եւ քաշքշել իրեն` ասելով, որ հաշվեհարդար են տեսնելու: