Երկու կին, մի կտակ

20/05/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Սպանել առանց զենքի» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 15 հասցեի բնակչուհի Մարի Դաբաղյանի ընտանիքի հետ կատարված պատմությունը:

Հիշեցնենք, որ երեք երեխաների մայր Մարի Դաբաղյանի պատմելով` ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) պահանջում է իրենց տունն ազատել, քանի որ տան սեփականատեր է հանդիսանում տան նախկին սեփականատիրոջ (Մ. Դաբաղյանի նախկին ամուսնու` Նիկողոս Դաբաղյանի) երկրորդ կինը` Հասմիկ Եղիազարյանը: Տիկին Մարիի խոսքով` իրենց ապահարզանից հետո, տարիներ անց Նիկողոսն ամուսնացել է մի կնոջ հետ, ով եղել է իր տան աշխատողը, տնտեսուհին: Նա վստահեցնում էր, որ Հասմիկ Եղիազարյանը հասկանալով, որ Նիկողոսը սեփականության իրավունքով բնակարան ունի` «մտածել է, որ կարելի է տիրանալ ունեցվածքին, եւ զոռով քարշ է տվել զագս»: Այնուհետեւ տիկին Մարին վստահեցնում էր, որ ինֆարկտ ստացած, անկողնային հիվանդ Նիկողոսին երկրորդ կինը մեծ քանակությամբ ալկոհոլ է տվել, ինչն անթույլատրելի էր: «Հիվանդ, տկար ու անուժ վիճակում նա նոտարական բլանկի տակ ստորագրել է տվել, որպեսզի մահանալուց առաջ կտակ թողնի: Այսինքն` նա ամեն ինչ արել է, որ այդ բնակարանին տիրանա»,- ասում էր տիկին Մարին` վստահեցնելով, որ նյութեր է նախապատրաստել եւ ներկայացրել համապատասխան մարմիններին` այս գործը հետաքննելու համար: Ի դեպ, նա վստահեցնում էր, որ բնակարանը երկրորդ կնոջը կտակող Ն. Դաբաղյանը այդ կտակը ստորագրել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում եւ մշտապես եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ինչեւէ, թեեւ համապատասխան մարմինների միջամտությունից հետո այժմ ԴԱՀԿ գործողությունները կասեցվել են, այդուհանդերձ, այս պատմությունն առայժմ մնում է անլուծելի, իսկ բնակարանը` Ն. Դաբաղյանի նախկին եւ ներկա կանանց համար վիճելի տարածք: Երեկ խմբագրություն էր այցելել Ն. Դաբաղյանի երկրորդ կինը` Հասմիկ Եղիազարյանը, ով շատ վրդովված էր այն մեղադրանքներից, որոնք հնչել էին տիկին Մարիի կողմից. «Այն ամենը, ինչ նա ձեզ պատմել է` կեղծիք է: Նա մեղադրում է ինձ մի բանի մեջ, որն աբսուրդ է, ու ինչպե՞ս կարելի է նման ծանր խոսքեր ասել մի մարդու, ով երեք տարի եղել է Նիկողոսի կողքին, հիվանդ վիճակում նրան պատշաճ խնամել է ու մինչեւ այսօր էլ հարգում է նրա հիշատակը: Դուք կարող եք Նիկողոսի մորից, քրոջից, բարեկամներից հարցնել, թե իրականում ինչ է եղել նրանց միջեւ, եւ թե ով եմ եղել ես նրա համար: Մինչեւ այսօր էլ նրա բարեկամներն ինձ հետ շփվում են հարազատի նման»: Ի դեպ, տիկին Հասմիկի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Նիկողոսի առաջին կինը` Մարին, ասել, թե ինքը եղել է Նիկողոսի տան աշխատողը: «Ես նմա՞ն եմ տան աշխատողի: Մենք սիրել ենք իրար, իսկ նրանք բաժանված են եղել շատ վաղուց: Ես մեղավո՞ր եմ, որ իրենք բաժանված են եղել: Նա մի օր ինձ հրավիրեց իր տուն, հետո անսպասելի զանգահարեց ԱՄՆ-ում բնակվող մորն ու հայտարարեց, թե ամուսնանում է: Ես շատ զարմացա, անսպասելի էր, որովհետեւ անգամ ինձ հետ այդ մասին դեռ չէր խոսել»,- պատմում է տիկին Հասմիկը` ասելով, թե դրանից հետո Նիկողոսն ինքն է առաջարկել օրինական կերպով զագսավորվել: Տիկին Հասմիկի ասելով` իրենց ամուսնության կապակցությամբ նույնիսկ Նիկողոսի բարեկամներն են եկել Հայաստան եւ խնջույք կազմակերպել: Նա ասում է, որ, հաշվի առնելով ամուսնու խիստ բնավորությունն ու նախկին ընտանիքի հանդեպ վիրավորվածությունը, չի փորձել հետաքրքրվել նրանց մասին, սակայն ամուսինը պարբերաբար արտահայտվել է` ասելով, թե շատ վիրավորված է երեխաներից, քանի որ վերջիններս իրեն շատ են վիրավորել եւ հայհոյել: Իսկ ինչ վերաբերում է ընտանիքից հեռանալու եւ կնոջից ամուսնալուծվելու խնդրին, ապա տիկին Հասմիկն ասում է, որ դա իրեն չի վերաբերում, եւ չի կարող ասել, թե ինչու են ամուսիններն իրարից հեռացել: Սակայն, նրա խոսքով` Նիկողոսն ունեցել է լուրջ պատճառներ, եւ շատերը գիտեն այդ ապահարզանի դրդապատճառների մասին. «Ես էնպիսի մարդ չեմ, որ ուրիշների կյանքը փորփրեմ: Երբեք չեմ խառնվել Նիկողոսի նախկին ընտանիքի հարցերին: Մարին սուտ է ասել, թե նա երկար ժամանակ անկողնային վիճակում է գտնվել: Անկողնային եղել է ընդամենը մեկ ամիս: Նա 35 տարեկանում ինֆարկտ է տարել, այնուհետեւ կրկին` երեք անգամ ինֆարկտ տարած մարդ էր եւ մշտապես մեկնում էր ԱՄՆ բուժման: 2007թ. նա նոտարական գրասենյակից երկու ներկայացուցիչ հրավիրեց եւ ասաց, որ ուզում է տունն ինձ կտակել: Ես չեմ էլ ցանկացել, հավատացեք, որովհետեւ նրան ասում էի` այդպես ճիշտ չէ, երեխաներիդ էլ բաժնեմաս հատկացրու: Նա ինձ ասաց. եթե ես մաս-մաս անեմ էդ տունը` էդ գայլերը քեզ կուտեն: Կտակի կազմման ժամանակ ես անգամ տանը ներկա չեմ գտնվել, նա դա արել է հարեւանների վկայությամբ»: 2008թ. Նիկողոսը կրկին մեկնել է ԱՄՆ` սրտի հետ կապված խնդիրների համար բուժօգնություն ստանալու: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ անց նրա առողջական վիճակը վատացել է: Տիկին Հասմիկն ասում է, որ նա մշտապես օգտագործել է դեղորայք, քանի որ առանց դրա չէր կարող ապրել: Մարիի մեղադրանքները, թե Նիկողոսի երկրորդ կինը հիվանդին դեղորայք չի տվել, տիկին Հասմիկը համարում է զրպարտանք եւ սուտ: Ասում է` «Երեք անգամ ինֆարկտ տարած, առողջությունը կորցրած մարդ, որի սիրտն արդեն շատ վատ վիճակում էր… Նա ինչպե՞ս կարող էր դեղորայք չօգտագործել»: Հետագայում, երբ արդեն նրա առողջական վիճակը գնալով վատացել է, Հասմիկին ասել է, որ ուզում է երեխաներին տեսնել. «Ճիշտն ասած` ես շատ ուրախացա, որովհետեւ մտածում էի` ի վերջո երեխաների հետ պիտի հաշտվի, եւ դա առիթ կլինի, որ իրար ներեն: Երեխաները եկան հորը տեսնելու, բայց աղջիկն իրեն շատ վատ պահեց: Ինձ արհամարհում էր, վերաբերմունքով նվաստացնում, եւ դա Նիկոյին զայրացրեց: Նա ինքն ինձ ասաց, որ թող էլ չգան: Ինքը հասկանում էր, որ նման վերաբերմունքն իմ հանդեպ անարդար է, որովհետեւ ես մեղավոր չեմ, որ իրենք իրար չեն հասկացել, եւ ես Նիկոյի հետ համատեղ կյանքում նրա համար լավ, հոգատար կին եմ եղել»: Ինչ վերաբերում է տիկին Մարիի այն մեղադրանքին, թե ինքը Նիկողոսին ալկոհոլային խմիչքներ է «հրամցրել», ինչն արագացրել է նրա մահը, ապա տիկին Հասմիկը զայրացած ասաց. «Հասկանո՞ւմ եք, չի կարելի նման անհիմն ծանր մեղադրանքներ ուղղել: Շատերն են տեղյակ, որ Նիկոն արդեն գտնվում էր ծանր վիճակում: Նա ասում էր` արդեն զզվել եմ հիվանդանոցներից, էլ չեմ ուզում էնտեղ ոտք դնեմ: Նա խմիչք էր պահանջում, ասում էր` մի քիչ ցավերս մեղմացնեմ: Ես չէի կարող նրան ալկոհոլ չտալ, որովհետեւ նա շատ չոր բնավորություն ուներ, չէի կարող չկատարել նրա պահանջը: Բացի դա, նման ծանր հիվանդը, որը գիտակցում է իր մոտալուտ մահը, երբ մի բան խնդրում է` ո՞նց կարող ես չկատարել: Ախր, ինձ ճիշտ հասկացեք, մենք լավ ամուսիններ ենք եղել, եւ չի կարելի նման բաներում մեղադրել ինձ: Ավելին ասեմ` աղջիկը ներկա է եղել, երբ Նիկոն այդ վիճակում ինձնից օղի է պահանջել: Մերժել եմ, ասել եմ` չկա: Այսինքն` ո՞նց են նրանք ինձ մեղադրում մի բանում, երբ աղջիկն էլ է այնտեղ ներկա եղել եւ հորը կշտամբել է ինձնից օղի ուզելու համար»: Անգամ հիվանդանոցից ստորագրությամբ Նիկողոսին տուն տանելու վերաբերյալ տիկին Մարիի մեղադրանքները նա համարում է կեղծիք, քանի որ, ըստ տիկին Հասմիկի` Նիկողոսն ինքն է պարտադրել իրեն հիվանդանոցից տուն տանել: Նույնիսկ մահվան վկայականում ամրագրված է, որ Նիկողոսի մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Անդրադառնալով կռվախնձոր դարձած Ա. Խաչատրյան հասցեի բնակարանին, Հ. Եղիազարյանն ասում է, որ ինքը պատրաստ է կիսել ժառանգություն ստացած անշարժ գույքը իր եւ Նիկողոսի նախկին ընտանիքի մեջ: «Երկարատեւ դատաքննություն է եղել, նրանք չեն ներկայացել: Ծանուցագիր ուղարկվել է, բայց իրենք հրաժարվել են ընդունել կամ դուռը չեն բացել: Եթե նրանք դատարան ներկայանային` ես նույնիսկ այնտեղ կառաջարկեի համաձայնության գալ: Հասկանո՞ւմ եք, ինձ պետք չի էդ անեծքի բունը: Թող ինձ 1-2 սենյականոց բնակարանի գումար տան ու այդ տանը ձեռք չտան: Ի վերջո, ես էլ հիվանդանոցներում շատ վնասներ եմ կրել: Դա Նիկոն կտակել է ինձ, բայց թող կիսեն, միայն թե էս տհաճ ու անմարդկային երեւույթներից հեռու լինեմ»,- ասում է տիկին Հասմիկը: Դատարանի վճռի համաձայն` ներկայումս տան սեփականատեր Հ. Եղիազարյանին պատկանող տարածքը ԴԱՀԿ-ի միջոցով պետք է ազատվի, այլ կերպ ասած` ԴԱՀԿ-ն պետք է վտարի Մ. Դաբաղյանին եւ իր երեխաներին: Մինչդեռ կա եւս մեկ հանգամանք. Ա. Խաչատրյան 15 տան ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 100քմ, որից օրինական է ընդամենը 17քմ-ն: Այլ կերպ ասած` տան մակերեսից բավականին հատված համարվում է ինքնակամ կառույց: «Այդ տարածքն օրինականացնելու համար պետք է դիմել Երեւանի քաղաքապետարան, եւ չափագրումներ կատարելուց, փաստաթղթերը ներկայացնելուց հետո` կօրինականացնեն, որովհետեւ նման օրենքներ, որոշումներ կան, սակայն նա թույլ չի տալիս: Տան սեփականատերը ես եմ եւ ես պիտի այդ գործողությունները կատարեմ, բայց նա անգամ չափագրողներին թույլ չի տալիս ներս մտնել»:

Ա. Խաչատրյան 15 տունը սեփականության իրավունքով պատկանում է Հ. Եղիազարյանին: Այնտեղ բնակվում է Մ. Դաբաղյանը` երեք երեխաների, թոռների եւ փեսայի հետ: Հանգուցյալ Նիկողոս Դաբաղյանի նախկին եւ ներկա կանայք պայքարում են տան համար: Առաջին կինը սպառնում է, որ նույնիսկ Հասմիկին սպանելու գնով թույլ չի տա տիրանալ երեխաների բնակարանին եւ նրանց փողոց շպրտել: Երկրորդ կինն էլ առաջարկում է համաձայնության գալ եւ բնակարանը կիսել կամ իրեն փոխհատուցելու ճանապարհով խնդիրը լուծել: Երկու կողմերն էլ մեզ առաջարկում են «մարդկանց բերել, որոնք էնպիսի բաներ կպատմեն նախկինի ու ներկայի մասին…»: Սակայն մենք այլեւս չենք անդրադառնա այս պատմությանը. այս խնդրին պետք է կա՛մ իրավական լուծում տան հենց այս երկու կանայք, կամ էլ` իրար ներելու, համաձայնության գալու ճանապարհով կիսվի Նիկողոսի ժառանգած կտակը: