Վերսկսելու են

20/05/2011

Բաքվի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունները` 2012-ից հետո Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման վերաբերյալ, սկսվելու են առաջիկայում: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով ռազմական աղբյուրները: Բանակցություններում, որոնց մասնակցելու են Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, կողմերը քննարկելու են նոր պայմանագրի պատրաստումը: Ըստ աղբյուրի, Բաքուն ծրագրում է ավելացնել վարձավճարը, Ռուսաստանից լրացուցիչ օգնություն պահանջել` ՌԼԿ էկոլոգիական ազդեցությունը վերացնելու համար: Ադրբեջանը կայանի համատեղ օգտագործման առաջարկ է անելու, նաեւ պայման է դնելու, որ արգելվի այլ պետությունների տրամադրել կայանից ստացված տվյալները: Ադրբեջանի Գաբալայի շրջանում գտնվող կայանը շահագործման է հանձնվել 1985թ. եւ ԽՍՀՄ հակահրթիռային համալիրի 8 կայաններից է: Կայանը թույլ է տալիս վերահսկել 6000 կմ տարածք: Վարձավճարը կազմում է 7 մլն դոլար: