Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

20/05/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիվանագիտությունբաց խաղաքարտերով

Սալամիսյան ֆիասկոն շատ թանկ նստեց արքայից արքա Քսերքսեսի վրա: Բոլորի, եւ ամենասարսափելին` իր` աշխարհի տիրակալի աչքի առաջ պարսկական նավատորմը գրեթե ոչնչացավ: Դա հոգեբանական այնպիսի հարված էր, որը նա, չնայած իր ուժեղ բարոյակամային հատկություններին, ի վիճակի չէր տանել: Հեռանալ եւ կիսատ թողնել այն մեծ գործը, որն իր կյանքի գլխավոր նպատակն էր: Նրա ուժերից վեր էր: Մնալ եւս չէր կարող: Եվ նա ընդունեց սողոմոնյան որոշում. մեկնել` հետո վերադառնալու պայմանով: Բանակի հիմնական մասը ու փրկված ռազմանավերը թողնելով իր ամենավստահելի եւ ուժեղ զորավար, Դարեհի փեսա Մարդոնիոսի հրամանատարության ներքո, արքան զորքի մնացորդի հետ ճանապարհվեց դեպի Հելեսպոնտոս: Մարդոնիոսը ծնկաչոք երդվեց արքային` «կոտրել Հունաստանի ողնաշարը»:

Հետդարձի ճանապարհին Քսերքսեսի բանակը ենթարկվեց անասելի դժվարությունների, ինչպես որ լինում է փախչող օկուպանտների հետ. անհաց, անջուր, մահացու հիվանդություններով: Ժանտախտը եւ արնալուծը հնձեցին երեկվա ամբարտավան եւ ինքնավստահ` Եվրոպան նվաճողներին: (Ես նորից ստիպված եմ պարսկական բանակը համեմատել Նապոլեոնի բանակի հետ: Այս անգամ արդեն` Ռուսաստանից նահանջելիս):

Սակայն ասել, թե Հելլադային սպառնացող օկուպացիոն վտանգն անցել էր, մոլորություն կլիներ: Ճիշտ է, ծովի վրա հույները հաստատեցին իրենց գերակայությունը, սակայն Մարդոնիոսի գնդերը ասպատակում էին երկիրը` ահաբեկելով խաղաղ բնակչությանը: Բռնակալի դեմ ապստամբեցին Պոտիդեայի հույները: Երեքամսյա պաշարումից հետո բարբարոսները գրավեցին Օլինթոս քաղաքը, բոլորին քշեցին ճահիճները եւ սրի քաշեցին:

Ուժային քաղաքականությանը զուգընթաց` պարսիկները լարում են դիվանագիտական որոգայթներ` գժտեցնելու համար աթենացիներին եւ սպարտացիներին: Մնացած պոլիսների ալյանսը` լինի Սպարտայի թե Աթենքի հետ, նրանց չէր վախեցնում: Միայն թե այդ երկուսը միասին չլինեն: Առաջինը` ծովում, երկրորդը` ցամաքում սարսափ էին պատճառում օկուպանտին: Պարսից դեսպաններն արքայի անունից աթենացիներին առաջարկում են անկախություն (ասել կուզի` հրաժարվում են «հող ու ջուր» պահանջելուց): Նրանք անգամ պատրաստ են Հելլադայի հետ կազմել միություն, վճարել նրան ռազմատուգանք (ռեպարացիա): Հույները մերժում են: Այնժամ գազազած բարբարոսները նորից են մտնում Աթենք եւ ինչ որ դեռ մնացել էր` հրի մատնում:

Իսկ ինչ է, աթենացիները հրաժարվե՞լ էին իրենց դիվանագիտությունից: Ամենեւին: Հույն դիվանագետների մեկ խնդիրը Սպարտայի հետ հարաբերությունների սերտացումներն էր, ամուր միություն կազմելը, որն իր շուրջը կհամախմբեր ողջ հելլենական աշխարհը` ընդդեմ արտաքին թշնամու: Անկախությունը, ազատությունը, քաղաքական ինքնուրույնությունը եւ օտարից որեւէ կախում չունենալու հրամայականը անտիկ հույների համար գոյության բարձրագույն կատեգորիա էր, բացարձակ արժեք: Եվ ամեն ինչ ստորադասված էր դրանց, այդ թվում եւ` դիվանագիտությունը: Այսպես, պարսիկները հատուկ հանձնարարություններով դեսպան են ուղարկում Աթենք: Այդ առաքելությունն իր վրա է վերցնում Ալեքսանդրը Մակեդոնիայից: (Չշփոթել մեծ զորավարի հետ): Սպարտացիներն` իմանալով այդ մասին, իրենց հերթին դեսպաններ են գործուղում Աթենք` վախենալով, որ աթենացիները կարող են համաձայնության գալ պարսիկների հետ, ինչը կործանարար կլիներ Սպարտայի համար: Աթենքյան դիվանագիտությունն անում է ոչ ստանդարտ եւ խիստ օրիգինալ քայլ. նա երկու` իրար թշնամի երկրների (Պարսկաստան եւ Սպարտա) դեսպաններին ընդունում է միաժամանակ եւ բանակցություններ վարում մեկի հետ` մյուսի ներկայությամբ, բաց խաղաքարտերով: Լավ պատկերացնելու համար, թե ինչ տեղի ունեցավ դիվանագիտական նման նախադեպը չունեցող բանակցությունների ընթացքում, կրճատումներով մեջբերենք մեզ հասած արձանագրությունը:

Պարսից դեսպանի խոսքը: «…Ինչո՞ւ այդպես կատաղությամբ պատերազմում եք արքայի դեմ: Հաշտվեք նրա հետ: Քանզի ձեզ համար մեծ պատիվ է, որ մեծ արքան, մոռանալով ձեր պատճառած վիրավորանքները` հելլեններից միայն ձեզ հետ ուզում է բարեկամ դառնալ»:

Սպարտայի դեսպանի խոսքը: «Մեզ ուղարկել են լակեդեմոնացիները, խնդրելու ձեզ (աթենացիներին.- Ա.Ն.), որ վնասաբեր ոչինչ չանեք Հելլադայի դեմ եւ չընդունեք բարբարոսի պայմանները: Անհանդուրժելի է, որ դուք` աթենացիներդ, նպաստեք հելլենների ստրկությանը. դուք, որ դեռեւս հնուց հայտնի եք եղել` որպես ազատարարներ: Դրա փոխարեն` լակեդեմոնացիները եւ նրանց դաշնակիցները խոստանում են պահել ձեր կանանց եւ պատերազմելու պիտանի չեղող ձեր ընտանիքի անդամներին, մինչեւ այս պատերազմի վախճանը: Դուք, եթե իրոք ողջամիտ եք, չպետք է կատարեք այդ (նկատի ունի հաշտվելու առաջարկը.- Ա.Ն.) քանզի գիտեք, որ բարբարոսները երբեք հավատարիմ չեն, ոչ էլ անկեղծ»:

Աթենքի առաջնորդ Արիստիդեսի պատասխանը պարսից դեսպանին. «Մենք` ինքներս, եւս գիտենք, թե Մեդացու ուժը մեր ուժից բազմապատիկ է: Այսուհանդերձ, կառչելով ազատությունից, մենք այն կպաշտպանենք մեր ուժերի ներածին չափ: Իսկ այժմ հաղորդիր Մարդոնիոսին աթենացիների պատասխանը. քանի արեւը ընթանում է իր նախկին ուղիով, մենք չենք հաշտվի Քսերքսեսի հետ: Մենք կկռվենք նրա դեմ, ապավինած աստվածների եւ հերոսների օգնության, որոնց տաճարներն ու արձանները նա անողորմաբար հրկիզեց»:

Արիստիդեսի պատասխանը Սպարտայի դեսպաններին: «Լակեդեմոնացիների վախը, թե մենք կարող ենք հաշտություն կնքել բարբարոսի հետ, խիստ մարդկային է: Բայց դուք պետք է իմանաք, որ աշխարհում չկա այնքան ոսկի եւ այնպիսի գեղեցիկ եւ բարեբեր երկիր, հանուն որի մենք հարեինք պարսիկներին եւ Հելլադան մատնեինք ստրկության: Միաժամանակ մենք մեծապես գնահատում ենք ձեր հոգատարությունը` մեր տների ավերման դեպքում պատսպարել մեր հարազատներին: Մենք կհամբերենք ինչքան հնարավոր է, որպեսզի ձեր վրա չծանրանանք: Այժմ, նման պայմաններում, շտապ զորք ուղարկեք: Մենք գիտենք, որ բարբարոսը երբ իմանա, թե մենք մերժել ենք իր բոլոր պահանջները, անհապաղ կհարձակվի մեր երկրի վրա»: (Ընդգծումը.- Ա. Ն.):

Ինչպես սիրում են հիմա ասել – no comment.

Ես այսքան մանրամասն կանգ առա երկու տարբեր պետությունների դեսպանների հետ աթենացների միաժամանակյա բանակցությունների վրա այն պատճառով, որ դրանք ձեւաչափով անսովոր էին եւ դուրս են գալիս դասական դիվանագիտության կանոնների շրջանակներից: Աթենացիներն այն աստիճան տարված էին իրենց ազատատենչության եւ հայրենասիրական գաղափարներով, որ մի կողմ դրեցին դիվանագիտական խաղերը եւ բաց ճակատով հայտարարեցին աշխարհով մեկ. ծնկի չենք գա ոչ ոքի առաջ, հայրենիքը վեր է ամեն ինչից: Սա միայն հարգանքի է արժանի, եւ սա ավելին է, քան այն դեմոկրատիան, որը հույների կարծիքով` հանդիսանում էր իրենց արտաքին քաղաքականության անկյունաքարը։

Իսկ հունապարսկական դիվանագիտական շփումները վերոհիշյալ բանակցություններից հետո զարգացան հետեւյալ կերպ: Պարսիկները կրկին փորձեցին հաշտության եզրեր գտնել հույների հետ եւ դեսպան Մյուրուքիդեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկեցին Սալամիս, որտեղ Աթենքի անկումից հետո ապաստան էին գտել հասարակ ժողովուրդը եւ Ժողովրդական ժողովն` իր ողջ աշխատակազմով: Դեսպանի, ժողովականների առաջ ելույթ ունենալուց հետո խոսք է վերցնում խորհրդական Լյուկիդեսը եւ կարծիք հայտնում, որ ավելի լավ է ընդունել պարսիկների առաջարկը: Նրա կարծիքն առաջացնում է իշխանավորների եւ հասարակ մարդկանց` դեմոսի խիստ զայրույթը: Լուրեր են տարածվում, թե նա կաշառված է պարսիկների կողմից: Դա արդեն բավական էր պոռթկման համար: Ամբոխը նրան քարկոծելով սպանում է: Հետո հանդես են գալիս կանայք: Նրանք հարձակվում են խորհրդականի տան վրա եւ նույն ձեւով սպանում նրա կնոջն ու երեխաներին:

Հելլադա, քո ուժը քո միասնության մեջ է

Աթենքի դիվանագիտությունը հիմնականում աշխատում էր երկու ուղղությամբ: Դրանցից մեկը պարսկական ուղղությունն էր, մյուսը` սպարտայականը: Եթե ոխերիմ թշնամի Պարսկաստանի հետ ամեն ինչ պարզ էր եւ խաղաղ գոյակցության մասին միայն երազել կարելի էր, ապա արյունակից Սպարտայի հետ հարկ էր չգժտվել եւ ամեն գնով լեզու գտնել` հանուն համահունական կենսական շահերի: Այս վերջին խնդիրը բավական պրոբլեմատիկ էր սպարտացիների կոշտ դիրքորոշման, ամբիցիաների եւ Հելլադայում գերակայություն ձեռք բերելու համառ ցանկության պատճառով: Իրենց նպատակին հասնելու համար լակեդեմոնացիներն օգտագործում էին յուրաքանչյուր առիթ եւ հնարավորություն, անգամ` ի վնաս ազգային շահերի: Սպարտացիներն, օրինակ, լուրջ հակամարտության մեջ մտան աթենացիների հետ` պահանջելով դադարեցնել պաշտպանական կառույցների շինարարությունը, պատճառաբանելով, որ, եթե պարսիկները գրավեն դրանք, ապա կամրանան այդ կառույցներում եւ կօգտագործեն դրանք հարձակվելու դեպքում: Անհիմն հայտարարություն: Բոլոր դեպքերում աթենացիների հայրենասիրական ազնիվ մղումները, համահունական ալյանս կազմելու համոզիչ գաղափարը, բանակցային դիվանագիտության բարձր մակարդակը տվեցին իրենց պտուղները: Սպարտացիները վերջապես Ատտիկա ուղարկեցին իրենց փառապանծ կռվողներին: Աթենքի դիվանագետները մաքոքային այցելությունների շնորհիվ 24 պոլիս-պետությունների համոզեցին իրենց զորքերը դնել Համահունական դաշնության տրամադրության տակ: Ցամաքային զորքերի թիվը կազմեց մոտ 100.000 մարդ: Աթենացիները դիվանագիտական նպատակներով շոյեցին լակեդեմոնացիների փառասիրությունը, եւ զինված ուժերի գերագույն հրամանատար նշանակվեց սպարտացի Պավսանիասը: Նավատորմի ծովակալներ դարձան աթենացի Քսանթիպպոսը եւ սպարտացի Լեւտիքիդեսը: 479 թվին հույները սկսեցին ռազմական գործողությունները երկու ուղղությամբ: Ցամաքային զորքը շարժվեց Մարդոնիոսի դեմ, իսկ ռազմանավերն ուղղություն վերցրին դեպի կայսրության Փոքր Ասիայի ափերը:

Բեովտիայում, Պլատեայի մոտ ընդհանուր գծերով կրկնվեց Մարաթոնի ճակատամարտը: Միայն այն տարբերությամբ, որ ճակատամարտի ավարտին պարսկական բանակը դադարեց ֆիզիկապես գոյություն ունենալուց: Մարդոնիոսը սպանվեց: Գերիների թիվն այնքան շատ էր, որ Պավսանիասը հրամայեց բոլորին սրատել: Առանձին դաժանությամբ հաշվեհարդար տեսան պարսիկների կողքին միասին կռվող բովտիական եւ թեսալական հունական ստորաբաժանումների հետ: Հունաստանին սպառնացող պարսկական ռազմական սպառնալիքը նահանջեց: Հելլենները որոշեցին համագործակցելով բոլոր հույների հետ` դատաստան տեսնել բարբարոսի հետ: Նրանք արշավեցին Թեբե եւ պահանջեցին հանձնել սեպարատիստներին, այսինքն` դավաճան հայրենակիցներին: Նրանց սկզբում մերժեցին, բայց ընդհանուր դատաստանի սպառնալիքի տակ դավաճաններին փոխանցեցին Պավսանիասին, որը հրամայեց բոլորին կախել:

Հաջողությունը հաջողություն է բերում, հաղթանակը` հաղթանակ: Պլատեայի ճակատամարտի նույն օրը, 479 թվի սեպտեմբերին (կոնկրետ օրը չի նշվում) հույները նշանակալի հաղթանակ ձեռք բերին Փոքր Ասիայի առափնյա ջրերում, հոնիական Մյուկալեում: Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են մեկնաբանում հունական նավատորմի` տնից այսքան հեռու նավարկելու նպատակը: Ոմանք գտնում են, որ հույները ձգտում էին ոտքի կանգնեցնել այդ տարածաշրջանում պարսիկների զավթած հունական գաղութները: Մյուսները պնդում են, թե հելլենները հետապնդում էին ավելի գլոբալ, աշխարհաքաղաքական նպատակ. ջախջախել պարսկական նավատորմը Էգեյան ծովում` զրկելով Քսերքսեսին Հունաստանում մնացած իր զորքերին օգնության հասնելու եւ հետագայում նրա դեմ մի նոր մասշտաբային արշավանք ձեռնարկելու հնարավորությունից: Այս վերջին շարժառիթն ավելի հավանական է հնչում: Իսկ երբ ռազմանավերը խարիսխ գցեցին Դելոսում, սատրապությունների հելլենները ոգեւորվեցին պարսից լուծը թոթափելու հնարավորությունից: Իոնացիները պատվիրակություն ուղարկեցին հայրենակիցների մոտ` խնդրելով ազատագրել իրենց երկիրը: Հետո հայտնվեցին երեք դեսպաններ Սամոս կղզուց, որոնք հավաստիացրին, որ բավական է հոնիացիները հորիզոնում տեսնեն հելլենական նավատորմը, իսկույն կապստամբեն պարսիկների դեմ: Դեսպանները խնդրում էին փրկել հույներին, պաշտպանել պարսիկներից: Նրանք հավաստիացնում էին, որ հեշտ է դա անել, քանի որ բարբարոսների նավերը վատ են լողում եւ չեն կարող հելլեններին դիմադրել: Իսկ եթե նրանք կասկածում են, որ հոնիացիները դավ կնյութեն, ապա իրենք պատրաստ են նրանց նավերի վրա պատանդ մնալ: Այնուհետեւ կատարվեց ծովամարտային պատմության մեջ հազվագյուտ միջադեպ. պարսիկները որոշեցին չկռվել ծովում: Նրանք ափ դուրս եկան Մյուկալե լեռան մոտ, նավերը դուրս քաշեցին ջրից եւ նրանց շուրջը պարիսպ կանգնեցրին, իսկ հետեւակը տեղադրեցին պարիսպների եւ ծովի միջեւ: 100.000 մարդ` նավատորմի անձնակազմը եւ ծովային հետեւակը: Լեւտիքիդեսի փորձերը` ծովամարտ պարտադրել հակառակորդին, անցան անարդյունք: Այնժամ հնարավորինս մոտենալով ափին` նա բարձրաձայն դիմեց հոնիացիներին. «Հոնիացի այրեր, ձեզանից ովքեր լսում են իմ խոսքերը, թող իմանան, քանզի պարսիկները ոչինչ չեն հասկանա իմ առաջարկից: Արդ, երբ մենք սկսենք մարտը, ձեզանից յուրաքանչյուրը թող հիշի իր ազատությունը, իսկ հետո մեր ռազմական նշանաբանը` «Հեբե»: Ով այժմ լսում է իմ խոսքը, թող այս բոլորը հաղորդի մյուսներին»: Իհարկե, ծովակալը չէր մտածում հելլեններին միայն ոտքի հանելու մասին: Նա քաջ գիտակցում էր, որ իր կոչից հետո պարսիկները չեն վստահի իրենց ծառայող օտարին եւ կմեկուսացնեն նրանց, ինչը կպակասեցնի նրանց մարտական պոտենցիալը: Այդ տրյուկը ժամանակին օգտագործել էր նշանավոր ծովակալ Թեմիստոկլեսը Արտեմիսիոնի ճակատամարտում: Այդպես էլ եղավ: Մարտի ամենաթեժ պահին պարսից զորքերի մեջ մտնող հելլենները ապստամբեցին բարբարոսների դեմ:

Պլատեայի եւ Մյուկալեի ճակատամարտերը կրկին անգամ ապացուցեցին, որ սպարտայական հոպլիտների մարտական ոգին եւ կռվելու տեխնիկան իր հավասարը չունի աշխարհում, եւ, որ աթենքյան նավատորմը մնում է անմրցելի:

Այդ ճակատամարտերն ունեն պատմական նշանակություն: Նրանցում դրսեւորվեցին հելլենների աննախադեպ միասնականությունն ու միաբանությունը, առանց որի օկուպանտին դիմակայելը եւ հաղթելը սին պատրանք է: Իսկ դրանց հասնելու գործում մեծ էր դիվանագիտության խաղացած դերը: Եվ հելլենները հարգեցին իրենց երդումը. «Ես կմարտնչեմ մինչեւ մահ, ես ազատությունը կյանքից բարձր կդասեմ, ես չեմ լքի իմ զորավարներին` ո՛չ կենդանի, ո՛չ մեռած, ես կկատարեմ իմ հրամանատարների հրամանները, եւ ես կթաղեմ իմ զենքի ընկերներին, որտեղ որ նրանք ընկնեն, եւ երբեք չեմ թողնի առանց հուղարկավորության»:

Այսպիսով վերջացավ պարսկական պատերազմների առաջին շրջանը: Բայց խաղաղության մասին խոսելը վաղ էր: Պետք էր մաքրել Թրակիան, ամրանալ փոքրասիական ավազանում, փշրել փյունիկեցիների մեծ ու վտանգավոր ծովային ուժը: Մյուկալեից հետո Լեւտիքիդեսը դաշնակցային նավատորմը տարավ դեպի Աբյուդոս` քանդելու Հելլեսպոնտոսի կամուրջը: Բայց այն արդեն չկար: Այնժամ Քսանթիպպոսը ձեռնարկեց առանձին, աթենական արշավանք` միայն իոնիացիների եւ հելլեսպոնտոսյան հելլենների օգնությամբ: Դա հանդուգն օպերացիա էր, որի ընթացքում նրանք պաշարեցին Սեստոսը` պարսիկների գլխավոր բազան Խերսոնում: Պաշարումը տեւեց մինչեւ ձմեռ եւ պարսիկներին մի կերպ հաջողվեց դուրս գալ շրջափակումից, սակայն կայազորի գլխավոր հրամանատարը եւ բոլոր բարձրաստիճան սպաները գերի ընկան: Հրամանատարին կախեցին, մյուսներին ազատեցին մեծ փրկագնի դիմաց: Քսերքսեսը զրկվեց նոր արշավանքի հնարավորությունից: Սակայն պատերազմը Պարսկաստանի հետ 478թ. չավարտվեց: Պարսկական ռազմական ստորաբաժանումները Հելլադայի եվրոպական մասում գոյություն ունեին մինչեւ 465 թ.: Այնպես որ, հարձակման վտանգը կախված էր Հունաստանի վրա մինչեւ 448թ., երբ Աթենքը վերջապես խաղաղության պայմանագիր կնքեց Պարսկաստանի հետ:

Ի՞նչ կարելի է մի երկու խոսքով ասել Անտիկ աշխարհի ամենամեծ հույն-պարսկական պատերազմի մասին:

Ըստ էության եւ՛ Հունաստանը, եւ՛ Պարսկաստանը, ունենալով ստրկատիրական համակարգեր, պայքարում էին իրենց կայսրությունների ծավալապաշտության եւ հզորացման նշանաբանի ներքո: Սակայն Հունաստանը նվաճում էր տարածքներ համեմատաբար խաղաղ ճանապարհով` բերելով իր հետ հելլենիստական մշակույթ, բարձր քաղաքակրթություն եւ դեմոկրատիա: Իսկ պարսիկները էքսպանսիան կիրառում էին բարբարոսական մեթոդներով` հրով եւ սրով:

Պատերազմը զուտ ռազմական գործողություններ չէին երկու կայսրությունների միջեւ: Այն բախում էր երկու աշխարհների, երկու քաղաքակրթությունների, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Եվ եթե Հունաստանն իրենով չպատնեշեր Եվրոպան, դժվար է ասել, թե ինչ կերպ կընթանար պատմությունը, եւ որտեղ կլինեինք մենք այսօր:

Շարունակելի