Անցնող շաբաթվա տնտեսական ամենակարեւոր լուրի հեղինակը ՀՀ դատախազությունն էր: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում փող են յուրացրել: Ահագին փող: Երկու տարում` մոտ 113 մլն 182 հազար դրամ: Այն երկու տարիների ընթացքում, երբ մեր կառավարությունը բարեփոխում էր կենսաթոշակային հիմնադրամը: Այդ պահին բազմաթիվ փորձագետներ էին նշում, որ բարեփոխումները մեծացնում են կոռուպցիոն ռիսկերը: Դատախազությունն, իհարկե, կգտնի մեղավոր պաշտոնատար անձանց: Կգտնի ու կպատժի: Հնարավոր է, որ պատժի իր բաժինը կստանա նաեւ կառույցի ղեկավարը` Վազգեն Խաչիկյանը: Ժամանակին նա ռուսական արտահայտության բառացի թարգմանությամբ «գյուղի առաջին տղան էր»` 1999-ին ընտրված խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն էր: Հանրապետական կուսակցության ցուցակով: Հիմա քչերն են հիշում, որ նա ժամանակին շատ ակտիվ էր: Անընդհատ խոսում էր: Առիթը` այսինքն միացած տեսախցիկ ու ձայնագրիչ բաց չէր թողնում: Բոլոր հարցերի մասին սեփական կարծիք ուներ: Նույնիսկ հայրենասիրության ու նժդեհականության մասին: Հատկապես խրոխտ խոսելով, մերկացնում էր ընդդիմության հակապետական գործունեությունը: Երիտասարդ գործչի ժամանակակից կերպար էր: Խիստ ժամանակակից ու լենինյան կոմերիտմիությունը հիշեցնող: Հետո հավանաբար ձանձրացրեց ղեկավարությանը: Նրան պաշտոն տվեցին, ու նա լռեց: Լռեց ու անցավ աշխատանքի: Ու հիմա ՀՀ դատախազությունը կարծում է, որ նրա ղեկավարած հիմնարկը պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել: Ըստ Դատախազության` այս հիմնարկը մահացած թոշակառուների անվամբ փող է դուրս գրել ու ստացել: Բայց նույնիսկ Դատախազությանը չի հետաքրքրի, թե ինչպես է դա հնարավոր եղել: Հայաստանը վերջին 15 տարում կառուցվածքային բարեփոխումների անվան տակ հարյուրավոր մլն դոլար է վարկ ստացել: Ստացել ու ծախսել է: Այսինքն` անընդհատ կատարելագործել է մեզ կառավարելու գործընթացը: Հնարավոր բոլոր ոլորտներում: Գործադիր իշխանության մեկ աշխատակցին ընկնող գնված համակարգիչների քանակով երեւի զարգացած երկրներից առաջ ենք: Բայց կառավարման համակարգը մնում է նախանցած դարի մակարդակում: Գործադիր իշխանության բոլոր օղակները ՀՀ բնակչության մասին ամենաբազմաբնույթ տեղեկություններ ունեն: Բայց եթե երբեւէ գործ ունենաս իշխանության որեւէ օղակի հետ` կհասկանաս, որ այնտեղ նոր տեխնոլոգիական միջոցներ ու մեթոդներ չեն կիրառվում: Օրինակ, բոլորը գիտեն, որ անշարժ գույքի սեփականատերը բանակ զորակոչվելուց ազատվում է գույքահարկից: Բայց սա զուտ տեսական դրույթ է: Եթե սեփականատիրոջը զորակոչել են, ամենեւին էլ չի նշանակում, որ զոչակոչող Զինկոմիսարիատը համապատասխան նամակ է ուղարկում կադաստր, ու գույքահարկից ազատվելու հարցը ինքնաբերաբար ու օրենքին համահունչ լուծվում է: Իրականում զինվորն ինքը պիտի որեւէ կերպ հաջողի ազատվել ծառայությունից: Հետո անձամբ պիտի փաստաթուղթ վերցնի Զինկոմիսարիատից ու տանի կադաստր` ձեռամբ հանձնելու: Ոչ մի հիմնարկության փաստաթղթերի ցանկ ու ցուցակ լայն իմաստով չի հրապարակվում: Եթե նույն կենսաթոշակառուների ցուցակը հիմնադրամի կայքում տեղադրված լիներ` զեղծարարության ու գողության հնարավորությունը համարյա անհնար կդառնար: Հաստատ որեւէ ժառանգ կնկատեր, որ իր հանգուցյալ հարազատի անունը մնում է կենսաթոշակ ստացողների ցուցակում: Բայց ոչ ոք չի պարտադրում, որ մեր իշխանություններն օգտագործեն տեղեկատվական նոր տեխնոլոգիաները: Այդպես մարդկային գործոնը էական չի լինի: Այսինքն` կոռուպցիայի հնարավորությունը կնվազի: Իսկ դա հաստատ ձեռնտու չէ մեր կառավարիչներին: Այլապես պարտադրված կլինեն, ասենք, դպրոցական միացյալ քննություններ կոչվածի արդյունքները բաց-բաց տեղադրել թեստավորման կենտրոնի կայքում: Բայց այդ դեպքում բուհերի ընդունելության ցանկերը կարելի կլինի համեմատել թեստավորման կենտրոնի ցուցակների հետ: Համեմատել ու կանխել կոռուպցիայի հնարավորությունները: Բայց այդ դեպքում անկանխատեսելի կդառնա հայրենի պաշտոնյաների ճակատագիրը: Բառի ամենասարսափելի` քաղաքական իմաստով: Որովհետեւ ընտրողների ցուցակներն էլ չեն հրապարակվում ընտրական տեղամասերի կայքերում, նշելով, թե ով է մասնակցել ընտրություններին, ով` չի մասնակցել: Հայաստանի բնակչության մասին իշխանության մարմինները, ֆինանսական կառույցները, սպասարկման ոլորտի կազմակերպությունները չափազանց բազմաբնույթ ու հնարավորինս մանրամասն տեղեկություն ունեն: Բայց դրանք միմյանց հետ փոխկապակցված չեն: Մի քանի ամիս շարունակ հանրակրթական դպրոցներին հանձնարարված էր կատարել իրենց գործառույթների հետ աղերս չունեցող հանձնարարություն: Դպրոցի ուսուցիչներն աշակերտների ծնողներին պարտադրում էին այցելել Ոստիկանության անձնագրային սեղան եւ տեղեկանք վերցնել աշակերտի հաշվառված լինելու մասին: Ուսուցիչները ծնողներին բացատրում էին, որ այդ տեղեկանքը պետք է մարդահամար անցկացնող մարմնին: Կարծես Մարդահամարի հանձնաժողովը չէր կարող դպրոցներից ստանալ սովորող աշակերտների էլեկտրոնային ցուցակը եւ Ոստիկանության անձնագրային բաժինների հետ ճշտել դրանք: Հավանաբար` համակարգչային գիտելիքների անբավարարության պատճառով: Ավելի ճիշտ է մարդահամարն անցկացնել հին աշխարհի ժամանակներից եկող մեթոդով: Տեղեկանքի տրամադրումը ահագին լուրջ խթան է թղթի բիզնեսով զբաղվողների համար: Դրան գումարած` ծնողները խթանեցին նաեւ ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը` տեղեկանքի ետեւից գնալ-գալով: Ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչու ՏՏ ոլորտը գերակա հայտարարող կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում կառավարման համակարգում ժամանակակից մեթոդների տեղադրման համար: Մինչդեռ այն շատ պարզ պատասխան ունի` հենց այդպես է հնարավոր գողանալ միլիոն: