Զեկույց` երեք մասից

20/05/2011

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» կենտրոնը եւ «Մանդատ» տեղեկատվական հ/կ-ն երեկ ներկայացրել են «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» զեկույցը (parliamentmonitoring.am): Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է 2007 թվականից, եւ սա երրորդ զեկույցն է` կազմված երեք բաժնից: Առաջին բաժնում առանձնացված են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Երկրորդ բաժնում ներկայացված է կոալիցիայի գործունեությունը` «Ի՞նչ էին ասում եւ ի՞նչ են անում» խորագրով: Երրորդ բաժինը «Հարցեր պատգամավորին» խորագրի ներքո է, որտեղ նույն հարցաշարին պատասխանել են մի շարք պատգամավորներ: «Մեր կայքի միջոցով ընտրողը կարող է տեսնել, թե ինչպես են իր շահերը ներկայացվում խորհրդարանում, ինչքանով են ակտիվ պատգամավորները քաղաքական երկխոսություններում, որքան են բացակայել, ինչ ակտիվությամբ են գործել, ելույթ ունեցել»,- նշել է «Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի նախագահ Վարուժան Հոկտանյանը` հավելելով, թե իրենց տվյալներով` ամենից շատ քվեարկում են ՀՀԿ-ականները, ամենից շատ ելույթ ունեցել են ընդդիմադիրները: Ծրագիրը կարող է նաեւ ներկայացնել, թե ցանկացած պատգամավոր որ նիստին է ներկա եղել եւ ինչպես է քվեարկել: «Այսպես մենք փորձում ենք մշտական ուշադրության կենտրոնում պահել նաեւ ծրագրերի իրականացման ընթացքը»,- ասել է «Մանդատ» տեղեկատվական հ/կ նախագահ Լուսինե Վասլյանը: