Ինչ անում եք՝ դա ձեր ընտրությունն է,- հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը

20/05/2011

«Մարտի 1-ը մեծ, խորը պրոբլեմ է Հայաստանի համար, ես կասեի` բաց վերք»,- երեկ ՀՀ Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը: «Ես այդ հարցը քննարկել եմ եւ՛ խորհրդարանի նախագահի, եւ՛ երկրի նախագահի հետ եւ նշել եմ այն հանգամանքը, որ դա մեծ, անգամ ասել եմ` բաց վերք է: Ձեր երկրի ամենակարեւոր անձինք ինձ հավաստիացրել են, որ հետաքննություն է գնում, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Ձեր երկրի նախագահը հայտարարել է այն մասին, որ ձեր իշխանությունները պատրաստ են ձեր երկրում շատ բան փոխել: Եկեք հավատանք այս մեկնարկին: Սա նաեւ համահունչ է մեր` ԵՄ-ի ակնկալիքներին, որովհետեւ համակարգերը պետք է համատեղելի լինեն մեկը մյուսի հետ, որպեսզի համագործակցություն տեղի ունենա, այսինքն` դա ավելի շատ համագործակցություն է ենթադրում: Ես կարծում եմ, որ այս տեսանկյունից դուք գտնվում եք ճիշտ ուղու վրա»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը` ողջունելով Մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված անձանց համաներմամբ ազատ արձակելու հանգամանքը եւ հույս հայտնելով, որ շուտով մյուսների նկատմամբ էլ կկիրառվի նույն մոտեցումը: «Այս հիմնախնդրի լուծումը կա` ինչպես լուծել 2008 թ. խնդիրը, որպեսզի իշխանությունները վստահելի լինեն: Ես կասեմ հետեւյալը` ինչ անում եք` դա ձեր ընտրությունն է, դուք եք ընտրում, մենք չենք ուզում որեւէ բան պարտադրել, դա պետք է լինի ձեր իշխանությունների որոշումը եւ ձեր ժողովրդի որոշումը, ձեր քաղաքացիների ակնկալիքները: Բայց մենք պատրաստ ենք աջակցել, որովհետեւ մենք բավական փորձ ունենք: 15-20 տարի առաջ մեր երկրում` Եվրոպայի այդ մասում, մենք շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել, եւ այդ բարեփոխումների համար անձամբ ես պատասխանատվություն էի կրում, իսկ դա հեշտ չէր: Բայց ես հասկանում եմ, որ սա կարեւոր վճռորոշ որոշում է ձեր իշխանությունների կողմից` քայլ առ քայլ, դանդաղ առաջ ընթանալ, որովհետեւ դա ձեր որոշումն է այդ ուղղությամբ գնալ, եւ այդ դեպքում, անշուշտ, համագործակցության առումով էլ բավական հեշտ կլինի»,- ասել է նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հույս է հայտնել, որ կոալիցիայի կողմից իր դիմումը նախագահ Սերժ Սարգսյանին` Սասուն Միքայելյանի ազատ արձակման կապակցությամբ, շուտով դրական արդյունք կունենա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա Երեւանում Երժի Բուզեկը, ըստ էության, կրկնել է այն, ինչ նախօրեին ասել էր Բաքվում: «Լեռնային Ղարաբաղը որպես միավոր` մենք չենք ճանաչում, մենք խոսում ենք երկրների ամբողջականության մասին»,- մի քանի անգամ հայտարարել է Բուզեկը` միաժամանակ կարեւորելով մարդկանց խաղաղ ապրելու եւ զարգանալու իրավունքը: «Մարդու ամենաթանկ բանը կյանքն է»,- ասել է նա ու ավելացրել, որ չպետք է մոռանանք մարդկանց հիմնական կարիքների, ազատ ճամփորդելու իրավունքի մասին: Եվ այդ իմաստով Եվրախորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել օգնել եւ աջակցել Արցախի բնակիչներին: Հիշեցնենք, որ նախօրեին էլ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել էր. «Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղը որպես անկախ միավոր չի ճանաչում»: Նույն հարցազրույցում Եվրախորհրդարանի նախագահը մեկնաբանել է նաեւ եվրոպացի պատգամավորների` մի քանի ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, նշելով. «Մարդկանց միջեւ շփումների խրախուսումը, առեւտրային կապերի դյուրացումը, օգնության ձեռք մեկնելը, այլ ոչ թե նոր պատեր կառուցելը` սա է Եվրոպական միության որդեգրած քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ, առանց հստակ ինստիտուցիոնալ մանդատի` վիճելի տարածքներ կատարված այցերը չեն կարող օգտակար լինել ո՛չ հարցի կարգավորման եւ ո՛չ էլ փոխադարձ վստահության ամրապնդման տեսանկյունից»: Իսկ Երեւան ժամանելուց առաջ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Բուզեկն ասել է. «Ես մտահոգված եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության գլխավոր սպառնալիքն է: Բոլոր կողմերը պետք է հնարավորին չափ արագ գտնեն ղարաբաղյան հակամարտության` միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղ լուծում: Ամուր խաղաղության ուղի հարթելու համար անհրաժեշտ են իրական ջանքեր, եւ երկու կողմերն էլ պետք է խուսափեն սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից, ռազմատենչ հայտարարություններից եւ պատմության աղավաղումներից»:

Նշենք, որ երեկ առավոտյան Եվրախորհրդարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու ակտիվ երկխոսությունը դրական լիցքեր են հաղորդում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը: Ըստ նրա` Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, եւ համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առեւտրատնտեսական հարաբերությունները, այլ նաեւ Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը: «Կարծում եմ, մենք պետք է փորձենք զուգահեռ ամրապնդել միջխորհրդարանական եւ միջկուսակցական կապերը: Չափազանց կարեւորում ենք Եվրախորհրդարանի` որպես համաեվրոպական գործընթացների վրա ազդող հեղինակավոր կազմակերպության հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը համարվում է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Եվրոպական խորհրդարանի նախագահը միանգամայն բնական է համարել այդ ընտրությունը` նշելով, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ: «Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում»,- նշել է Երժի Բուզեկը:

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի նախագահը երեկ հանդիպել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության, զրույցի ժամանակ կարեւորվել է Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը եւ դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն եւ ազատ շուկայական տնտեսություն: «Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներին, մասնավորապես` ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության ծավալման հնարավորությանը, որը ստեղծվում է Հայ ազգային կոնգրեսի բարձրացրած 3 պահանջների բավարարման հետեւանքով: Առաջին նախագահը հանգամանալից ներկայացրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու կենսական անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ երկիրը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է…»,- նշված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ: