Երեկ Երեւանում մեկնարկել է հ/կ-ների, պետական մարմինների, գիտական ոլորտի եւ կուսակցությունների ավելի քան 150 առաջնորդ կանանց մասնակցությամբ երկօրյա համաժողովը: «Խրախուսել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը. Կանանց համազգային համաժողով եւ հայեցակարգ» խորագրով համաժողովի նպատակն է ավելի մեծ ուշադրություն հրավիրել կանանց հիմնախնդիրներին եւ խթանել Հայաստանի քաղաքականության մեջ նրանց ներկայացվածությունը եւ մասնակցությունը: Համաժողովը մեկնարկել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ճանաչված կին քաղաքական գործիչների ելույթներով: Հյուրերի թվում են եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, դեսպան Մերիլ Ֆրանկը (ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի «Կանանց կարգավիճակ» հանձնաժողովում), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն (նստավայրը` Թբիլիսի), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բլագորոդնա Մինգովա Կրեպիեւան, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, ԱՄՆ Միսսուրի նահանգի պետքարտուղար Ռոբին Կարնահանը, եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Համաժողովի ընթացքում կին մասնակիցները բաժանվել են փոքր աշխատանքային խմբերի` հայեցակարգը մշակելու համար, ուր տեղ կգտնեն կանանց հիմնախնդիրները եւ դրանց լուծման առաջարկությունները: Քննարկումներն ընդգրկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կոալիցիայի ձեւավորումը, գենդերային հավասարության խթանումը կուսակցություններում եւ տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ տղամարդ քաղաքական գործիչների եւ հասարակության խրախուսումը` կանանց քաղաքական իրավունքների ընդլայնման աջակցության նպատակով: