Այս շաբաթ խորհրդարանն ավարտեց 2006թ. բյուջեի քննարկման նախնական փուլը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տխուր էր։ Անգամ մամուլից չթաքցրեց իր հիասթափությունը։ Նախարարին թվում է, թե իր ղեկավարած հիմնարկությունը լավ փաստաթուղթ էր ներկայացրել խորհրդարան, իսկ Ազգային ժողովը պատշաճ մակարդակով չքննարկեց այն։ Խորհրդարանն այս կազմով բյուջետային երրորդ քննարկումն է անցկացնում եւ հասարակությունն, ի տարբերություն Վ. Խաչատրյանի, լուրջ սպասելիքներ չուներ։ Մեր պատգամավորների ինտելեկտուալ մակարդակը հանրահայտ է։ Հիմա արդեն կառավարությունը բյուջեի նախագիծը ետ է վերցրել լրամշակման։ Իսկ ինձ հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչով էր նախարարն այդքան հիացած։ 1996թ. սկսած Հայաստանի բյուջեն կազմվում է ազգային արժույթով` դրամով։ Հետեւաբար` հնարավոր է դրանք համեմատել։ Անցած տարիների ընթացքում բյուջեն իր բացարձակ մեծությամբ աճել է (90-ականների երկրորդ կեսի համեմատ` առնվազն 2 անգամ)։ 2006թ. համար կառավարությունը նախատեսել է 451 մլրդ 884 մլն 907 հազար դրամ արժողությամբ բյուջետային ծախսեր։ Կառավարությունն անընդհատ հպարտանում է` սա իր ֆիզիկական ծավալով առաջին բյուջեն է, որ գերազանցում է 1 մլրդ դոլարի սահմանագիծը։ Հետաքրքիր է այն համեմատության մեջ դիտարկել եւ տեսնել, թե ինչ կառուցվածքային փոփոխություններ է կրել բյուջեի ծախսերի հատվածը։ Կառուցվածքից հնարավոր կլինի հասկանալ, թե մեր տնտեսական-հասարակական կյանքի որ ոլորտներն է փորձում խրախուսել կառավարությունը։ Համեմատության համար 2006-ի հետ առաջարկում են 1997թ. տվյալները։ Նաեւ այն պատճառով, որ 1997թ. բյուջեն իրականացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը (վարչապետի կարգավիճակում)։ Առաջինը, որ աչք է ծակում, այն է, որ աճել է ընդհանուր բնույթի պետական ծառայությանը հատկացված բաժինը։ Մեր իշխանավորները հավանաբար կարծում են, որ տարեցտարի մեզ կառավարելն ավելի ու ավելի բարդ գործ է դառնում։ Ուստի, դրա համար, բյուջեի 10%-ի փոխարեն` այժմ 10,7% են պահանջում։ 1997-ին Հայաստանը պատերազմի վտանգն ավելի իրատեսական էր համարում եւ ծախսում էր իր աղքատիկ բյուջեի 20%-ից ավելին։ Հիմա, երբ ընդգծվում է, որ երկրի պաշտպանությանն ուղղորդվող գումարներն աճել են, պարզվում է, որ այն բյուջեի ծախսերի 16,5%-ն է։ Աճել են նաեւ հասարակական կարգի պաշտպանությանը` հիմնականում Ոստիկանությանը հատկացվող ծախսերը։ Հավանաբար իշխանությունները կարծում են, որ մենք հիմա ավելի անկարգ ու ղալմաղալչի ենք դարձել, քան տարիներ առաջ էինք։ Այս ոլորտներում ծախսերի ավելացումը քաղաքական տարբեր գնահատականների կարող է արժանանալ։ Մյուս ոլորտներում, որոնց կառավարությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում, միանշանակ դրական ընկալում ունեն։ Օրինակ` նկատելիորեն ավելացել են գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտների մասնաբաժինները։ 2006թ. ենթադրվում է, որ բյուջետային 19 մլրդ դրամ գումար է հատկացվելու հանրապետության ավտոճանապարհների նորոգման համար։ Հատուկ ընդգծենք` ոչ թե «Լինսի» հիմնադրամից, այլ` բյուջետային միջոցներից։ Որքան էլ ոգեւորված խոսենք բնակարանային շինարարության տեմպերի աճից, պիտի ընդունենք, որ քաղաքային (հատկապես` մայրաքաղաքային) բնակֆոնդը մաշված է։ Կենտրոնական ջեռուցման բացակայությունը լրջորեն վնասում է բազմահարկերի ֆիզիկական վիճակին։ Այս պատճառով Բնակկոմունալ տնտեսության մասնաբաժնի կրկնակի աճը շքեղություն չէ, այլ` անհրաժեշտություն։
Վերջին տարիներին, պետական անտարբեր քաղաքականության արդյունքում ամենամեծ հարվածը կրեց գիտության համակարգը։ Հիմա բոլորը գիտեն, որ գիտությունը ծերացել է։ Ցածր վաստակի պատճառով գիտական աշխատանքը երիտասարդների համար հրապուրիչ չէ։ Ասպիրանտուրան դարձել է բանակից խուսափող տղաների ամենաքաղաքակիրթ հանգրվանը։ Սա գիտեն գրեթե բոլորը, նույնիսկ` մեր իշխանությունները։ Հավանաբար այս պատճառով 2006-ի բյուջեի նախագիծը գիտության ու կրթության համար առաջարկում է ռեկորդային գումար` մոտ 74 մլրդ դրամ (ծախսերի 16%-ը)։ Սա իրապես միակ փաստն է, որով կարող է հպարտանալ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը։ Եթե, իհարկե, խորհրդարանական քննարկումների ու առաջարկությունների արդյունքում կատարվող լրամշակման արդյունքում այդ գումարը չնվազեցվի։ Չէ՞ որ մեր պատգամավորներն Օստապ Իբրահիմովիչի նման փողերը բաժանելու հատուկ կարծիք ունեն։ Բայց անգամ նրանց չի հաջողվի նվազեցնել բյուջեի ծախսերի վերջին հատվածում նշված 15 մլրդ 435 մլն դրամը։ Սա այն գումարն է, որ եկող տարի մենք վերադարձնելու ենք մեր երկրի վերցրած վարկերը եւ դրանց տոկոսադրույքները մարելու համար։ Սա է 2006-ի մեր պետական փողերի բաժանման կառուցվածքը։